
Հայաստանի կառավարությունը դիտարկում է ոռոգման ջրի տարբերակված սակագների կիրառումը, մասնավոր հատվածի ներգրավումը և ջրի շուկայի ձևավորման հնարավորությունը՝ որպես ջրային ոլորտի ավելի լայն վերափոխման մաս։ Այս մասին Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ասել է Հանրային հեռուստաընկերության Հ1-ի հետ հարցազրույցում։
Գործող սակագինն ու իրական ինքնարժեքը
Ղալամքարյանի խոսքով՝ ոռոգման ջրի գործող սակագինը մեկ խորանարդ մետրի համար 11 դրամ է, մինչդեռ որոշ վայրերում ջրի մատակարարման ինքնարժեքը պոմպակայանների աշխատանքի պատճառով կարող է հասնել 250-350 դրամի։
«Մեր երկրում կան հատվածներ, որտեղ ռելիեֆից ելնելով ջուրը պոմպակայաններով մղում ենք երկաստիճան, եռաստիճան կամ քառաստիճան։ Ոռոգման ջրի սակագինն այսօր 11 դրամ է, իսկ ինքնարժեքը կարող է հասնել 250-350 դրամի»,- նշել է Ղալամքարյանը։
Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ու տեսլականն է փորձ անել կիրառել տարբերակված սակագներ, ներգրավել մասնավոր հատվածին և ձևավորել ջրի շուկա։
Մասնավոր ներդրումներ և խոշոր տնտեսությունների պատրաստակամությունը
Որպես հնարավոր մոդել՝ Ղալամքարյանը նշել է մասնավոր ներդրողի կողմից ջրային ենթակառուցվածքների ստեղծումը․ «Օրինակ, մասնավորը մի տեղանքում, որտեղ ջրի աղբյուր կա, կարող է կառուցել ջրամբար, հիդրոէլեկտրակայան, գուցե հանգստի գոտի, հյուրանոց կամ ռեստորան, այսինքն՝ իրականացնել ներդրումային ծրագիր, իսկ կուտակված ջուրը վաճառել ֆերմերներին այլ սակագնով»։
Ջրային կոմիտեի նախագահի պնդմամբ՝ ինտենսիվ այգիներ ունեցող խոշոր տնտեսություններից մի քանիսը պատրաստ են գործողից ավելի բարձր սակագին վճարել, եթե ապահովվի հուսալի ջրամատակարարում՝ անհրաժեշտ ծավալով և ճնշմամբ։
«Նրանք բաց տեքստով ասում են՝ եթե մեզ ապահովեք հուսալի, մեր ուզած ծավալով և ճնշմամբ ոռոգման ջրով, պատրաստ ենք ոչ թե 11 դրամ վճարել, այլ 31 դրամ կամ 51 դրամ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նման տնտեսությունների համար ոռոգման ջրի հասանելիությունն անմիջականորեն կապված է բիզնեսի կայունության հետ, իսկ բույսերի համար դա «կյանքի ու մահվան հարց է»։
Սուբսիդավորումը և Ջրային կոմիտեի վերակազմավորումը
Ղալամքարյանի գնահատմամբ՝ գործող 11 դրամ սակագինը չի արտացոլում ջրի իրական արժեքը․ «Բնականաբար, բոլորս հասկանում ենք, որ 11 դրամը չի արտացոլում ջրի իրական արժեքը, իրական գինը»։ Նա հավելել է, որ կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ջրօգտագործողների ընկերություններին և մեծածախ ջուր մատակարարող կառույցին, որտեղ մեծածախ վաճառքի գինը ներկայում 1.01 դրամ է մեկ խորանարդ մետրի համար։
Տարբերակված սակագների և մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունը քննարկվում է ոլորտի ավելի լայն վերափոխման շրջանակում։ Կառավարությունը նախատեսում է Ջրային կոմիտեն վերափոխել Հողի և ջրի կոմիտեի՝ մեկ կառույցում համադրելով ջրային համակարգերի և գյուղատնտեսական հողերի կառավարման մի շարք գործառույթներ։
Ղալամքարյանի խոսքով՝ ոլորտի երկարաժամկետ նպատակներից է գյուղատնտեսությունում ավելի քիչ ջրով ավելի մեծ արդյունք ստանալը և ջրախնայող տեխնոլոգիաների կիրառումը խթանելը։
«Մենք պետք է ունենանք մեխանիզմներ, որոնք ֆերմերներին կդրդեն ավելի ջրախնայող տեխնոլոգիաներ օգտագործել՝ ինտենսիվ այգիներ, անձրևացում և այլն։ Դա թույլ կտա շատ ավելի քիչ ջրով շատ ավելի մեծ արդյունք ստեղծել»,- եզրափակել է նա՝ նշելով, որ կառավարությունը նպատակ ունի ջրային ոլորտին նայել տնտեսական տեսանկյունից՝ համակարգի վերափոխումը կապելով ավելի մեծ տնտեսական արժեք ստեղծելու հետ։
