
Արտաքին և Անվտանգության Քաղաքականության Երևանի Կենտրոնը հայտարարություն է տարածել ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է․ «Օգոստոսի 23-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդեց ԶՈԻ-ում ոչ մարտական պայմաններում զինծառայողի հերթական մահվան մասին։ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Սա վերջին 10 օրերի ընթացքում ԶՈՒ-ում ոչ մարտական պայմաններում մահվան արդեն երրորդ դեպքն է։
2026 թ. առաջին ութ ամիսներին ՀՀ ԶՈւ-ում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակված տվյալները վկայում են Զինված ուժերում առկա լուրջ և համակարգային խնդիրների մասին։
Նախ և առաջ անհրաժեշտ է արձանագրել, որ ՀՀ-ում «ոչ մարտական պայմաններում մահ» հասկացության վերաբերյալ չկա միասնական մոտեցում։ Մասնավորապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը սույն տարվա հուլիսին հաղորդեց, որ 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ Զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան 30 դեպք։ Միաժամանակ նույն ժամանակահատվածի վերաբերյալ ՊՆ-ն հայտնում է մահվան 11 դեպքի մասին։ Տարբերություն կա նաև ինքնասպանության դեպքերի վերաբերյալ ներկայացվող տվյալների միջև։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածի համար ՀՔԱՎ-ը հաղորդում է ինքնասպանության 8, իսկ ՊՆ-ն՝ 4 դեպքերի մասին: Բացի այդ, հայտնի է, որ ինքնասպանությունները զինված ուժերում կարող են լինել երեք տեսակի՝ պարզապես ինքնասպանութուն, ինքնասպանության հասցնելու դեպքեր, իսկ առնվազն նախկինում եղել են սպանություններ, որոնք արագորեն որակվել են որպես ինքնասպանություն։
Այս առումով կարևոր է ուշադրություն դարձնել «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից 2026 թ.-ի օգոստոսի 20-ին հրապարակված հետաքննությանը։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ինքնասպանությունների վերաբերյալ Դատախազության կողմից տրամադրված վիճակագրական տվյալները չեն համապատասխանում ՀՔԱՎ-ի տվյալներին։ Մասնավորապես, Դատախազության տվյալների համաձայն՝ 2010 թվականից մինչ 2026 թվականը ԶՈՒ-ում գրանցվել է ինքնասպանության 97 դեպք, իսկ ըստ ՀՔԱՎ-ի՝ 156: Կարևոր է նաև նշել, նույն հետաքննության շրջանակում հարցումներ են ուղարկվել նաև Պաշտպանության նախարարություն, սակայն մինչ օրս պետական գերատեսչությունից հարցումներին պատասխան չի ստացվել։
Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիական հասարակության ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների, մտահոգ քաղաքացիների և պետական գերատեսչությունների միջև պետք է սկսել քննարկումներ՝ վերոնշյալ տերմինաբանության շուրջ ընդհանուր ու միասնական մոտեցում ձևակերպելու նպատակով։ Կարծում ենք՝ խնդիրը պատշաճ կերպով հասցեագրելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հստակ սահմանել խնդիրը, իսկ շահագրգիռ կողմերը, իրենց գործողությունները ներդաշնակեցնելու համար պետք է ունենան համաձայնություն խնդրի էության և սահմանների վերաբերյալ։ Հակառակ պարագայում ոչ միայն բարդանում է խնդրի լուծումը, այլև լուրջ խոչընդոտներ են առաջանում քաղաքացիական հասարակութան և պետական կառույցների միջև արդյունավետ համագործակցության համար։ Ավելին, առկա իրավիճակը պարարտ հող է ստեղծում պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև վստահության ու փոխըմբռնման նվազման համար։
Այսպիսով, անկախ հաշվառման և դասակարգման տարբերություններից՝ ոչ մարտական պայմաններում մահերի, ինքնասպանությունների և սպանությունների կրկնվող դեպքերը ցույց են տալիս, որ խնդիրը չի կարող սահմանափակվել միայն առանձին միջադեպերի քննությամբ և պահանջում է դիտարկել այն միջավայրը, որտեղ ձևավորվում են նման ռիսկերը։
Կա տարածված ու հիմնավոր կարծիք, որ ոչ մարտական զոհերի զգալի մասը տեղի է ունենում քրեական ենթամշակույթի ազդեցությամբ ձևավորված արատավոր բարքերի հետևանքով։ Սակայն մենք առաջարկում ենք խնդիրը դիտարկել նաև այլ տեսանկյունից։ Քրեական ենթամշակույթն պատճառահետևանքային այս կապում ոչ թե պատճառ է, այլ՝ մեխանիզմ։ Այն չի կարելի համարել զուտ հասարակության մեջ առկա դրսևորումների հայելանման արտացոլում և դրանով արդարացնել մինչև այժմ այդ ուղղությամբ տարվող ջանքերի ոչ բավարար մակարդակն ու անարդյունավետությունը։ Խնդրի ակունքները պետք է փնտրել բանակում ծառայության ու համակեցության կազմակերպման գործընթացում, զինվոր-զինվոր, զինվոր-սպա հարաբերությունների կարգավորման ընթացակարգերում, ինչպես նաև հրամանատարական մշակույթի ձևախեղումներում։ Ավելի պարզ ասած՝ որոշ սպաների կողմից կանոնադրական ճանապարհով ծառայության կազմակերպման անկարողությունը, համապատասխան հմտությունների պակասը, և կառավարման նկատմամբ ոչ բավարար պատասխանատվությունը ձևավորել են կառավարման վակուում, որ լրացվել է ծառայության կազմակերպման ոչ կանոնադրական մոդելներով, որոնց հիմքում, ի թիվս այլ գործոնների, ընկած է քրեական ենթամշակույթը։
Այս պնդումը ապացուցվում է նաև հետևյալ դիտարկմամբ. այն զորամասերում, գումարտակներում կամ վաշտերում, որտեղ ծառայությունը պատշաճ կերպով է կազմակերպվում, զինվորների միջև, ինչպես նաև կամ զինվորների և սպաների միջև, կոնֆլիկտների թիվը բավականին ցածր է։ Սա հատկապես ուշագրավ է այն համատեքստում, երբ խոսքը փաստացի նույն հասարակությունից բանակ զորակոչվող և, մեծ հաշվով, նմանատիպ սոցիալական միջավայրում ձևավորված ու մտածելակերպ ունեցող երիտասարդների մասին է։ Միաժամանակ պետք է արձանագրեկ, որ այս և այլ պնդումները ստուգելու և խնդրի իրական ծավալը գնահատելու համար անհրաժեշտ են թե՛ քանակական, թե՛ որակական հետազոտություններ, որոնց անհրաժեշտության և հնարավոր մեթոդաբանության մասին ավելի մանրամասն խոսում ենք ստորև։
Խնդրի ճշգրիտ սահմանումը, իրական պատճառների վերհանումը հնարավորություն է տալիս նաև նույնականացնել այն գործիքները, որոնց միջոցով խնդիրը պետք է լուծվի, իսկ սխալ ու ընդհանուր սահմանումը ձևավորում է մի իրավիճակ, որտեղ պարզ չէ, թե ով է խնդրի լուծման հիմնական պատասխանատուն, այն ստեղծում է անկարողության մթնոլորտ, որտեղ ոչ ոք իրեն վերջնական պատասխանատու չի զգում ձևավորված իրավիճակի համար։
Խնդրի նման ընկալումն ուղղակի ցույց է տալիս, որ ռազմական ոստիկանության պետի փոփոխությունը կամ ՌՈ աշխատակիցների այցերը ՀՀ զորամասեր ու հանդիպումները զինվորների հետ բավարար չեն խնդրի լուծման համար, քանի որ ռազմական ոստիկանությունն այս խնդրի շղթայի համատեքստում վերջին օղակն է, և իր իրավասությունների ու լիազորությունների շրջանակում չի կարող վերացնել խնդրի բուն պատճառները։ Ավելին, ՌՈ֊ի չափից դուրս շատ ներգրավվածությունը ծառայության կազմակերպման գործընթացում կարող է հանգեցնել սպաների դիրքերի և պատասխանատվության հետագա թուլացման, որն էլ հենց այս իրավիճակի հիմնական պատճառն է։
Վերջին օրերին սոցիալական մեդիայում տարբեր քաղաքացիներ ներկայացրել են քրեական ենթամշակույթով պայմանավորված ծառայության կազմակերպման և համակեցության տարբեր դրսևորումներ, որոնց արդյունքում ձևավորված պայմաններում տեղի են ունենում ոչ մարտական մահվան դեպքեր։ Նմանատիպ պատմությունների շարքը կարելի է շարունակել, քանի որ նման օրինակների պակաս չկա։ Այդ իսկ պատճառով մենք չենք ցանկանում այս տեքստը ծանրաբեռնել բազմաթիվ օրինակներով, որոնք, թեև միմյանցից տարբեր են, ընդհանուր առմամբ տեղավորվում են նույն պատկերի մեջ։ Միաժամանակ անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանզիմ, որի միջոցով նման դեպքերն ու պատմությունները համակարգված կերպով կհավաքագրվեն, կփաստագրվեն և կվերլուծվեն։ Մենք համոզված ենք, որ առկա իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ առկա տվյալներն ու տեղեկատվությունը պատշաճ կերպով չեն հավաքագրվում ու վերլուծության ենթարկվում, և առավել կարևոր՝ դրանք բավարար չափով չեն հաշվի առնվում քաղաքականություն մշակելիս։
Այս համատեքստում, զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի հարցը պետք է դիտարկել ոչ միայն բանակի ներքին աշխատանքի, այլ ամբողջ անվտանգային համակարգի տեսանկյունից։ Զինծառայողի վստահությունը համակարգի նկատմամբ ձևավորվում է ոչ միայն կոչերի, հրամանների կամ կարգապահական պահանջների, այլ ծառայության իրական պայմանների, արդար վերաբերմունքի, հրամանատարական մշակույթի, սոցիալական երաշխիքների, իր և իր ընտանիքի պաշտպանվածության զգացման, ինչպես նաև այն համոզմունքի հիման վրա, որ իր խնդիրները չեն անտեսվում։
Զինվորների վրաերթի դեպքը նաև պատճառ հանդիսացավ քննարկելու սպաների՝ ծառայության կազմակերպման ոլորտում առկա անթույլատրելի մոդելների կիրառումը, կառավարման տարբեր կողմերի միջև հաղորդակցության ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև լոգիստիկայի կազմակերպման թերությունները։
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Երևանի արտաքին ու անվտանգության քաղաքականության կենտրոնն առաջարկում է, որ ՀՀ պետական գերատեսչությունների, խնդրով զբաղվող քաղաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու մտահոգ քաղաքացիների մասնակցությամբ սկսվեն քննարկումներ՝ իրավիճակի պատշաճ հասցեագրման նպատակով ճանապարհային քարտեզ մշակելու համար։ Կարծում ենք, որ այս գործընթացում առանցքային նշանակություն պետք է ունենան խնդրի ճշգրիտ ձևակերպման և գնահատման մեթոդաբանության մշակումը, տվյալների համակարգված հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև հնարավորինս ազնիվ, բաց և անկաշկանդ քննարկումնեռի խթանումը։ Մենք վստահ ենք, որ առանց բոլոր շահագրգիռ կողմերին խնդրի սահմանման ու լուծման գործընթացներում ներգրավելու հնարավոր չէ հասնել խնդրի երկարաժամկետ ու կայուն լուծման։ Այս գործընթացում առանցքային նշանակություն պետք է ունենան քաղաքական կամքը, բարեվարքությունն ու աշխատանքային պրոֆեսիոնալիզմը»։
