Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/9/2026
share

4 մլրդ դրամ կուղղվի սեպտեմբերին գյուղարտահանման աջակցությանը

Կառավարությունն ընդլայնում է գյուղատնտեսական արտահանման պետական աջակցության ցանցը՝ սեպտեմբեր ամսվա համար տրամադրելով շուրջ 4 մլրդ դրամի փոխհատուցում։

Սեպտեմբերի 3-ի նիստում գործադիրը հավանություն է տվել համապատասխան նախագծին, որով ծրագրի ժամկետը երկարաձգվում է մինչև ամսվա վերջ՝ պետական բյուջեից ուղղելով շուրջ 4 մլրդ դրամ, որից 525 մլն-ը՝ վերամշակման ոլորտին։

Նոր փաթեթով սեպտեմբերի համար հստակեցվել են փոխհատուցման կոնկրետ սակագները․ խնձորի, տանձի և խաղողի համար սահմանվել է 150-ական, իսկ սալորի, դեղձի, նեկտարինի ու թզի համար՝ 200-ական դրամ յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։ Աջակցություն կտրամադրվի նաև ռազմավարական նշանակություն ունեցող խմիչքների և բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտահանմանը, այդ թվում՝ շշալցված հայկական կոնյակի յուրաքանչյուր բացարձակ լիտրի դիմաց 830 դրամի, իսկ տոմատի մածուկի համար՝ 150 դրամի չափով։

Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կշարունակվի վերամշակման նպատակով մթերվող դեղձի և Սյունիքի մարզից մթերվող թզի սուբսիդավորումը՝ 125 դրամ կիլոգրամի դիմաց։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ հունիս-օգոստոս ամիսներին ծրագրի շրջանակում հայկական գյուղմթերքն ու խմիչքներն արդեն արտահանվել են 24 երկիր՝ ապահովելով բարձր ցուցանիշներ։

Սեպտեմբերյան վերանայումների արդյունքում ցանկից սեզոնային գործոնով պայմանավորված հանվել են կեռասը, ազնվամորին, մոշը և հոնը, մինչդեռ նոր ուղղություններով և ծավալներով ակնկալվում է արտահանման շուկաների հետագա դիվերսիֆիկացիա և տնտեսավարողների բնականոն գործունեության ապահովում։

facebook sharing button facebook