
Ջրի մակարդակը Բելառուսով և Ուկրաինայով հոսող Պրիպյատ գետի որոշ հատվածներում իջել է մինչև այնպիսի ցուցանիշների, որոնք այստեղ չէին տեսել տասնամյակներ ի վեր։
Այս ամառ Պրիպյատն անճանաչելիորեն փոխվել է։ Գետը խիստ ցամաքել է՝ մերկացնելով ավազոտ հատակի հսկայական հատվածներ։ Սոցցանցերում Պոլեսիե տարածաշրջանի գլխավոր զարկերակն արդեն համեմատում են անապատի հետ։
Ինչ են ասում թվերը
Պրիպյատի առանձին հատվածներում ջրի նման ցածր մակարդակ չէր դիտարկվել տասնամյակներ շարունակ։ Այսպես, Պետրիկովի շրջանում այն արդեն 3 սմ-ով ցածր է 1961 թվականին գրանցված պատմական նվազագույնից։
Մոզիրի մոտակայքում ջուրը նույնպես մոտեցել է ռեկորդային ցածր ցուցանիշների։ Նախկին նվազագույն արժեքներն այստեղ, ինչպես և Գոմելի մարզի գետերի մեծ մասում, դիտվել էին 2015 թվականին։
Համեմատության համար․ Սոժ գետում իրավիճակը դեռ այդքան լուրջ չէ, սակայն այնտեղ նույնպես ջրի մակարդակն ավելի քան մեկ մետրով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, անկումը շարունակվում է․ գետը օրական կորցնում է 1–3 սմ։
Ինչու են գետերը ցամաքում
Մասնագետներն սա կապում են առաջին հերթին այս ամռանը ձևավորված եղանակային պայմանների հետ։
«Ընթացիկ իրավիճակի վրա ազդել է բարձր ջերմաստիճանային ռեժիմը և ամառային շրջանի առանձին հատվածներում տեղումների ցածր քանակը»,- պարզաբանել է Գոմելի հիդրոօդերևութաբանության մարզային կենտրոնի ինժեներ-հիդրոլոգ Օկսանա Լոսևան։
Արդյունքում գետերը բավարար սնուցում չեն ստացել, իսկ շոգ եղանակը միայն ուժեղացրել է ջրի կորուստը։
Արդյո՞ք սպառնալիք կա էկոհամակարգի համար
Էկոլոգների գնահատմամբ՝ Պրիպյատի ռեկորդային ցամաքումը չի ազդել ջրի որակի հիմնական ցուցանիշների վրա։
Ինչպես պատմել է Բնական ռեսուրսների Մոզիրի տեսչության պետ Ալյոնա Շվայբան, մասնագետները կանոնավոր կերպով վերահսկում են ջրի ջերմաստիճանը, լուծված թթվածնի, նավթամթերքի և կախույթային նյութերի պարունակությունը, ինչպես նաև թթվածնի կենսաբանական պահանջարկը։ Այս բոլոր ցուցանիշներն այժմ նորմայի սահմաններում են։
Ձկների զանգվածային անկում նույնպես դեռ չկա։ Բնական ռեսուրսների Գոմելի մարզային կոմիտեի նախագահ Պավել Նովիկովի խոսքով՝ ձկների հիմնական մասն այժմ գտնվում է խորը տեղերում և փոսերում, որտեղ պայմանները բավարար են գոյատևման համար։
Ինչ իրավիճակ է նավագնացության ոլորտում
Ահա այստեղ ցամաքման հետևանքներն արդեն բավականին զգալի են։ Պրիպյատով երթևեկությունը մասնակիորեն դադարեցված է։ Փոքր չափսի նավերը ստիպված են ավելի զգույշ ընտրել երթուղիները, քանզի ծանծաղուտներում պտուտակը կարող է դիպչել հատակին։
Նույնիսկ Ջրային փրկարարական ծառայության (ОСВОД) մասնագետները, ովքեր հինգ մատի պես գիտեն գետը, այժմ ստիպված են հատուկ ուշադրությամբ անցնել սովորական երթուղիները։
Միևնույն ժամանակ փրկարարները զգուշացնում են ևս մեկ ռիսկի մասին․ տեղ-տեղ Պրիպյատն այնքան ծանծաղ է թվում, որ որոշ մարդկանց մոտ ցանկություն է առաջանում այն ոտքով անցնել։ Սակայն փրկարարները խորհուրդ չեն տալիս դա անել և անվտանգության նկատառումներով կանխում են նման փորձերը։
Աղբյուրը՝ vbrest news
