
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Երևանի բնակչուհի Ս․Դ․-ն երկու կնոջ համար ստեղծել է ֆինանսական կախվածություն՝ նրանց շուկայականից մի քանի անգամ թանկ ապրանքներ վաճառելով և պարտքերը շարունակաբար ավելացնելով, ապա բռնության կամ դրա սպառնալիքով պարտադրել է մինչև ուշ գիշեր գումար վաստակել և փոխանցել իրեն։ Տուժողները շահագործումից դուրս են եկել միայն իրավապահներին դիմելուց հետո։ Ս․Դ․-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում մարդու թրաֆիքինգի երկու դրվագով։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Դ.-ն մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց համար ծուղակ և ֆինանսական կախվածություն ստեղծելով՝ սեռական շահագործման է ենթարկել նրանց։ Մասնավորապես՝ Ս.Դ.-ն 2 տուժողներին շուկայականից մոտ 5 անգամ ավելի թանկ արժեքով կենցաղային ապրանքներ ու հագուստ վաճառելով, որպես նոր պարտք հաշվարկելով նաև ցուրտ եղանակից իբր պատսպարվելու միջոց ծառայող ավտոմեքենայի օրավարձի, ինչպես նաև ձեռք բերված նոր ավտոմեքենայի գումարները՝ խորացրել է նրանց ֆինանսական կախվածությունը։ Արդյունքում, մինչև 2026 թվականի մայիսը, չնայած վերջիններիս կողմից Ս.Դ-ին օրական տված գումարներին՝ նրանց պարտքերը ավելացել են` մի դեպքում 9 մլն դրամից հասնելով ավելի քան 12 մլն դրամի, մյուս դեպքում` 3 մլն-ից հասնելով ավելի քան 15 մլն դրամի։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ս.Դ.-ն, օգտագործելով տուժողների մոտ առաջացած ֆինանսական խոցելի վիճակն ու կախվածությունը, նրանց պահելով մշտական հսկողության տակ՝ բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պարտադրել է նրանց մինչև ուշ գիշեր կամ հաջորդ օրվա առավոտ մնալ դրսում՝ իր սահմանած գումարները վաստակելու և իրեն փոխանցելու նպատակով։ Տուժողներին հաջողվել է շահագործումից դուրս գալ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո: Նախաքննության ընթացքում Ս.Դ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը) (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է ՀՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում։
