
Հայաստանը ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամից 80 մլն եվրոյի վարկ կստանա։ Կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել այդ վարկային համաձայնագրի հաստատմանը։
Նախագծի համաձայն՝ վարկային միջոցները պետք է օգտագործվեն մինչև սեպտեմբերի 30-ը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը միտված է երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։
Ծրագիրը ներառում է ներդրումային, մաքսային, տնտեսական մրցակցության, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտների բարեփոխումներ։ Մասնավորապես, ընդունվել են «Ներդրումների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքները, մաքսային համակարգում ներդրվել է միասնական մաքսային հաշիվ, ինչպես նաև ընդլայնվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները։ Բարեփոխումները շոշափում են նաև կանաչ տնտեսության անցման, կլիմայական օրենսդրության և արտանետումների կառավարման ուղղությունները։
Վարկը տրամադրվում է 18 տարի ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ։ Վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է՝ կազմված 6-ամսյա EURIBOR-ից և 1,56 տոկոսից, որը 2026-ի հուլիսի դրությամբ կազմել է 4,241 տոկոս։ Մայր գումարի մարումն իրականացվելու է 2031-ի հուլիսից մինչև 2044-ի հունվարը։
