
Իրանի և Միացյալ Նահանգների զինված ուժերը շաբաթների դադարից հետո վերսկսել են փոխադարձ հարվածները՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներ Իրանում և տարածաշրջանի այլ երկրներում, հաղորդում է Reuters-ը։
Իրանի բանակը երկուշաբթի հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Մինհադ ավիաբազային, որտեղ, ըստ Թեհրանի, տեղակայված են ամերիկյան ուժեր և ուղղաթիռներ։ Իրանական կողմը հարվածը ներկայացրել է որպես պատասխան Իրանի Լարակ կղզու վրա ԱՄՆ-ի գործողությանը, որի հետևանքով, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով, զոհվել և վիրավորվել են զինվորականներ և քաղաքացիական անձինք։ ԱՄԷ-ն հարվածի մասին հաղորդագրությունն առայժմ չի մեկնաբանել։
Իրանի պետական հեռուստատեսությունը նաև հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու ծովային ականի բախվելուց հետո հրդեհվել և կանգ է առել խոշոր նավթատար նավ։ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նավը փորձել է «անօրինական» անցնել նեղուցով, սակայն չի հրապարակել նավի անունը կամ անձնակազմի մասին տվյալներ։
Ավելի վաղ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։
Թեհրանը նաև բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում երկու ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ որսացել են երկրի օդային տարածք մտած ութ հրթիռ։
Փոխադարձ հարվածները սկսվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ուժերը կիրակի հարվածել էին Իրանի Լարակ կղզում գտնվող երկու կայանքի։ Ամերիկացի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Հեղափոխության պահապանների ստորաբաժանումները պատրաստվում էին այդ կայանքներից ծովային ականներ տեղակայել Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը գործողությունը բնութագրել է որպես «սահմանափակ և ճշգրիտ» հարված՝ անմիջական սպառնալիքը վերացնելու նպատակով։ Սա Իրանի տարածքում ԱՄՆ-ի առաջին հայտնի ռազմական հարվածն էր հուլիսի վերջից ի վեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ Իրանի նավթային արտահանման առանցքային կենտրոններից Խարգ կղզին հարձակման է ենթարկվում։ Սակայն Reuters-ը նշել է, որ դրա անկախ հաստատում չկա, իսկ Թրամփի գրառմանը կցված տեսանյութը ստեղծված էր արհեստական բանականությամբ։
Լարվածության նոր աճից հետո նավթի գները երկուշաբթի բարձրացել են ավելի քան 2 տոկոսով։ Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց 90,31 դոլարի։ Հորմուզի նեղուցով տեսանելի առևտրային նավերի երթևեկությունը հանգստյան օրերին նվազել է օրական մինչև հինգ նավ։ Մինչև պատերազմի սկսվելը փետրվարի 28-ին նեղուցով անցնում էր աշխարհի նավթի և բնական գազի շուրջ 20 տոկոսը։
