
Բրազիլական դատարանը որոշում է կայացրել կասեցնել Sigma Lithium ընկերությանը պատկանող Grota do Cirilo հանքավայրի բնապահպանական լիցենզիաներն ու շահագործումը։
Հայցվոր կողմը պնդում է, որ հանքավայրը գտնվում է Բաու Կիլոմբոլա ավանդական համայնքի անմիջական ազդեցության գոտում: Կիլոմբոլաները պետության պաշտպանության տակ գտնվող աֆրիկյան ծագմամբ համայնքներ են, որոնց տարածքներում շահագործման ծրագրերը պահանջում են հատուկ և ընդլայնված լիցենզավորում։
Դատարանի հիմնավորումն ու ռիսկերը
Դատավոր Անտոնիո Լուսիո Տուլիո դե Օլիվեյրա Բարբոսան նշել է, որ առկա են բավարար ապացույցներ, որ Բաուի տարածքը հանքավայրի ազդեցության գոտում է։ Սա ենթադրում է, որ ընկերությունը պարտավոր էր նախապես տեղեկացնել համայնքին և խորհրդակցություններ անցկացնել բնակիչների հետ։
Ըստ ուսումնասիրությունների՝ համայնքը հանքավայրի ազդեցության գոտուց գտնվում է 2,7 կմ հեռավորության վրա՝ պահանջվող 8 կմ սահմանային հեռավորության փոխարեն։ Դատավորն ընդգծել է, որ ավանդական տարածքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա պարբերաբար իրականացվող պայթեցումներն ու հողային աշխատանքները վտանգ են ներկայացնում բնակիչների համար։
Տուգանքի ռիսկ և անկախ փորձաքննություն
Դատարանի որոշմամբ արգելվում է Մինաս Ժերայս նահանգին նոր լիցենզիաներ տրամադրել, իսկ աշխատանքները շարունակելու դեպքում Sigma Lithium-ի նկատմամբ կկիրառվեն տուգանքներ:
Ընկերությունը պնդում է, որ նախագիծը գտնվում է ազդեցության գոտուց դուրս: Ստույգ հեռավորությունը որոշելու նպատակով դատարանը նշանակել է անկախ տեղորոշիչ (georeferencing) փորձաքննություն։
Grota do Cirilo-ն Sigma Lithium-ի միակ գործող ակտիվն է, որի տարեկան արտադրողականությունը կազմում է 330,000 տոննա լիթիումի օքսիդի խտանյութ: Ընկերությունը չի արձագանքել մեկնաբանություն ստանալու հարցումներին:
Աղբյուրը` Reuters
