
Ադրբեջանում այս շաբաթ երկու իրավապաշտպան և մեկ ակտիվիստ են ազատազրկման դատապարտվել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 8.5 տարվա ազատազրկման է դատապարտվել թալիշ ակտիվիստ Քամալ Իսաևին, «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տեղեկացրել են նրա հարազատները:
Դատախազը 9.5 տարվա ազատազրկում էր պահանջել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Իսաևի համար, որը հայտնի է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների մասին համացանցում իր ելույթներով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա անցյալ տարի ձերբակալվել էր Ստամբուլում և տեղափոխվել Բաքու։
Իսաևին մեղադրանք է առաջադրվել պետության դեմ բացահայտ կոչեր անելու (ՔՕ 281.2 հոդված), Ադրբեջանի տարածքային ամբողջականության խաթարմանն ուղղված ատրիբուտների և խորհրդանիշների տարածման (ՔՕ 281-1.2 հոդված) և ուժով կամ ուժի սպառնալիքով ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու (283.2.1 հոդված) համար։
Հարազատների փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը դատարանում հերքել է մեղադրանքները՝ ընդգծելով, որ Իսաևի գործունեությունն ուղղված է եղել բացառապես թալիշերեն լեզվի և ազգային-մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Փաստաբանները նշել են, որ մայրենի լեզվի զարգացումը միջազգային չափանիշներով երաշխավորված հիմնարար իրավունք է ազգային փոքրամասնությունների համար։ Դատարանում ունեցած ելույթում Իսաևը հայտարարել է, որ միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խտրականություն չի դրսևորել որևէ էթնիկ խմբի նկատմամբ և խնդրել է արդարացնել իրեն։
Անար Մամեդլիի և Անար Աբդուլլաևի դատավճիռները
Սեպտեմբերի 7-ին 13 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի նախկին ղեկավար, իրավապաշտպան Անար Մամեդլին: Նույն գործով անցնող ակտիվիստ Անար Աբդուլլաևը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, հաղորդում է OC Media-ն։
Մամեդլին ձերբակալվել էր 2024 թվականի ապրիլին՝ անկախ «Abzas Media»-ի դեմ հարուցված գործով․ սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել մաքսանենգության, ապա՝ արժույթի մաքսանենգության, անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման և փողերի լվացման հոդվածներով։ Նա հերքում է մեղադրանքները, իսկ միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, նրան ճանաչել են քաղաքական բանտարկյալ։
2025 թվականի հունիսին Ադրբեջանի իշխանությունները «Abzas Media»-ի գործով ձերբակալված մյուս աշխատակիցներին դատապարտել էին 7.5-ից մինչև 9 տարվա ազատազրկման։
Միջազգային արձագանքն ու «սև ցուցակները»
Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը հայտարարել է, որ այս դատավճիռներով պատժվում են այն լրագրողներն ու քննադատները, որոնք «բացահայտում են կառավարության չարաշահումները և մարտահրավեր են նետում նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի շահերին»։ Նա ընդգծել է, որ 2009 թվականից ի վեր իշխանությունները խստացրել են սահմանափակումները ՀԿ-ների ու անկախ մեդիայի նկատմամբ՝ փորձելով քրեականացնել նրանց գործունեությունը հարկային և արժութային վարչարարության միջոցով։
Human Rights House Foundation-ի տնօրեն Մարիա Դալեն դատավճիռն անվանել է «խորը վշտի և ամոթի օր»՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Մամեդլիին․
«Այս դատավճիռը պատիժ է Մամեդլիի՝ մարդու իրավունքների պաշտպանության, ընտրությունների մոնիթորինգի և իր հայրենիքում ժողովրդավարության համար պայքարի անկախ ու օրինական աշխատանքի համար։ Նրա դեմ մեղադրանքները լիովին քաղաքական դրդապատճառներ ունեն»,- նշել է Դալենը՝ հավելելով, որ սա երկրում անկախ քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող բռնաճնշումների լայնածավալ փուլի մաս է կազմում։
«Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տվյալներով՝ 2026 թվականի մայիսի դրությամբ Ադրբեջանում հաշվառված է 328 քաղաքական բանտարկյալ։
