
Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի, հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։
«Այսօր ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ:
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են նախարարությունից։
Վերջին ամիսներին Բյուրեղավանում հաճախ են մարդիկ բուժօգնության դիմում աղիքային վարակին բնորոշ գանգատներով։ Հուլիսի վերջին Բյուրեղավան համայնքում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել էին ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից պարզաբանել էին, որ ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդորում է ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։
«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։
Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են կոնտրոնից։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը վերջին շրջանում ակտիվ բարձրաձայնում է խմելու ջրի հետ կապված խնդիրները։ Անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրվող աղիքային խնդիրներին, Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս անգամ պետական հետազոտություններին զուգահեռ մեր նմուշառումն էլ կանենք։ Որովհետև չորս ամսում երրորդ դեպքը նշանակում է՝ կա խնդիր, որը կամ չեն գտնում, կամ չեն կարողանում լուծել, կամ չեն ուզում գտնել։
«Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցը վերջնականացման փուլում է և վերաբերում է ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին։ Իսկ Բյուրեղավանի այս դեպքերն արդեն կոնկրետ թունավորման հատկանիշներ են պարունակում և պետք է առանձին հասցեագրվեն, փաստաթղթավորվեն ու ապացուցողական բազայով ամրագրվեն, որպեսզի տուժած բյուրեղավանցիները ևս կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»։
