
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգի իշխանությունները հոգևոր միջոցների են դիմել, քանի որ անտառներում ու տորֆային տարածքներում մոլեգնող հրդեհները երկրի մի շարք հատվածներ պատել են վտանգավոր ծխամշուշով։
Երեքշաբթի օրը նահանգային կենտրոն Պալեմբանգում՝ նահանգապետարանի բակում, շուրջ 3,000 բնակիչ է հավաքվել՝ կատարելու «սալաթ իստիսկա»՝ անձրևի համար նախատեսված հատուկ իսլամական աղոթքը: Հավատացյալները աղոթում էին կողք կողքի, մինչ թանձր ծուխը նվազեցրել էր տեսանելիությունը՝ ստիպելով վարորդներին ցերեկային ժամերին երթևեկել միացված լուսարձակներով:
Հարավային Սումատրայում ներկայումս արձանագրված է Ինդոնեզիայի անտառային հրդեհների ամենաբարձր ցուցանիշը․ Շրջակա միջավայրի նախարարության արբանյակները հայտնաբերել են 1,429 բռնկման կետ, որին հաջորդում են Արևմտյան Կալիմանտանը՝ 1,226, և Կենտրոնական Կալիմանտանը՝ 811 կետով: Պաշտոնական տվյալներով՝ միայն հուլիս ամսին այրվել է շուրջ 940 քառակուսի կիլոմետր (360 քառակուսի մղոն) տարածք, որից ավելի քան 20 քառակուսի կիլոմետրը՝ Հարավային Սումատրայում:
Արտակարգ ծառայությունները պայքարում են «Էլ Նինյո» եղանակային երևույթի սրման և տևական չորային եղանակի պատճառով տարածվող հրդեհների դեմ: Աղետների կառավարման ազգային գործակալության տվյալներով՝ հրդեհներից առաջացած ծուխը հասել է նաև Մալայզիա և Բրունեյ:
Իշխանությունները տասնյակ օդանավեր են ներգրավել ամպերի արհեստական ցանքսի (cloud seeding) և օդից ջրային ռմբակոծման աշխատանքների համար: Հողատարածքներ մաքրելու նպատակով դիտավորյալ հրդեհումներ իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 72 մարդ, իսկ 4 ընկերության նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Սեզոնային հրդեհներն ու անդրսահմանային ծխամշուշը վաղուց լուրջ տարածաշրջանային խնդիր են Հարավարևելյան Ասիայում:
Աղբյուրը Al Jazeera
