
Հայաստանի կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների իր գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները, որոնք ընդգրկում են արտաքին քաղաքականության, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, սոցիալական և հանրային կառավարման ոլորտները։
Խաղաղության ամրապնդում, ապաշրջափակում և վիզաների ազատականացում
Արտաքին անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից գործադիրը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում ու ինստիտուցիոնալացում, ինչպես նաև երկրի ապաշրջափակում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։ Միաժամանակ նպատակադրվում է խորացնել գործընկերությունները տարածաշրջանից դուրս և հասնել ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության մուտքի վիզաների ազատականացման։
6% տնտեսական աճ, 125,000 նոր աշխատատեղ և արտահանման կրկնապատկում
Տնտեսական հատվածում կառավարությունը նպատակ է դրել ապահովել տարեկան միջինում 6 տոկոս տնտեսական աճ, ստեղծել 125,000 նոր աշխատատեղ և աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Նախատեսվում է առնվազն կրկնապատկել հայկական ապրանքների արտահանման ծավալը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շուկան ավելացնել առնվազն 3 անգամ։ Արդյունաբերական արտադրանքի թողարկումը նախատեսվում է հասցնել 5 տրիլիոն դրամի՝ 2025 թվականի 3,3 տրիլիոնի համեմատ, իսկ գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է համախառն արտադրանքի առնվազն 50 տոկոս աճ և հացահատիկի արտադրության կրկնապատկում։
2,500 կմ ճանապարհ, 10 նոր ջրամբար և վերականգնվող էներգետիկա
Ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում նախատեսված է 2,500 կմ ավտոճանապարհի և 40 կամրջի կառուցում կամ նորոգում։ Ջրային ոլորտում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի կառուցումը՝ դրանք 2033 թվականին ավարտելու նպատակադրմամբ, կառուցել ու վերակառուցել 350 կմ ջրանցք և խողովակաշար, ինչպես նաև 24-ժամյա ջրամատակարարում ապահովել առնվազն Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Էներգետիկ համակարգում ծրագրվում է գործարկել 1,000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայաններ։
Համապարփակ ապահովագրություն, 300 դպրոց և Ակադեմիական քաղաք
Սոցիալական և կրթական ոլորտների առանցքային խոստումներից են ամբողջ բնակչության ներառումը առողջության ապահովագրության համակարգում, 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 մանկապարտեզի, 100 արտադպրոցական հաստատության և 100 համակցված խաղահրապարակի կառուցումն ու հիմնանորոգումը։ Նախատեսվում է նաև Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի և 3,600 ուսանողի համար կացարանների կառուցում։
ԱԲ հզորություններ և 3 նոր արբանյակ
Բարձր տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտում նախատեսվում է ձևավորել առնվազն 100,000 GPU-ի համարժեք արհեստական բանականության հաշվարկային հզորություններ՝ դրանց 10 տոկոսը հասանելի դարձնելով գիտական, կրթական և ստարտափային հատվածներին։ Տիեզերական կարողությունների զարգացման շրջանակում նախատեսվում է ձեռք բերել և շահագործել երկրի դիտարկման առնվազն 2 և հեռահաղորդակցման 1 արբանյակ։
Ամբողջական թվայնացում և 2 միլիարդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ
Պետական կառավարման և հակակոռուպցիոն ոլորտում խոստացվում է պետական ու համայնքային ծառայությունների ամբողջական թվայնացում և ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շարունակականություն։ Այս գործընթացը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված անտառների, լողափերի, զբոսայգիների ու հանրային տարածքների վերադարձ պետությանն ու համայնքներին, ինչպես նաև շուրջ 2 միլիարդ դոլարին համարժեք ապօրինի գույքի վերադարձ հանրությանը։
Այս պահին Ազգային ժողովում ընթանում են կառավարության հնգամյա ծրագրի քննարկումները․ փաստաթուղթը դեռևս չի հաստատվել խորհրդարանի կողմից։
