
Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղն ահազանգ է ստացել Ծավի բնակիչներից մեկից, որը հայտնել է, որ տան ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։
Լաբորատոր հետազոտության արդյունքները
ՀՎԿԱԿ-ի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է սնդիկի՝ սահմանային թույլատրելի շեմը գերազանցող ցուցանիշ։
Հաշվի առնելով արձանագրված բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս տարբեր կետերից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված կրկնակի լաբորատոր արդյունքներով նույն ցուցանիշները վերահաստատվել են։
Ձեռնարկվող միջոցառումները
Արձանագրված շեղման մասին տեղեկացվել են բոլոր պատկան մարմինները՝ բնակչության ջրապահովման կարիքները հոգալու նպատակով։
Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում են զերծ մնալ ջրի օգտագործումից՝ թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակներով։
Այս պահի դրությամբ բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել։ ՀՎԿԱԿ-ի կողմից կիրականացվեն համայցեր՝ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։
Կառավարությունն ու համայնքապետարանը միջոցներ են ձեռնարկում մինչև խնդրի կարգավորումը գյուղի բնակիչներին անվտանգ ջրով ապահովելու համար։ Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում ջրի ախտահարման պատճառները պարզելու ուղղությամբ։
