
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Փարիզում ընթացող Միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ։
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։ 2022-ին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։ 2026-2031-ի Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։
«Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀՀ գիտական ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ի թիվս այլոց, տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները սահմանում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Սա ներառում է Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակային իրազեկությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ զարգացող ոլորտներ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ Հայաստանը մշակում է «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։
«Այս առումով, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանում բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։
Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանն այժմ զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգ, կլինի այս վերափոխման մեկ այլ կարևոր բաղադրիչ։ Համալսարաններին, հետազոտական հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին միավորելով՝ մենք մտադիր ենք ստեղծել ավելի ամուր կապեր կրթության, գիտության և արդյունաբերության միջև և ապահովել միջավայր առաջադեմ հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման համար»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների և տվյալների օգտագործողներ, այլև ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարության և տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ։
