.png )
«Կամաց-կամաց «Կարմիր խաչը» ինձ օգնել ա, ես կարողացել եմ երկու հատ սենյակ սարքեմ, որպեսզի ջուր չկաթա իմ երեխեքիս վրա։ Ինչի՞ համար քանդեք։ Ես հաշմանդամ, էն երեխեն հիվանդ․․․ 30 տարի ապրում եմ էս տնակում»։
Այսպես է իրավիճակը նկարագրում Երևանի Շիրակի 49 հասցեի տնակներից մեկի բնակչուհին, որտեղ օգոստոսի 31-ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Քաղաքապետարանի աշխատակիցները, ոստիկանական ուժերի ուղեկցությամբ և տրակտորներով, այցելել են տարածք՝ 30 տարվա վաղեմություն ունեցող 6 բնակելի տնակները քանդելու նպատակով։
Բնակիչների դիմադրությունը և բերման ենթարկվածները
Տնակների բնակիչները մանկասայլակներով փակել են դեպի կացարաններ տանող ճանապարհը՝ թույլ չտալով տեխնիկայի առաջխաղացումը։ Երբ տրակտորը փորձել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռանը գիրկն առած, անչափահաս բնակիչներից մեկի հետ, քարերով հարվածել է աշխատող մեքենաներին։ Տնակներից մեկում բնակվող դեռահասն էլ դանակով ինքն իրեն վնասելու սպառնալիք է հնչեցրել։
Տեղում հասարակական կարգի ապահովման ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել երկու քաղաքացի։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Նրանցից մեկը քարով հարվածել ու կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։
Բնակիչների պնդմամբ՝ տարածքից հեռանալու մասին իրենց տեղեկացրել են ընդամենը օգոստոսի 28-ին, իսկ որևէ այլընտրանքային կացարան չի առաջարկվել, թեև ընտանիքի անդամներից շատերն ունեն առողջական խնդիրներ ու հաշմանդամություն:
Թաղապետարանի պարզաբանումը
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը «Քաղաքացու ձայնի» հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացիները տարիներ ի վեր ապօրինի զբաղեցրել են համայնքային հողատարածքները, կատարել նոր շինարարություն և մոտակայքում առաջացրել աղբի կուտակումներ։ Նրա խոսքով՝ դեռևս 2022 թվականին բնակիչները ստացել են համապատասխան զգուշացումներ։
Բնակիչների ընդվզման պատճառով ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են, իսկ տեխնիկան հեռացվել է տարածքից։ Վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ վաղը նախատեսվում է հանդիպում բնակիչների ու պատկան մարմինների մասնակցությամբ։
