Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/9/2026
share

Անտառային հրդեհներն ու անոմալ շոգը վտանգում են օդի որակն ու մարդկանց առողջությունը․ ՄԱԿ-ի ահազանգը

Անտառային հրդեհներն ու անոմալ շոգը, որոնք մթնոլորտում առաջացնում են միկրոսկոպիկ աղտոտիչներ, սպառնում են խաթարել օդի որակի բարելավման, մարդկանց առողջության պահպանման և բնության պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերը։ Սեպտեմբերի 7-ին հրապարակված զեկույցում այս մասին ահազանգել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ)։

ՄԱԿ-ի եղանակի և կլիմայի հարցերով գործակալությունն ընդգծում է օդի աղտոտվածության և կլիմայի փոփոխության միջև կապը, որը, գիտնականների գնահատմամբ, հանգեցնում է ավելի հաճախակի ու ինտենսիվ ջերմային ալիքների և հրդեհների։

«Ծայրահեղ անտառային հրդեհներն ավելանում են՝ ծխի բարձր թունավորության պատճառով հանգեցնելով առողջապահական լուրջ հետևանքների»,- նշված է ՀՕԿ-ի Օդի որակի և կլիմայի ամենամյա զեկույցում (Air Quality and Climate Bulletin)։

Կազմակերպության արձանագրմամբ՝ չնայած Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սահմանված կարգավորումները նվազեցրել են արդյունաբերության ու տրանսպորտի արտանետած PM2.5 մասնիկների քանակը, հրդեհների հետևանքով առաջացող PM2.5-ի ազդեցությունն ավելացել է։

PM2.5 կոշտ մասնիկները կազմված են 2․5 միկրոմետրից պակաս տրամագիծ ունեցող միկրոսկոպիկ մասնիկներից և կաթիլներից, որոնք առողջապահական վտանգ են ներկայացնում, քանի որ թափանցում են թոքերի խորքային հատվածներ և արյան մեջ։ Դրանք արտանետվում են հանածո վառելիքով աշխատող արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից, կենցաղային ջեռուցումից և տրանսպորտից, ինչպես նաև անտառային հրդեհներից ու փոշու փոթորիկներից։

Զեկույցում նշվում է, որ աշխարհին անհրաժեշտ է առավել արդյունավետ մոնիթորինգի ենթարկել օդի աղտոտիչները, ինչպիսիք են աերոզոլները (ներառյալ սև ածխածինը և միկրոպլաստիկը), մանր մասնիկները և գետնամերձ օզոնը։ Այս աղտոտիչները բավարար չափով չեն վերահսկվում, թեև լայնորեն տարածված են և վնասակար են էկոհամակարգերի համար։

«Անհրաժեշտ են օդի որակի և կլիմայի վերաբերյալ լրացուցիչ ու համակարգված քաղաքականություններ, քանի որ դրանց հետ չի կարելի վարվել առանձնացված»,- նշում է ՀՕԿ-ը։

Թունավոր անտառային ծուխը

«Օդի որակը և կլիմայի փոփոխությունը չեն կարող դիտարկվել առանձին․ եթե մեկը վատթարանում է, վատթարանում է նաև մյուսը»,- AFP-ին հայտնել է ՀՕԿ-ի «Գլոբալ մթնոլորտի դիտարկում» գիտնականների ցանցի ներկայացուցիչ Լորենցո Լաբրադորը։

Նրա փոխանցմամբ՝ համեմատաբար ուժեղ անտառային հրդեհների գոտիներում արձանագրվում է մանր մասնիկներով բարձր աղտոտվածություն։ Բուսականության այրումից առաջացած միկրոմասնիկները շատ ավելի թունավոր են, քան այլ աղբյուրներից, այդ թվում՝ ավտոմեքենաների արտանետումներից առաջացածները։

Դրանք քամու միջոցով տարածվում և վնասում են հրդեհի օջախից հեռու ապրող մարդկանց ու վայրի բնությանը, սակայն դրանց թունավոր ազդեցությունը բավարար չափով հաշվի չի առնվում օդի որակի գնահատումներում։

«PM2.5-ի ընդհանուր խտության վրա հիմնված ռիսկերի ավանդական մոդելները կարող են մինչև 93%-ով թերագնահատել անտառային հրդեհներով պայմանավորված մահացությունը»,- արձանագրում է ՀՕԿ-ը։

Զեկույցում վկայակոչված ուսումնասիրության համաձայն՝ հրդեհային ծխի ծայրահեղ դեպքերն աշխարհում եռապատկվել են 1990-ականներից ի վեր․ 2010-2018 թվականներին դրանք պատճառ են դարձել տարեկան շուրջ 100,000 հավելյալ մահվան (ինչը ևս կարող է թերագնահատված ցուցանիշ լինել)։

Օզոնի, սոտի և միկրոպլաստիկի ռիսկերը

Առողջական լուրջ ռիսկեր է պարունակում նաև գետնամերձ օզոնը, որը կուտակվում է ջերմաստիճանի բարձրացման, մթնոլորտային պասիվ պայմանների և ինտենսիվ արևային ճառագայթման ժամանակ (ինչպիսիք արձանագրվել են Չինաստանում, Եվրոպայում և ԱՄՆ հարավ-արևելքում)։

«Օզոնային աղտոտվածության այս ավելացված ազդեցությունը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր հավելյալ վաղաժամ մահերի»,- հատկապես շնչառական հիվանդությունների պատճառով, ահազանգում է կազմակերպությունը։

Մտահոգիչ են նաև աերոզոլային մասնիկները, որոնք կարող են տեղափոխվել աղբյուրից հեռու գտնվող օվկիանոսներ ու ցամաքամասեր՝ փոխելով մթնոլորտի կողմից արևի լույսի արտացոլումը, հողի ու ջրի քիմիական հատկությունները և աղտոտելով մաքուր միջավայրերը։

Սոտի (սև ածխածնի) նստեցումը ձյան և սառույցի վրա նվազեցնում է արտացոլվող արևի լույսի քանակը՝ արագացնելով հալման գործընթացը։

Միկրոպլաստիկը, որն առաջանում է արևի լույսից կամ այլ գործոններից պլաստիկի քայքայման հետևանքով, առկա է ամենուր՝ օդում, հողում և օվկիանոսներում։

Ըստ ՀՕԿ-ի մոդելավորման՝ ցամաքում առկա է 51 միլիոն տոննա, իսկ օվկիանոսում՝ 22 միլիոն տոննա միկրոպլաստիկ, որոնք իրենց հերթին մթնոլորտի համար աղտոտման աղբյուր են դառնում։

«Քանի որ պլաստիկի արտադրությունը և անառաջադեմ կառավարվող թափոններն ավելանում են», օդային ուղիների մոնիթորինգը, որոնք միկրոպլաստիկը տեղափոխում են հեռավոր միջավայրեր, կլինի վճռորոշ, եզրափակում է զեկույցը։

facebook sharing button facebook