Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/9/2026
share

Պայքար ջրի համար․ լճերի չորացում և ձկների մասսայական անկում Հունգարիայի խոշորագույն ձկնաբուծարաններից մեկում

Հունգարիայի ամենախոշոր ձկնաբուծական համալիրներից մեկում՝ Բուդապեշտից հարավ գտնվող Ռետիմայորում, օգոստոսին հարյուրավոր տոննաներով ձուկ է սատկել։

Մոտ 800 հեկտար ջրային մակերես ունեցող այս լճային համակարգը նախկին Շարրետ ճահճուտների պահպանված հատվածն է։ Դրա ներկայիս սեփականատերը՝ Ֆերենց Լևային, տարածքը սեփականաշնորհել է 1994 թվականին և այն վերածել ինտեգրված ագրոտուրիստական տնտեսության, թեև եկամտի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ձկնաբուծությունը։

Տարբեր խորության ծանծաղ, սննդանյութերով հարուստ լճերից, եղեգնուտներից, կղզյակներից ու ցեխոտ ափերից կազմված այս համակարգը ջրային թռչունների համար բացառիկ և անփոխարինելի բնակամիջավայր է ապահովում։ Ռետսիլաշի լճերն ու դրանց հարակից տարածքները Եվրոպայի ամենախիստ պահպանվող տարածքներից են․ Natura 2000 կարգավիճակից բացի, դրանք, Ռամսարի կոնվենցիայի համաձայն, միջազգային նշանակության ջրային տարածքներ են։

Ձկները՝  30 սանտիմետր ջրի շերտում

«Aranyponty Zrt.» ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Ֆերենց Լևային կարծում է, որ խնդիրն առաջացել է ջրային ռեսուրսների կառավարման մարմինների, մասնավորապես՝ Միջին Դանուբի ջրային տնօրինության պատճառով, որոնք ոռոգման նպատակով ջուրը պահել են լճերից վերև գտնվող հատվածում։

«Մեր գնահատմամբ՝ ջրի չափազանց վատ բաշխման պատճառով մեզ շատ քիչ ջուր հասավ․ մենք չկարողացանք ապահովել անգամ այն էկոլոգիական մակարդակը (ջրային մակերեսի առնվազն 50%-ը), որն օրենքով հասնում է Հունգարիայի ամենապահպանվող տարածքին»,-  հայտնել է Լևային «Մեզ չհաջողվեց պահպանել անգամ այդ 50%-ը․ գոլորշիացումն ու ջրամատակարարման պակասը հանգեցրին աղետի»։

Նրա խոսքով՝ տարածքից շուրջ 150 հեկտարն արդեն լրիվ ցամաքել է, մոտ 400 հեկտարի վրա ձկները պարզապես գոյատևում են 30-40 սանտիմետր ջրի շերտում, և միայն 200-250 հեկտարի վրա է պահպանվում նորմալ խորության կեսից ավելին, որտեղ հնարավոր է պատշաճ ձկնաբուծություն իրականացնել։

Չնայած Ռետիմայորում ձեռնարկված բոլոր միջոցներին՝ սատկել է 300-ից 350 տոննա ձուկ, ինչը, Լևայի հաշվարկներով, կազմում է 400-500 միլիոն ֆորինտի (1,1-1,4 մլն եվրո) վնաս։ Ջրի ցածր մակարդակի պատճառով ջուրն ավելի արագ է տաքացել, ինչն արագացրել է տղմից գազերի արտանետումը, որն էլ թունավորել է ձկներին։

Լևային նշում է, որ առավել մեծ խնդիր է պահպանվող վայրի բնությանը հասցված վնասը, քանի որ լճային համակարգում բնակվում են բազմաթիվ հազվագյուտ երկկենցաղներ և թռչուններ։

Տեսչական մարմինը ժխտում է ջուրը պահելու մեղադրանքը

Euronews-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական Տրանսդանուբյան ջրային տնօրինությունից հայտնել են, որ նախապես պատրաստվել էին երաշտին, սակայն «ամառային աննախադեպ տաքության ալիքը, որն արտակարգ իրավիճակ ստեղծեց ողջ երկրում, այդ պահին կանխատեսելի չէր»։

Հուլիսի 26-ից ստիպված են եղել մտցնել ջրօգտագործման սահմանափակումներ, որոնց համաձայն՝ ձկնաբուծարանների ջրառը կարող էր կրճատվել առավելագույնը 20%-ով, իսկ ոռոգման ջրինը՝ 60%-ով։ Տնօրինությունը պնդում է, որ պահպանել է այս կանոնն ու ջուր չի պահել։

Ավելին, օգոստոսին երկու շաբաթվա ընթացքում Ֆեհերվարչուրգոյի ջրամբարից (որը հիմնականում պարունակում է Սեformatկեշֆեհերվարի մաքրված կեղտաջրերը) բաց է թողնվել 1,18 միլիոն խորանարդ մետր ջուր՝ լճերը լցնելու համար։ Ըստ տեսչության՝ ջրամբարում այժմ մնացել է ընդամենը 1,4 միլիոն խմ ջուր։

Ջրային տնօրինության հաշվարկներով՝ 800 հեկտարանոց մակերեսից սաստիկ շոգի պատճառով օրական կարող էր գոլորշիանալ մինչև 100,000 խմ ջուր, իսկ դրան զուգահեռ՝ վերին հատվածներում ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալը չնչին է։

«Մեր գնահատմամբ՝ ոռոգման սահմանափակ պահանջարկի բավարարումն էապես չի ազդել ձկնաբուծական լճերից գոլորշիացման կորուստները լրացնելու համար անհրաժեշտ հսկայական ծավալների վրա։ Արտակարգ իրավիճակի պատճառը ոչ թե ոռոգման ջրառն է, այլ տաքացած ջրում թթվածնի կտրուկ նվազումը»,- հայտնել են տնօրինությունից։

Լուծումների փնտրտուք

Ֆերենց Լևային նշել է, որ ինքը մեղավորներ չի փնտրում, այլ լուծումներ։ Նրա կարծիքով՝ լուծումն այն է, որ բուսաբուծական ընկերություններն իրենց սեփական ջրամբարները կառուցեն, ջուրը ամբարեն առատ տեղումների շրջանում և երաշտի ժամանակ չմրցակցեն ընդհանուր պաշարների համար, որպեսզի առաջնահերթությունը տրվի անասնապահությանն ու վայրի բնության պահպանմանը։

Տեղական ջրային տնօրինությունը նույնպես իր նամակում եզրակացրել է, որ այժմ ուսումնասիրում է ջրային համակարգի հիդրոլոգիական վիճակը․ «Ուսումնասիրության նպատակն է պարզել, թե ինչպես կարելի է ապագայում բավարարել ջրային պահանջարկը։ Ակնկալվում է, որ ջրօգտագործման թույլտվություններն ու շահագործման պրակտիկան կվերանայվեն»։

 

Նյութի աղբյուրը՝ euronews

facebook sharing button facebook