Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/8/2026
share

«Հայաստանն այսօր ԵՎ-ին մոտ է, քան երբևէ»․ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի մտադրությանը

Հայաստանն այսօր Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ նախկինում։ Օգոստոսի 25-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամերտը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու Երևանի մտադրությանը։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը, հավանաբար, մոտ ժամանակներս կսկսի ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը։

Նախօրեին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը «մոտ ժամանակներում» կարող է անցնել ԵՄ-ին պաշտոնական հայտ ներկայացնելուն, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշել։

Երկկողմ մերձեցման համատեքստում Լամերտը հիշատակել է մայիսին կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը, ինչպես նաև համագործակցությունը Դիմակայունության և աճի ծրագրի ու Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում։

Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը նաև «առաջին քայլն է կատարել դեպի ԵՄ»՝ ընդունելով եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ինչը նա որակել է որպես «կարևոր խորհրդանշական ազդակ»։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովում ընդգծել են, որ ԵՄ-ին անդամակցությունն իրականացվում է «հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթացով», որը մեկնարկում է թեկնածու երկրի կողմից պաշտոնական հայտի ներկայացմամբ։

Լամերտի փոխանցմամբ՝ Բրյուսելն արդեն իսկ աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային կապերի, առևտրի և համագործակցության այլ ոլորտներում։

facebook sharing button facebook