Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/9/2026
share

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է․ ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել Խաչատրյանին պատգարակով տեղափոխման տեսանյութից հետո

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։ 

ՄԻՊ-ի արձագանքն ու քննարկման ընթացակարգը

Տեսանյութի տարածումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ այս պահին այց է իրականացվում քրեակատարողական հիմնարկ՝ անձի հետ առանձնազրույց ունենալու և նրա իրավունքների ապահովմանն առնչվող հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Հարցին առնչվող հիմնական հանգամանքները պարզելու նպատակով պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։ ՄԻՊ աշխատակազմից նշում են, որ այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո հնարավոր կլինի ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։ Հրապարակման ենթակա տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի լրացուցիչ։

Պատգարակով տեղափոխումը և առողջական վիճակը

Նախօրեին համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանին անկողնուց պառկած վիճակում պատգարակով տեղափոխում դատարան։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ ցավից, գոռում։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահը քաղցկեղով է տառապում և նախկինում բուժում է ստացել Գերմանիայում: Վերջին տարիներին, սակայն, դատարանն արգելել է նրա ելքը երկրից։

Դատախազությունից, անդրադառնալով նրա առողջական վիճակին, հայտնել են, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատական միջամտության կարիք չի ունեցել։ Ըստ իրավապահ մարմնի՝ դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո, որից, սակայն, Խաչատրյանը հրաժարվել է:

Նոր քրեական վարույթ, խուզարկություններ և նախկին միջնորդությունը

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ են իրականացվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում: Խուզարկություններ են կատարվել նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։

Գլխավոր դատախազությունից հստակեցրել են, որ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում․ այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը և հանցավոր ճանապարհով ստացված գումարների ծագումը քողարկելուն։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում ՔԿ-ն դարձյալ միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ, սակայն Հակակոռուպցիոն դատարանն այն ժամանակ մերժել էր այն:

Պահանջվում է բռնագանձել միլիարդավոր դրամների գույք ու ակտիվներ

Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում Գլխավոր դատախազությունը ֆինանսների նախկին նախարարից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջում է բռնագանձել օրենքով չհիմնավորված հետևյալ ակտիվները․

  • 193 անշարժ գույք (որից 46-ը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 89-ը՝ Կոտայքի մարզում),

  • 29 իրավաբանական անձանցում մասնակցություն (այդ թվում՝ «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ում և «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ում),

  • 14 շարժական գույք,

  • շուրջ 1,451 մլն ԱՄՆ դոլարի ձեռքբերված պարտատոմսեր,

  • շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,

  • շուրջ 23 մլն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 մլն 806 հազար դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,

  • շուրջ 17 մլրդ 761,5 մլն դրամ։

facebook sharing button facebook