Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/9/2026
share

Խուզարկություններ, ապօրինի գույք և վարչապետի քննադատություն․ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Խուզարկություններ 21 ընկերությունում և բնակարաններում

Ըստ Քննչական կոմիտեի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում։

Բացի այդ, խուզարկություններ են կատարվել նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։ Թե հոնկրետ երբ է նախաձեռնվել այս քրեական վարույթը, իրավապահ մարմինները չեն հայտնում։

Հունիսին ՔԿ-ն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործով Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր այն։

40 միլիարդ դրամ, 210 միավոր գույք և Լոս Անջելեսի առանձնատունը

Գագիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը սկսվել էր դեռևս 2021-2022 թվականներին։

Դատախազության տվյալներով՝ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված շուրջ 25 անձանցից պահանջվում է բռնագանձել․

210 միավոր անշարժ գույք (որից 60-ը՝ Երևանում),

14 տրանսպորտային միջոց,

Մասնակցություն 33 կազմակերպություններում,

Ավելի քան 40 միլիարդ դրամ։

Գույքի ցանկում է նաև Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլմբի Հիլզ թաղամասի առանձնատունը։ 2024 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր այս գույքի բռնագանձման վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին։

Վարչապետի դիտարկումը դատական համակարգի վերաբերյալ

Օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատական համակարգի աշխատանքին և Գագիկ Խաչատրյանի գործին, հայտարարել էր․

«Ո՞նց ա լինում, որ մի հատ խեղճուկրակի բռնում, տանում են քսան տարի նստացնում են, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով։ Ո՞նց։ Ձրի՞։ Ոնց ա լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում ա, դատավորը լկտիաբար էնքան դատը հետաձգում ա, որ ինքը թոշակի գնա, որ էդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա: Ձրի՞: Լո՞ւրջ եք ասում»։

facebook sharing button facebook