
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի (CICC) և աշխարհի ավելի քան 135 ոչ կառավարական կազմակերպությունների ու փորձագետների հետ միասին, հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)։
Վերջին երկու ամսվա ընթացքում հինգ պետություններ՝ Մալին, Բուրկինա Ֆասոն, Նիգերը, Վենեսուելան և Չադը, հայտարարել են Հռոմի կանոնադրությունից դուրս գալու իրենց որոշման մասին: Այս քայլերը տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից իրականացվող արշավի և ճնշումների ֆոնին, որոնք նպատակ ունեն կանխել ԱՄՆ քաղաքացիների և նրանց դաշնակիցների նկատմամբ հնարավոր հետաքննություններն ու հետապնդումները:
ՄՔԴ-ից պետությունների դուրսգրումը լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային արդարադատության համակարգի համար, թուլացնում է անպաժելիության դեմ պայքարը, խաթարում է ամենածանր հանցագործությունների կանխարգելումը և ոտնահարում է արդարադատության, ճշմարտության և փոխհատուցման զոհերի իրավունքները:
Ստորագրող կազմակերպությունները կոչ են անում.
- Մալիին, Բուրկինա Ֆասոյին, Նիգերին, Վենեսուելային և Չադին՝ չեղարկել դուրս գալու մասին իրենց ծանուցումները և շարունակել լիարժեք համագործակցությունը ՄՔԴ-ի հետ:
- Միացյալ Նահանգներին՝ անհապաղ դադարեցնել ՄՔԴ-ի դեմ արշավը, չեղարկել պատժամիջոցներն ու դադարեցնել հարձակումները արդարադատության անկախության դեմ:
- Մասնակից պետություններին՝ ինտենսիվացնել դիվանագիտական ջանքերը՝ կանխելու հետագա դուրսգրումները, դատապարտել ապօրինի ճնշումները և աջակցել քաղաքացիական հասարակությանն ու իրավապաշտպաններին:
- Միջազգային քրեական դատարանին՝ շարունակել ապահովել անկախ, անաչառ և ոչ ընտրողական քաղաքականություն՝ ապահովելով հաշվետվողականություն՝ անկախ մեղավորների քաղաքացիությունից:
Պաշտոնական հայտարարության ամբողջական նյութին և ստորագրողների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
