
Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստվում էին ևս մեկ գիշեր անցկացնել տնից հեռու, քանի որ քամուց սնվող հրդեհը սպառնում էր ԱՄՆ արևմտյան Ռենո քաղաքին։
Նևադա նահանգի՝ Կալիֆոռնիայի սահմանին մոտ գտնվող և շուրջ 280,000 բնակիչ ունեցող այս քաղաքում դպրոցները փակվել են, քանի որ ծուխը պատել էր ողջ բնակավայրը։
Պաշտոնական տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ շուրջ 24,000 մարդ դեռևս գտնվում էր տարհանման հրահանգի տակ (ամենաբարձր պիկին այս թիվն անցնում էր 40,000-ից)։ Եվս տասնյակ հազարավոր բնակիչների զգուշացվել է պատրաստ վիճակում պահել անհրաժեշտ իրերը՝ ցանկացած պահի անհապաղ տարհանվելու համար։
«Հոք» (Hawk) անունը ստացած հրդեհը բռնկվել էր շաբաթ օրը և երկուշաբթի օրվա դրությամբ ընդգրկել ավելի քան 15,000 ակր (6,000 հեկտար) տարածք։ Այնուամենայնիվ, հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհի պարագծի 27%-ը, որի մի հատվածը գտնվում է Ռենոյից ընդամենը 5 մղոն (8 կիլոմետր) հյուսիս-արևմուտք։
Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն 7 մարդ ստացել է վնասվածքներ, այդ թվում՝ առաջին արձագանքման 3 աշխատակից։ Առնվազն 32 գույք ամբողջությամբ ոչնչացվել է, ևս մի քանիսը վնասվել են։ Պաշտոնյաները նշում են, որ այս թիվը կարող է աճել, երբ հրշեջներին հաջողվի մտնել հրդեհի ներսի հատվածները։
Truckee Meadows-ի հրշեջ ծառայության պետ Ռիչարդ Էդվարդսը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հրդեհի պատճառը «մարդկային գործոնն է»․ «Մենք չգիտենք՝ դա եղել է միտումնավոր, թե անզգուշության հետևանք։ Քննիչներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, հրդեհի ծագումը դեռևս կդասակարգվի որպես չպարզված»։
Ավելի քան 900 հրշեջներ, օգտագործելով հրշեջ մեքենաներ, ուղղաթիռներ և բուլդոզերներ, պայքարում են կրակի դեմ՝ չոր թփուտները մաքրելու համար։ ԱՄՆ-ի տարբեր նահանգների գործընկերների հետ միասին աշխատանքներին մասնակցում են նաև Ավստրալիայից և Նոր Զելանդիայից ժամանած թիմերը։
Էդվարդսն ավելի վայր կոչ էր արել բնակիչներին պատրաստ լինել անհապաղ տարհանման, հրահանգ ստանալուն պես։
«Եթե ձեզ ասել են տարհանվել, խնդրում եմ, մի՛ սպասեք»,- հայտարարել է Ռենոյի քաղաքապետ Հիլարի Շիվը։
Աղբյուրը` AFP
