Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/8/2026
share

Հայաստանը պետք է ԱԹՍ-ների եռաշերտ պաշտպանական համակարգ ստեղծի. զեկույց

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» հրապարակել է «Դեպի ասիմետրիկ պաշտպանության մոդել. անօդաչու թռչող սարքերի բազմաշերտ կարողությունների ձևավորումը Հայաստանում» զեկույցը (հեղինակներ՝ Լուի-Մաթյո Տարտանվիլ և Էդուարդ Առաքելյան)։ Ստորև ներկայացված են փաստաթղթի հիմնական եզրահանգումները։

2026 թվականի մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած ռազմական շքերթը ցույց տվեց Հայաստանի ռազմական նոր գնումները։ Հնդկական, ֆրանսիական, չինական և հայկական համակարգերը ներկայացված էին կողք կողքի՝ արտացոլելով ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանից դիվերսիֆիկացիայի գործընթացը։ Սակայն գլխավոր արձանագրումներից մեկն այն էր, որ անօդաչու թռչող սարքերն ու տեղական պաշտպանական ձեռնարկություններն այսօր արդեն հայտնվել են երկրի ռազմական բարեփոխումների առանցքում։

Բայց նույնիսկ արդիականացումը չի լուծում Հայաստանի առջև ծառացած գլխավոր ռազմավարական մարտահրավերը։ Ադրբեջանը տնտեսությամբ, բնակչության թվով և ռազմական ներուժով զգալիորեն գերազանցում է Հայաստանին, ընդ որում՝ Թուրքիան նրան ակտիվորեն աջակցում է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստանը չի կարող իրատեսորեն մրցակցել Ադրբեջանի հետ սովորական սպառազինությունների քանակի և որակի հարցում։

Փոխարենը, նպատակը պետք է լինի ապահովել, որ Ադրբեջանի ռեսուրսային առավելությունը ինքնաբերաբար չվերածվի մարտադաշտում գերազանցության։ Հայաստանի համար սա նշանակում է մշակել իսկապես ասիմետրիկ պաշտպանական մոդել, որտեղ անօդաչու թռչող սարքերը հիմնասյուներից մեկն են։

Վերազինումից մինչև ոչ համաչափ զսպում

Հայաստանի 2024–2035 թթ. ռազմական կերպարափոխման հայեցակարգը նախատեսում է պրոֆեսիոնալացում, ռազմական կրթության և հրամանատարական բարեփոխումներ, սպառազինության արդիականացում և տարածքային պաշտպանության զարգացում։ Միևնույն ժամանակ, Հայաստանն արագորեն դիվերսիֆիկացրել է իր պաշտպանական գործընկերությունները. Հնդկաստանը, Ֆրանսիան, Իրանը, Չինաստանը և արևմտյան այլ գործընկերներ աստիճանաբար փոխարինում են Ռուսաստանին որպես սպառազինությունների ձեռքբերման նոր աղբյուրներ։

Այնուամենայնիվ, դիվերսիֆիկացիան ինքնին ռազմավարություն չէ։ Տարբեր մատակարարներ բերում են տարբեր չափորոշիչներ, կապի համակարգեր, ռազմամթերք, սպասարկման պահանջներ և ուսուցման ընթացակարգեր։ Վերջնական նպատակը պետք է լինի այս կարողությունների ինտեգրումը հետախուզական, հրամանատարական և հարվածային միասնական ճարտարապետության մեջ։

2020 թվականի փորձը ցույց է տալիս, թե ինչու է սա կարևոր։ Հայաստանը նախքան Ղարաբաղյան երկրորդ պատերազմն արդեն իսկ ուներ ԱԹՍ-ների տեղական արտադրողներ։ «Կռունկ-25»-ը և հաջորդող համակարգերը ցույց տվեցին հայկական ինժեներական կարողությունները, մասնավոր ընկերությունները ևս մշակում էին սեփական մոդելները։ Սակայն այս ջանքերը երբեք չվերածվեցին գործող էկոհամակարգի, որը կմիավորեր հետազոտությունը, փորձարկումը, գնումները, սերիական արտադրությունը, ուսուցումն ու մարտական ադապտացիան։

Մինչ Հայաստանում ԱԹՍ-ները դիտվում էին պարզապես որպես հետախուզության և հրետանային կրակի ուղղորդման միջոց, Ադրբեջանը դրանք արդեն ինտեգրել էր հետախուզական-հարվածային ամբողջական համակարգի մեջ։ Այդ առումով Հայաստանի համար քաղված դասերը չպետք է սահմանափակվեն միայն ավելի որակյալ ԱԹՍ-ներ գնելով. դրանք պետք է դիտարկել որպես ռազմական գործողություններ վարելու բոլորովին այլ տրամաբանության անբաժան մաս։

Ուկրաինայի և Իրանի դասերը․ քանակն ընդդեմ որակի

Ուկրաինան տալիս է ամենահստակ ժամանակակից օրինակը, թե ինչպես կարող են ԱԹՍ-ները օգնել ավելի թույլ պետությանը դիմակայել ավելի ուժեղ հակառակորդին։ 2022 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո Ուկրաինան արագորեն ընդլայնեց ԱԹՍ-ների տեղական արտադրությունը։ Համեմատաբար էժան FPV դրոնները դարձան կարևոր գործիք ռուսական հետևակի և զրահատեխնիկայի դեմ, մինչդեռ ավելի հեռահար համակարգերն ավելի հաճախ էին թիրախավորում լոգիստիկան, հրամանատարական ենթակառուցվածքները և ռազմաարդյունաբերական ակտիվները։

Այս համակարգերի նշանակությունը միայն դրանց անհատական արժեքի մեջ չէ. զանգվածային կիրառումը փոխում է հակառակորդի վարքագիծը։ Զորքերն ու տեխնիկան այլևս չեն կարող անվտանգ տեղակայվել մարտի դաշտի մոտակայքում, ռազմամթերքի պահեստները պետք է ապակենտրոնացվեն ու քողարկվեն, հրամանատարական կետերը՝ հաճախակի տեղափոխվեն, իսկ լոգիստիկան դառնում է ավելի դանդաղ ու թանկ։

2026-ի փետրվարին ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելուց հետո Իրանը հետամուտ է եղել նույն տրամաբանության մեկ այլ տարբերակի կիրառմանը։ Առնչվելով օդային ճնշող գերակայություն ունեցող հակառակորդների՝ Թեհրանը ներդրումներ էր կատարել մեծ քանակությամբ համեմատաբար էժան ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք ունակ են հասցնել ռազմական և տնտեսական վնասներ՝ առանց լայնածավալ ռեսուրսների ներգրավման։

Ուկրաինայի և Իրանի հակամարտությունների իրողությունները տարբեր են, բայց նրանց ռազմավարական դասը նման է. երբ կոնվենցիոնալ գերակայությունն անհասանելի է, ավելի թույլ պետությունը պետք է ձգտի ստեղծել իրենից ուժեղ հակառակորդի վրա գին պարտադրելու բազմաթիվ, հասանելի եղանակներ։ Սա հենց այն տրամաբանությունն է, որը պետք է որդեգրի Հայաստանը։

ԱԹՍ-ների եռաշերտ ճարտարապետություն

Հայաստանը պետք է մշակի անօդաչու սարքերի եռաշերտ կարողություն։

Առաջին շերտը կգործի շփման գծի մոտ։ Ցածրարժեք FPV դրոնները և որսիչ համակարգերը կարող են թիրախավորել հետևակը, թեթև մեքենաները և զրահատեխնիկան։ Նրանց առավելությունը ոչ թե տեխնոլոգիական բարդությունն է, այլ զանգվածայնությունը, ցածր ինքնարժեքը և փոխարինելիությունը։ Սա հատկապես արդիական է Հայաստանի լեռնային աշխարհագրության պայմաններում, որտեղ տեղանքը հաճախ սահմանափակում է հարձակվողի առաջխաղացման ուղիները։ Մեծ քանակությամբ էժան դրոնները կարող են այս տեղանքը հաղթահարելը դարձնել չափազանց թանկ։

Երկրորդ շերտը ընդգրկում է առաջնագծից մոտ 10–80 կիլոմետր խորությունը։ Դրա նպատակը հակառակորդի հարձակմանն աջակցող ենթակառուցվածքների՝ ռազմամթերքի պահեստների, հրամանատարական կետերի, լոգիստիկ հանգույցների, ռեզերվների և ՀՕՊ համակարգերի թիրախավորումն է։ Այս կարողությունը կարող է արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը օպերատիվ մակարդակում․ հակառակորդի ուժերի՝ հայկական դիրքերին հասնելուն սպասելու փոխարեն, Հայաստանը կարող է խաթարել հարձակողական նախապատրաստությունները նախքան դրանց՝ մարտի դաշտ հասնելը։

Երրորդ շերտը պետք է կազմված լինի հեռահար անօդաչու հարվածային համակարգերից, որոնք ունակ են սպառնալ հակառակորդի տարածքի խորքում գտնվող բարձրարժեք թիրախներին։ Դրանց նպատակը ոչ թե այդ թիրախների անխտիր ոչնչացումն է, այլ զսպումը՝ ապահովելով, որ ագրեսիան հանգեցնի զգալի կորուստների՝ անմիջական մարտի դաշտից դուրս։

Միասին վերցրած՝ այս շերտերը կստեղծեն բաշխված հետախուզահարվածային ցանց, այլ ոչ թե ԱԹՍ-ների առանձին տեսակների հավաքածու։

Հայաստանի պաշտպանական արդյունաբերության ակտիվացումը

Վերջին տարիներին Հայաստանում ԱԹՍ ոլորտում նկատելի զարգացումներ են տեղի ունեցել։ Տեղական ընկերությունները՝ ներառյալ Davaro Defense Systems-ը, UAVLAB-ը, Aerodynamics-ը, Zeel AI-ն, Feron-ը, AirWorker-ը և IDS-ը, մշակում են հետախուզական ԱԹՍ-ներ, FPV դրոններ, պարեկող ռազմամթերք, որսիչ և այլ անօդաչու համակարգեր։

ԱԹՍ-ների ակտիվ ներգրավվածությամբ պատերազմն էվոլյուցիա է ապրում չափազանց արագ տեմպերով։ Ռադիոէլեկտրոնային պայքարը (ՌԷՊ), ՀՕՊ-ը և այլ հակամիջոցները կարող են նախկինում արդյունավետ համարվող համակարգը կարճ ժամանակահատվածում դարձնել հնացած։ Հետևաբար, ներկրված ԱԹՍ-ների մեծ պաշարը կարող է ավելի քիչ երկարաժամկետ արժեք տալ, քան տեղական արդյունաբերական բազան, որն ունակ է անընդհատ ձևափոխելու և փոխարինելու դրանք։ Ուստի, Հայաստանը պետք է առաջնահերթություն տա արտադրողական կարողությունների զարգացմանը և արագ վերարտադրության հնարավորությանը՝ մեկանգամյա գնումների փոխարեն։

Շփման գիծը հատկապես հարմար է տեղայնացման համար։ Ցածրարժեք FPV համակարգերը կարող են արտադրվել մեծ մասշտաբներով՝ առանց կործանիչ ավիացիայի կամ զրահատեխնիկայի համար պահանջվող հսկայական արդյունաբերական ենթակառուցվածքի։ Մի շարք հայկական ընկերություններ արդեն ունեն անհրաժեշտ հիմքերը։

Պետական գնումները պետք է խրախուսեն տեղական արտադրողների միջև մրցակցությունը, ապահովեն կանխատեսելի պայմանագրեր և կրճատեն փորձարկման ու սերտիֆիկացման ընթացակարգերը։ Գլխավոր նպատակը պետք է լինի այնպիսի արդյունաբերական ոլորտի ստեղծումը, որն ունակ է արձագանքելու մարտի դաշտի փոփոխություններին ամիսների, այլ ոչ թե տարիների ընթացքում։

Ֆրանսիան կարող է լրացնել Հայաստանի տեխնոլոգիական բացերը

Այնուամենայնիվ, տեղական արտադրությունը չի կարող ծածկել բոլոր պահանջները։ Ավելի բարդ միջին և հեռահար համակարգերը պահանջում են առաջատար նավիգացիա, կապ, շարժիչներ և էլեկտրոնային պայքարի նկատմամբ կայունություն, որոնք Հայաստանում դեռ մշակման փուլում են։ Ահա թե որտեղ Ֆրանսիան կարող է դառնալ ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր։

2026 թվականի մայիսին ստորագրված Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս ավանդական «գնորդ-վաճառող» հարաբերություններից անդին անցնելու համար։ Հայաստանը պետք է օգտագործի այն անօդաչու համակարգերի ոլորտում արդյունաբերական համագործակցություն ծավալելու համար՝ ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը, տեղական հավաքումը, համատեղ ինժեներական աշխատանքները և, ի վերջո, համատեղ արտադրությունը։

Ֆրանսիական համակարգերը, ինչպիսին է Rôdeur 330-ը, առաջարկում են կարողություններ, որոնք լրացնում են Հայաստանի ձևավորվող տեղական արդյունաբերությունը, հատկապես հեռահար սեգմենտում։ Նպատակը չպետք է լինի պարզապես պատրաստի համակարգեր գնելը, այլ օտարերկրյա գնումները որպես կամուրջ օգտագործելը՝ ավելի մեծ տեղական տեխնոլոգիական կարողություններ ստեղծելու համար։ Հնարավոր է փուլային մոդել. առաջինը՝ ուղղակի գնումներ և ուսուցում, երկրորդը՝ առանձին բաղադրիչների լիցենզավորված հավաքում, և ավելի ուշ փուլում՝ համատեղ ձեռնարկություններ, որոնք ներառում են հայկական ինժեներական և ծրագրային կարողությունները։ Նման համագործակցությունը պաշտպանական հարաբերություններն ավելի կայուն կդարձնի՝ աստիճանաբար նվազեցնելով Հայաստանի կախվածությունը օտարերկրյա մատակարարներից։

Զանգվածայնություն, բաշխվածություն և դիմակայունություն

ԱԹՍ-ակենտրոն պաշտպանական մոդելը պահանջում է փոփոխություններ նաև գնումների ոլորտից դուրս։ Ժամանակակից մարտադաշտերը գնալով ավելի թափանցիկ են դառնում. դրոնները և այլ սենսորները խոցելի են դարձնում կենտրոնացված ռազմական ակտիվները։ Հայաստանի համար, որն ունի սահմանափակ ռազմավարական խորություն, սա հատկապես վտանգավոր է։

Հետևաբար, ռազմամթերքը, տեխնիկան և հրամանատարական ենթակառուցվածքները պետք է ապակենտրոնացվեն, քողարկվեն և պաշտպանվեն։ Ուժերին անհրաժեշտ է ավելի մեծ շարժունակություն, մինչդեռ կրիտիկական պաշարները պետք է բաշխվեն բազմաթիվ վայրերում։ Նույն սկզբունքը վերաբերում է պաշտպանական արդյունաբերությանը. արտադրական հզորությունները և կրիտիկական բաղադրիչները չպետք է կենտրոնացվեն մի քանի խոցելի վայրերում։ Հայաստանը պետք է պահպանի ներկրվող բաղադրիչների ռազմավարական պաշարներ՝ միաժամանակ աստիճանաբար ավելացնելով տեղական արտադրությունը։

Դիմակայունությունը պետք է նշանակի կորուստներ կրելուց հետո համակարգեր արտադրելու, վերանորոգելու և ադապտացնելու ունակություն, այլ ոչ թե նախքան հակամարտությունը պարզապես մեծ պաշարների առկայություն։

Հնարավորությունների բաց պատուհան

Հայաստանն այժմ ունի մի քանի բարենպաստ պայմաններ այս ռազմավարությունը իրականացնելու համար՝ ավելացված պաշտպանական ծախսեր, աճող տեղական ռազմարդյունաբերական ոլորտ, դիվերսիֆիկացված պաշտպանական գործընկերություններ և նոր ռազմավարական հարաբերություններ Ֆրանսիայի հետ։ Այս հնարավորությունը չպետք է մսխել։

Հայաստանի նպատակը չպետք է լինի ռազմական առումով Ադրբեջանի հետ կոնվենցիոնալ հավասարակշռության հասնելը։ Նպատակը պետք է լինի այնպիսի պաշտպանություն ստեղծելը, որ հակառակորդի համար հաղթանակը չափազանց դժվար լինի և չափազանց թանկ հետևանքներ ունենա։ Սա պահանջում է բոլորովին այլ ռազմական մոդել, որտեղ զանգվածային արտադրությունն օգտագործվում է այնտեղ, որտեղ այն էժան է և արդյունավետ, բարձր տեխնոլոգիական լուծումները՝ այնտեղ, որտեղ դրանք իսկապես անհրաժեշտ են, իսկ սեփական արտադրությունը՝ բոլոր ուղղություններով, որտեղ արագ արձագանքելու և փոխվելու ունակությունը կենսական է։

ԱԹՍ-ները լիովին չեն չեզոքացնելու ռազմական ավանդական համակարգերը։ Դրանք չեն կարող նաև փոխարինել ՀՕՊ-ը, հրետանուն, հրթիռները, հետևակին կամ գրագետ հրամանատարությանը։ Բայց դրանք կարող են փոխել պատերազմի տնտեսագիտությունը։ Մի երկրի համար, որը չի կարող հաղթել ավանդական սպառազինությունների մրցավազքում, սա կարող է լինել ամենակարևոր առավելությունը։

Հայաստանին պետք չեն ուղղակի ավելի ժամանակակից անօդաչու սարքեր, այլ անհրաժեշտ է այնպիսի համակարգ, որը թույլ կտա արտադրել, թարմացնել և փոխարինել դրանք ավելի արագ, քան մարտադաշտում փոխվում են պայմանները։ Հենց սա է ասիմետրիկ պաշտպանության հիմնարար սկզբունքը, և, ամենայն հավանականությամբ, Հայաստանի ամենաիրատեսական հնարավորությունը՝ ունենալու զսպողական լուրջ ներուժ։

facebook sharing button facebook