Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/9/2026
share

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի մնացած բոլոր ավիաընկերությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Իրանի մնացած բոլոր գործող ավիաընկերությունների նկատմամբ՝ կտրուկ ավելացնելով ճնշումը իրանական ավիացիոն ոլորտի վրա։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ է սահմանել 36 թիրախների նկատմամբ, այդ թվում՝ 27 իրանական ավիաընկերության, ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների և մեկ անձի նկատմամբ, որը մեղադրվում է Իրանի պատժամիջոցների տակ գտնվող ավիացիոն ցանցերին ինքնաթիռներ, ինքնաթիռների մասեր և այլ տեխնոլոգիաներ ձեռք բերելու գործում օգնելու համար։

Վաշինգտոնի հիմնավորումն ու սպառնալիքը

Թեհրանի նկատմամբ օգոստոսի 24-ին «տնտեսական պատերազմ» հայտարարելուց հետո սա առաջին դեպքն է, երբ Վաշինգտոնը նոր որոշում է կիրառում Իրանի ավիացիոն ոլորտի դեմ՝ երկրի մնացած ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ոլորտն Իրանի կառավարության կողմից օգտագործվում է զենքի, անձնակազմի և անօրինական բեռների տեղափոխման համար։

«Թող սա նախազգուշացում լինի Իրանի մնացած ավիաընկերությունների հետ գործարքներ կնքող յուրաքանչյուրի համար, որոնց նկատմամբ մենք այսօր պատժամիջոցներ կիրառեցինք. դուք համաշխարհային ֆինանսական համակարգից կտրվելու վտանգի տակ եք», - դիմելով Իրանի ղեկավարությանը՝ ասել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի իր արշավից՝ «ուղղված իրանական ռեժիմի ֆինանսական ուղիները, այդ թվում՝ ավիացիոն ոլորտը, փակելուն»։

Սև ցուցակում հայտնված ընկերությունները և ռազմական բախումը

Պատժամիջոցների տակ հայտնված ավիաուղիներն են՝ Iran Aseman Airlines-ը, Iran Airtour-ը, Kish Airlines-ը, Qeshm Air-ը, Karun Airlines-ը, Sepehran Airlines-ը և մի շարք այլ ավիաուղիներ:

Պատժամիջոցների մասին հայտնի դառնալուց ժամեր անց ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել: ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանն էլ հայտարարել է՝ Հորմուզում 10 նավի է հարվածել, որոնցից 2-ը՝ ամերիկյան:

 

Աղբյուր՝  «Ազատություն» ռադիոկայան

facebook sharing button facebook