Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/9/2026
share

Հայաստանի բոլոր բնակավայրերն ունեն խմելու և ոռոգման ջրի էական խնդիրներ. վարչապետ

Հայաստանի բոլոր բնակավայրերում խմելու և ոռոգման ջրի մատակարարման ոլորտում առկա են էական և շոշափելի խնդիրներ։ Այս մասին սեպտեմբերի 4-ին «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ոռոգման համակարգի անարդյունավետությունը

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վարելահողերի ու այգիների միայն փոքր մասն ունի ոռոգման հասանելիություն, իսկ առկա տեխնոլոգիաներն անարդյունավետ են և հանգեցնում են ջրային ռեսուրսների գերծախսի։

«Մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի։ Այն հատվածներում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա է ոռոգման տեխնոլոգիաները և որակը։ Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք, այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար»,- ասել է վարչապետը։

Ամայի հողեր և կեղտաջրերի մաքրման խնդիրը

Նա նշել է, որ Հայաստանում կան հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, որոնք կարող էին օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով, սակայն ջրի բացակայության պատճառով մնում են անմշակ։ Բացի այդ, երկրում լուրջ խնդիր է օգտագործված ջրերի մաքրումը, որը ներկայումս բացառություն է, այլ ոչ թե կանոն՝ առաջացնելով բնապահպանական և առողջապահական հետևանքներ։

«Ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ ակնհայտորեն բերում է հետևանքներ։ Մենք նույնիսկ շատ հետևանքների հետագծելիությունն ի վիճակի չենք տեսնել և տեղորոշել, բայց ակնհայտ է, որ մենք այս պրոբլեմն ունենք»,- ասել է վարչապետը։

Կառավարման ռազմավարությունն ու սակագները

Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարմանը՝ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում ձևավորվում է բավարար ջրային պաշար, սակայն անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ կուտակման համակարգեր։ Կառավարությունը նախատեսում է մշակել ջրային ոլորտի բարեփոխումների գործնական ճանապարհային քարտեզ՝ ներգրավելով պետական մարմիններին, փորձագիտական հանրությանը, մասնավոր հատվածին և համայնքներին։

Վարչապետը նաև ընդգծել է ջրի նկատմամբ տնտեսական վերաբերմունքի և հիմնավորված սակագնային քաղաքականության անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ գործող սակագները չեն արտացոլում իրականությունը, իսկ ոռոգման համակարգը մեծապես սուբսիդավորվում է պետության կողմից։ Կառավարությունը նպատակ ունի ազատականացնել ջրային շուկան և ստեղծել պայմաններ մասնավոր ներդրումների համար՝ ջուրը դարձնելով շուկայական հարաբերությունների առարկա։

facebook sharing button facebook