Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/9/2026
share

Ծանր մետաղներ՝ շրջակա միջավայրում և մարդկանց օրգանիզմում․ ներկայացվել են նոր հետազոտության արդյունքները (տեսանյութ)

Սյունիքի հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում իրականացված նոր հետազոտությունը ծանր մետաղներ է հայտնաբերել շրջակա միջավայրում և մարդկանց կենսաբանական նմուշներում։

Հետազոտությունն ընդգրկել է Կապանը, Քաջարանը, Գեղանուշը, Աճանանը, Գոմարանը և Սյունիք գյուղը։

Վեց համայնքներից հետազոտությանը մասնակցած բոլոր 62 մասնակիցների մոտ, այդ թվում՝ երեխաների, հայտնաբերվել է մկնդեղ, մոլիբդեն և նիկել։

 

Հետազոտությունն իրականացրել է չեխական «Առնիկա» կազմակերպությունը հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» ՀԿ-ների հետ համատեղ՝ «Հայաստանի հանքարդյունաբերական շրջանների էկոլոգիական փոխակերպում» ծրագրի շրջանակում՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Արդյունքները օգոստոսի 28-ին Երևանում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» համաժողովի ընթացքում ներկայացրին «Առնիկա»-ի փորձագետները։

 

«Արդեն չորս տարի է մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ։ Եւ ունենք այս բացառիկ հետազոտությունը։ Իհարկե, ես փորձագետ չեմ, բայց գիտեմ՝ «Առնիկա»-ն շատ պրոֆեսիոնալ կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացրել արտասահմանյան շատ երկրներում։ Այդ պատճառով՝ վստահ եմ, որ սա պատշաճ (relevant) հետազոտություն է։ Հուսով եմ, որ այս տվյալները հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգտագործել ի նպաստ Հայաստանում  շրջակա միջավայրի բարելավման»,-համաժողովի ժամանակ նշեց ՀՀ-ում Չեխիայի փոխդեսպանը։

 

Մեզի կենսամոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ մոլիբդենի ու նիկելի պարունակությունը ընդհանուր առմամբ ավելի բարձր է եղել կանանց մոտ, մինչդեռ մկնդեղի միջին պարունակությունը ավելի բարձր է եղել տղամարդկանց մոտ։

Հետազոտողների խոսքով՝ ծանր մետաղների ազդեցության ուսումնասիրության դեպքում երեխաներն առանձնահատուկ խումբ են, քանի որ նրանց զարգացող օրգանիզմը կարող է ավելի խոցելի լինել շրջակա միջավայրի աղտոտիչների նկատմամբ։

Մարդկանց կենսանմուշներից բացի, 2025թ․-ին հետազոտողները Սյունիքի բնակավայրերից հավաքել են շրջակա միջավայրի 20 նմուշ՝ 15 փոշու, 4 նստվածքի և մեկ հողի նմուշ, որոնք հետազոտվել են Պրահայի հավատարմագրված լաբորատորիայում՝ պարզելու դրանցում սնդիկի, կապարի, կադմիումի, պնձի, նիկելի, մկնդեղի պարունակությունը։

Ամենաբարձր պղնձային աղտոտումը գրանցվել է Քաջարանի տարածքում․ փոշում պղնձի առավելագույն կոնցենտրացիան կազմել է 998 մգ/կգ, իսկ նստվածքներում՝ 2314 մգ/կգ։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ նստվածքներում պղնձի նման կոնցենտրացիան 11.7 անգամ գերազանցել է Կանադայի Probable Effects Level (PEL) համեմատական շեմը։ Մկնդեղի դեպքում համեմատական շեմի գերազանցումը կազմել է 2.6 անգամ։

 

«Այս հետազոտության ամենավտանգավոր բանը դա մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներն են։ Հետազոտությունը, օրինակ, մկնդեղի մեծ պարունակություն է բացահայտել, որը քաղցկեղածին հիվանդությունների ռիսկ է պարունակում։ Այս հետազոտությունը նախադեպային է նրանով, նախկինում Սյունքիում և Արջուտում մենք փոշու հետազոտություն չենք արել, ինչը հիմա մեզ նոր տեղեկություններ է հաղորդում։ Մեր նպատակն առաջին հերթին մարդկանց տեղեկացնելն է, գիտական տվյալներ տրամադրելը, որպեսզի տեղի բնակիչներն այս տվյալները որպես փաստարկ ունենալով, կարողանան երկխոսության մեջ մտնվել տեղական իշխանությունների հետ»,- ասում է «Առնիկա»-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Գրիգորի Մալյուկովը։

 

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է՝ եվրոպական հեղինակավոր լաբորատորիաներում իրականացված հետազոտությունները չեն կարող կասկածի տեղիք տալ։ Դրա համար տարակուսում է՝ որ հետազոտության արդյունքներին ծանոթանալու նպատակով ո՛չ Առողջապահության, ո՛չ ՇՄ նախարարությունից ներկայացուցիչ չի եկել։ Հրավերին արձագանքել է միայն ՆԳՆ նախարարությունը։

Ինգա Զարաֆյանի խոսքով՝ այս հետազոտությունների պատճառով թե՛ «Առնիկա»-ն, թե՛ հայաստանյան գործընկերները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «էկոլուր» ՀԿ-ները հաճախ են թիրախավորվում։

 

Չեխիայի փոխդեսպանը նշում է, որ այս խնդիրներին լուծում գտնելը և դրական փոփոխությունների հասնելը երկար և համբերատար աշխատանք է պահանջում․

«Սա, ինչ խոսք, երկար փոփոխության ճանապարհ է, որովհետև այն բերում է նաև որոշակի դիմադրություն արդյունաբերողների կողմից: Շատ դեպքերում այդ հանքարդյունաբերողները օտարեկրացիներ են, ինչը ավելի է բարդացնում խնդիրը: Այդ փոփոխությունները հնարավոր չեն լինի՝ առանց բնակիչների, քաղհասարակության կազմակերպությունների և կառավարության միջամտության»:

 

Զեկույցի հեղինակները նշում են՝ շրջակա միջավայրի ու բնակչության առողջության հնարավոր ռիսկերի ավելի մանրամասն գնահատման համար անհրաժեշտ է հետագա անկախ ուսումնասիրություն, մշտադիտարկում և պետական արձագանք։

facebook sharing button facebook