Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/8/2026
share

8 ամսում՝ ոչ մարտական 33 մահ․ իրավապաշտպանները խոսում են քննության անարդյունավետության մասին

2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվել է 33 զինծառայողի մահ։ Այս մասին հայտնում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ ահազանգելով, որ միայն վերջին 10 օրվա ընթացքում զոհվել է 3 զինծառայող։

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ դեպքերի արդյունավետ քննության, պատասխանատուներին բացահայտելու և պետության պոզիտիվ պարտավորությունների կատարման հարցում շարունակում են խորանալ համակարգային խնդիրները։

«Բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թիվը 2026 թվականի առաջին 8 ամիսներին հասել է 33-ի։ Միայն վերջին 10 օրվա ընթացքում արձանագրվել է 3 զինծառայողի մահ։ Ինչո՞ւ են զինծառայողները մահանում (սպանվում)։ Պատճառները հասկանալու համար պետք է անդրադառնալ համակարգային խնդիրներին և պետությունից պահանջել դրանց անհապաղ լուծումներ։ Զինծառայողների ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերով պետական մարմինների կողմից արդյունավետ և պատշաճ գործողությունների բացակայությունը շարունակում է մտահոգիչ մնալ»,- նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«Հելսինկյան ասոցիացիան», որը 2018-2019 թվականներից իրավական և փաստաբանական աջակցություն է տրամադրում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդներին, ներկայացրել է իրենց վարույթում գտնվող աղմկահարույց գործերով 2026 թվականին արձանագրված իրավական զարգացումները։

Արթուր Ղազարյանի գործով․ 2023 թվականի մարտին ՄԻԵԴ ներկայացված դիմումի շրջանակում Դատարանը բարեկամական կարգավորում էր առաջարկել Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին, և ՀՀ կառավարությանը։ Գործադիրը մերժել էր առաջարկը՝ տեղեկատվություն ներկայացնելու համար խնդրելով ժամկետի երկարաձգում մինչև 2026 թ․ հուլիսի 17-ը։ 2026 թվականի հունվարի 16-ին քննիչը որոշում էր կայացրել քրեական վարույթը կարճելու մասին՝ պատճառաբանելով, թե պատասխանատու անձ չի հայտնաբերվել։ Փետրվարի 6-ին իրավապաշտպանների և տուժողի իրավահաջորդի հրավիրած ասուլիսից ու հանրային արձագանքից հետո ՀՀ զինվորական դատախազությունը որոշեց չհաստատել կարճման որոշումը և շարունակել քննությունը։ Այդուհանդերձ, իրավապաշտպանները նշում են, որ մինչ օրս նոր քննչական գործողությունների մասին տեղեկություններ չկան, իսկ Կառավարության՝ ՄԻԵԴ ներկայացրած դիրքրոշման մեջ տեղ են գտել ոչ ստույգ տեղեկություններ, որոնց վերաբերյալ պատրաստվող առարկությունը առաջիկա օրերին կուղարկվի եվրոպական դատարան։

Լևոն Թորոսյանի գործով․ Դատախազը որոշել է նոր՝ խստացված մեղադրանք առաջադրել դիրքի ավագին, ով նախկինում համաներմամբ ազատվել էր պատասխանատվությունից։ Նրան այժմ մեղադրում են Լևոն Թորոսյանին «ինքնասպանության հասցնելու» մեջ։ Տուժող կողմն ու փաստաբանները գտնում են, որ այս մեղադրանքի համար արհեստական հիմքեր են ստեղծվել։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շուրջ 5 ամիս ընթացող նիստերին տուժողի իրավահաջորդն ու «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբանը չեն մասնակցում՝ գործընթացը համարելով ոչ պատշաճ։

Տիգրան Օհանջանյանի գործով․ Պետությունը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։ Առնվազն երկու տարի է՝ հայտնի չէ, թե արդյոք որևէ քննչական գործողություն կատարվել է, թե ոչ։ Օգոստոսի 30-ին լրանում է Տիգրան Օհանջանյանի սպանության 19-րդ տարին։

Անդրանիկ Մկրտչյանի գործով․ 2024 թվականի սեպտեմբերին տուժողի մոր ներկայացրած գանգատով ՄԻԵԴ-ի առաջարկած բարեկամական կարգավորումը Հայաստանի կառավարությունը նույնպես մերժել էր՝ խնդրելով լրացուցիչ 12 շաբաթ։ Լրացված ժամկետում (2026 թ․ հունիսի 17) Կառավարությունը չի ներկայացրել պահանջված նյութերը, իսկ նախաքննական մարմինը որևէ քննչական գործողություն չի իրականացրել։

Վալերիկ Մուրադյանի գործով․ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթանում է դատավարություն՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Մեղադրյալ Ա.Խ.-ն հետախուզման մեջ է և գտնվում է ՌԴ-ում. արտահանձնման մերժման պատճառով քննությունն ընթանում է հեռավար։ Տուժող կողմն այս նիստերին ևս չի մասնակցում, քանի որ վարույթը չի վերաբերում մահվան իրական հանգամանքներին։ Առանց արդյունքի է նաև ՌԴ-ում գտնվող երկրորդ մեղադրյալի մասով նախաքննությունը։

Վոլոդյա Գալոյանի գործով․ Տևական ժամանակ քննված ինքնասպանության վարկածով առկա էր դատապարտյալ, սակայն իրավապաշտպանների և տուժող կողմի գրեթե երեք տարվա ջանքերից հետո հաջողվել է հասնել նրան, որ նախաձեռնվի նոր քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Այն ներկայումս քննության փուլում է։

«Այս գործերը վկայում են բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի արդյունավետ քննության, զոհված զինծառայողների ընտանիքների՝ արդարադատության հասանելիության և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին։ Միայն այն փաստը, որ օգոստոսի 30-ին կլրանա Տիգրան Օհանջանյանի սպանության 19-րդ տարին, ինքնին վկայումն է նրա, որ խնդիրը համակարգային է»,- ընդգծում են «Հելսինկյան ասոցիացիայից»։

Կազմակերպությունից հավելում են, որ շարունակելու են մշտադիտարկել նմանատիպ գործերը և տրամադրել իրավական աջակցություն․ «Զինծառայողների կյանքը պետք է պաշտպանված լինի, և դա պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Արձանագրված յուրաքանչյուր մահ պետք է ոչ միայն քննվի, այլև դառնա պատճառ՝ հասկանալու, թե ինչու դա տեղի ունեցավ և ինչ պետք է փոխվի, որպեսզի այն չկրկնվի»։

facebook sharing button facebook