Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/8/2026
share

Հունգարիայում երաշտի պատճառով ցամաքում է Տուշկոշ-տո լիճը

Հունգարիայում երաշտը շարունակում է ձևափոխել ջրային ավազանների տեսքը։ Օգոստոսի 23-ին արված լուսանկարում Բեկեշի մարզի Դոբոզ շրջանում գտնվող Տուշկոշ-տո (Tuskós-tó) լիճն է։ Երբեմնի ջրառատ ավազանն այսօր վերածվել է ցամաքած հունի՝ ճաքճքած հատակով։

Tuskós-tó-ն մոտ 2.7 հեկտար մակերեսով բնական փոքր ջրամբար է, որը տեղացիներին հայտնի է որպես ձկնորսական վայր։ Այն մաս է կազմում կողք կողքի գտնվող երկու լճերի՝ Տուշկոշ և Դիգոյի  համակարգի։

Հունգարիայի հարավ-արևելքում ջրավազանների ներկայիս վիճակն արտացոլում է տարածաշրջանային խնդիրը․ վերջին ամիսներին այստեղ արձանագրվել է խոնավության սուր դեֆիցիտ և բարձր ջերմաստիճանային ֆոն։ Օգոստոսի 20-23-ն ընկած հատվածում երկրում հայտարարվել էր շոգի բարձր վտանգավորության աստիճան․ ջերմաստիճանը երկար ժամանակ պահպանվել է +30 °C-ից բարձր։

Բարձր ջերմաստիճանի հետևանքով ուժեղացած գոլորշիացումն առաջին հերթին հարվածում է փոքր լճերին։ Ջրի ծավալի կորուստն անմիջապես փոխում է լանդշաֆտը․ ջուրը նահանջում է ափերից, բացվում է տղմոտ հատակը, իսկ որոշ հատվածներ ամբողջությամբ չորանում են։

Բեկեշում արված լուսանկարն արձանագրում է այդ փոփոխությունը․ այնտեղ, որտեղ դեռ վերջերս ջրային մակերես էր, այժմ չոր հող է։ Ձկնորսական նշանակություն ունեցող լճի համար սա տեղական էկոհամակարգի խաթարման լուրջ ազդակ է։

Վիճակն ավելի է բարդանում ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով։ Բեկեշի հիդրոլոգիական կայանի տվյալներով՝ հարևան Կետտյոշ-Կյորյոշ գետում ջրի ջերմաստիճանն օգոստոսին պահպանվել է +24…+25 °C-ի սահմաններում։

Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցող երաշտի մասշտաբների մասին վկայում են նաև «Виртуальный Брест»-ի հրապարակած լուսանկարները, որտեղ չորացած հունն ու ճաքած հողն ավելի խոսուն են, քան տեղումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն։

Մեկ լճի ցամաքումը դեռևս ամբողջ տարածաշրջանի վիճակի վերջնական ցուցիչը չէ, քանի որ փոքր ջրավազաններն ավելի արագ են արձագանքում տեղային կլիմայական շեղումներին, քան խոշոր գետերն ու ջրամբարները։ Այնուամենայնիվ, հենց դրանք են առաջինը ահազանգում ջրային ռեսուրսների ճգնաժամի մասին։

Քանի դեռ բարձր ջերմաստիճանը պահպանվում է, ջրի մակարդակի վերականգնումը կախված է լինելու տեղումների քանակից։ Մասնագետները նշում են, որ առաջին անձրևները միայն կխոնավացնեն հողը, իսկ ջրավազանի լիարժեք վերականգնման համար զգալիորեն ավելի երկար ժամանակ կպահանջվի։

Տուշկոշ-տոյի լուսանկարը Հունգարիայում խորացող երաշտի և կլիմայական փոփոխությունների հերթական տեսանելի հետքն է։

Աղբյուրը՝ vbrest news

facebook sharing button facebook