Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/9/2026
share

Դալմայի այգիների նախագիծը COP17-ին ներկայացնելու համար պատրաստ չէ․ Ավինյանը դժգոհ է

COP17 բնապահպանական գագաթնաժողովին նախատեսվում է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի առանցքային ծրագրերից մեկը՝ Դալմայի այգիների բարեկարգման նախագիծը։ Սեպտեմբերի 7-ի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին, սակայն, պարզվել է, որ քաղաքային իշխանությունները մինչ օրս չունեն պատրաստի նախագիծ և կատարված գործնական աշխատանքներ։

Նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP17-ի շրջանակում Երևանը պատրաստվում է ընդունել շուրջ 15,000 հյուրի։ Նա աշխատակազմից հետաքրքրվեց Դալմայի այգիների նախագծի ընթացքից, քանի որ քաղաքապետարանն այն պետք է ներկայացնի առանձին տաղավարով։ Աշխատակազմից պարզաբանեցին, որ այս փուլում ուսումնասիրվում են գույքն ու կենսաբազմազանությունը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։

Էսքիզային նախագծի բացակայությունն ու ձգձգումները

Ավինյանի հարցին, թե արդյոք առկա է էսքիզային նախագիծ, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը պատասխանեց, որ մրցույթն ամփոփման փուլում է։ Նա հավելեց, որ գործընկեր Ասիական զարգացման բանկն օրերս է քաղաքապետարանին ներկայացրել որոշակի դիտարկումներ։

«Մենք ամփոփում ենք ու այս շաբաթվա ընթացքում վերջնական փաթեթը կներկայացնենք իրենց։ Ես կարծում եմ, որ այս ամսվա ընթացքում մենք կունենանք հաղթող ընկերություն»,- ասաց Բաբայանը՝ հույս հայտնելով, որ COP17-ին միգուցե ունենան «որոշակի լուծումներ»։

«Այդ «որևէ բանը» արդեն վախեցնում է ինձ»․ քաղաքապետի արձագանքը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց հնչեցված մտքի հետ․

«Այս տեմպով տեսնում եմ, որ չենք ունենա լուծումներ։ Եթե երկու ամիս նրանք են քննարկել, մինչև դուք ընտրեք ուշ կլինի, արդեն սեպտեմբեր ամիսն է։ Մենք չենք ունենա արդյունք, սա արդեն փաստ է։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ տեղյակ չեմ, որ այսպես ձգձգվում է գործընթացը»,- հարցրեց Ավինյանը։

Բաբայանն արձագանքեց, որ գործընկեր բանկը հավաստիացրել է, թե խնդիր չի առաջանա «որևէ բան ցուցադրելու համար»։

«Այդ «որևէ բանը» արդեն վախեցնում է ինձ․ եթե պետք է էնքան որ խզբզեն, ինչ-որ մեկն ինչ-որ մի բան, ավելի լավ է չխզբզեն։ Խզբզողներից մենք էլ ունենք, կարող ենք նրանց խնդրել՝ խզբզեն, դրա համար պետք չէ մեծ գումարներ վճարել»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով հետագայում մանրամասն զեկուցել, թե ինչու է ստեղծվել այս վիճակը։

facebook sharing button facebook