Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/8/2026
share

Կլիմայի տաքացումը հազարավոր կետերի է հասցրել Գրենլանդիա

Վերջին տասնամյակների ընթացքում Արևելյան Գրենլանդիայի ափերի մոտ զգալիորեն ավելացել է բեղավոր կետերի քանակը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Այժմ այստեղ պարբերաբար սնվում են ֆինվալները, սապատավոր կետերը և փոքր զոլավոր կետերը՝ հասնելով առնվազն մինչև հյուսիսային լայնության 70-րդ զուգահեռական։ Գիտնականների կարծիքով՝ այս փոփոխությունների հիմնական պատճառներից են ծովի տաքացումն ու ծովային սառույցի կրճատումը, ինչի հետևանքով կետերի համար հասանելի են դարձել նախկինում գրեթե փակ կերային տարածքները։

Հետազոտողները վերլուծել են 2015 և 2024 թվականներին իրականացված օդային դիտարկումները, կետերի արբանյակային հետևման տվյալները, ինչպես նաև ծովի մակերևույթի ջերմաստիճանի և ծովային սառույցի վերաբերյալ տեղեկությունները։

Կետերի թվաքանակի աճն ու կլիմայական փոփոխությունները

Գնահատումների համաձայն՝ ուսումնասիրված տարածքում ամռանը գտնվում է մոտ 4 հազար սապատավոր կետ, 6 հազար ֆինվալ և մինչև 6 հազար փոքր զոլավոր կետ։ Իրական թվերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ դիտարկված կենդանիների մի մասի տեսակը հնարավոր չի եղել հստակ որոշել, իսկ կետեր հանդիպում են նաև ուսումնասիրված տարածքից ավելի հյուսիս։

Հատկապես տպավորիչ է սապատավոր կետերի թվաքանակի աճը։ Մինչև 2007 թվականը նավերից կատարվող դիտարկումների ժամանակ դրանք տարածաշրջանում գրեթե չէին հանդիպում։ 2007-ին գրանցվել էր ընդամենը 7 դիտարկում, 2015-ին՝ 26, իսկ 2024 թվականին հետազոտողները հաշվել են ավելի քան 150 սապատավոր կետ։ 2025 թվականին նույնիսկ դիտվել են 20 և անգամ 50 առանձնյակից կազմված անսովոր մեծ խմբեր։

Գիտնականներն այս փոփոխությունները կապում են Արևելյան Գրենլանդիայի կլիմայական և օվկիանոսային պայմանների վերափոխման հետ։ 1981–2024 թվականների տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2000 թվականից հետո ամռանն ու աշնանը ջրի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1°C-ով, իսկ ծովային սառույցի խտությունը նվազել է։

Սննդային բազայի փոփոխությունը և էկոհամակարգը

Նախկինում խիտ դրեյֆող սառույցները սահմանափակում էին ֆինվալների, սապատավոր և փոքր զոլավոր կետերի մուտքը դեպի ափամերձ ջրեր։ Սառույցի նահանջի հետևանքով նրանք այժմ կարողանում են հասնել այն կերային տարածքներ, որոնք նախկինում գրեթե անհասանելի էին։

Փոխվել է նաև նրանց կերային բազայի բաշխումը։ Արկտիկայի սննդային շղթայում կարևոր դեր ունեցող մոյվա ձուկը 2003 թվականից հետո Իսլանդիայի հյուսիսային հատվածներից տեղափոխվել է դեպի Գրենլանդիայի մայրցամաքային շելֆ, ինչի հետևանքով մեծ քանակությամբ կեր է հայտնվել հենց այն տարածքներում, որտեղ այժմ կենտրոնանում են կետերը։

Տարեկան ավելի քան 1 միլիոն տոննա կեր

Գիտնականները փորձել են հաշվարկել նաև, թե որքան սնունդ են սպառում այս տեսակները՝ հաշվի առնելով կենդանիների քանակը, մարմնի զանգվածը, օրական կերի պահանջը և ջրերում գտնվելու տևողությունը։

Եթե որպես կերակրման շրջան ընդունվի մոտ 120 օր, ապա պահպանողական գնահատմամբ կետերը սպառում են ավելի քան 800 հազար տոննա կեր։ Իսկ ամռանը սնվելու բարձր ինտենսիվությունը հաշվի առնելու դեպքում ընդհանուր քանակը կարող է գերազանցել տարեկան մեկ միլիոն տոննան։ Գիտնականները, սակայն, ընդգծում են, որ սա մոտավոր գնահատական է, քանի որ ամենամեծ անորոշությունը կապված է կետերի իրական թվաքանակի և նրանց օրական կերի սպառման հետ։

Այս փոփոխությունը լուրջ ազդեցություն կարող է ունենալ ամբողջ էկոհամակարգի վրա։ Մոյվայով սնվում են տարբեր ձկներ, ծովային թռչուններ և կաթնասուններ, իսկ ինքը սնվում է կրիլով։ Այժմ այդ սննդային էներգիայի զգալի մասը բաժին է հասնում ավելացած բեղավոր կետերին։

Գիտնականներն այս գործընթացն անվանում են Արևելյան Գրենլանդիայի «բարեխառնացում»․ ավելի տաք հյուսիսային լայնություններին բնորոշ տեսակների աստիճանական ներթափանցումը ցույց է տալիս, որ կլիմայի տաքացումը փոխում է ոչ միայն սառցային պայմանները, այլև ամբողջ ծովային էկոհամակարգի կառուցվածքն ու սննդային կապերը։

facebook sharing button facebook