
Ժամեր տևած դատական նիստից հետո՝ օգոստոսի 27-ի վաղ առավոտյան, Հակակոռուպցիոն դատարանը որոշել է կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատարանն ամբողջությամբ բավարարել է Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը։
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը սկսել էր քննել օգոստոսի 26-ի երեկոյան։ Նա ձերբակալվել էր օգոստոսի 25-ին։ Նույն օրը իրավապահները խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացրել Քոչարյանների ընտանիքի ու նրանց հետ կապվող մի շարք ընկերություններում։
Օգոստոսի 26-ի վաղ առավոտյան դատարանը երկու ամսով կալանավորել էր նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Ի տարբերություն կրտսեր եղբոր՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի, Սեդրակ Քոչարյանը քաղաքականությամբ չի զբաղվում։ Նրա փաստաբանը կալանքը որակել էր «արտաիրավական հետապնդում»։
Ինչ էր նախորդել կալանավորմանը
Քոչարյանների դեմ իրավապահների գործողություններին նախորդել էր օգոստոսի 24-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Քոչարյանի միջև բանավեճը։ Լևոն Քոչարյանը վարչապետին մեղադրել էր դատարանների և քննչական մարմինների վրա քաղաքական ճնշում գործադրելու մեջ՝ պնդելով, որ վարչապետը չի կարող որոշել, թե ով պետք է բանտարկվի կամ զրկվի ունեցվածքից։
Փաշինյանը պատասխանել էր՝ հարցնելով, թե ինչ միջոցներով է Քոչարյանների ընտանիքը դարձել միլիոնատեր։ «Դուք ինչո՞ւ եք միլիոնատեր։ Դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր»,- ասել էր Փաշինյանը։
Նա հայտարարել էր, որ Քոչարյանների ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը․ «Դուք պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձնեք Հայաստանի Հանրապետությանը, և այո, դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»։
Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան իրավապահները մտել էին Լևոն Քոչարյանի բնակարան, Ռոբերտ Քոչարյանին տարել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ընտանիքի հետ կապված մի շարք բիզնեսներում սկսել քննչական գործողություններ։ Քոչարյանի քաղաքական թիմը պնդում է, որ գործընթացը տեղի է ունենում Փաշինյանի հրահանգով։
Մեղադրանքը
Հակակոռուպցիոն կոմիտեն գործողությունները կապում է Քոչարյանին առնչվող կոռուպցիոն գործի հետ։ Ըստ կոմիտեի՝ նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։
Կոմիտեն նաև հայտնել է կաշառք ստանալու, ինչպես նաև գույքերն ու ընկերությունների բաժնեմասերը Քոչարյանի ընտանիքի անդամների անունով ձևակերպելու դրվագների մասին։
Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։
