
Մսամթերքի առուվաճառքով զբաղվող երեք քաղաքացի՝ Զ.Մ.-ն, Վ.Խ.-ն և Ս.Յ.-ն, 2022 թվականի ընթացքում կեղծ փաստաթղթերով միս են իրացրել։ Նրանք անասնաբուժական վկայականները ձեռք են բերել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող Վ.Բ.-ից, որոնցում նշված է եղել, թե իբր խոշոր եղջերավոր անասունները սպանդանոցում ենթարկվել են անասնաբուժասանիտարական փորձաքննության և մթերվել տեղում։
Զ․Մ․-ի, Վ․Խ․-ի և Ս․Յ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր պատրաստելը, իրացնելը կամ օգտագործելը)։
Ինչ վերաբերում է կեղծ վկայականները տրամադրած Վ.Բ.-ին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով։ Մինչ այդ նրան մեղադրանք էր առաջադրվել կեղծ փաստաթղթեր պատրաստելու ու օգտագործելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության համար։
Քրեական վարույթն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին։
