Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/8/2026
share

Հայաստանը կսկսի ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմումի գործընթացը․ Փաշինյան

Հայաստանը կնախապատրաստվի ԵՄ անդամակցության դիմումին. Փաշինյան

Հայաստանի իշխանությունները մտադիր են առաջիկայում սկսել Եվրոպական Միությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթացը։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելը նպատակահարմար կլինի այն ժամանակ, երբ դիմումին հաջորդի պաշտոնական Բրյուսելի արձագանքը, և հստակեցվեն անհրաժեշտ բարեփոխումների ժամկետները։

«Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխաններն ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական Միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը, առավել ևս՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- նշել է վարչապետը։

Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանություններին հորդորել են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ կանոնակարգերով՝ անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր առիթներով ընդգծել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Վարչապետը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեն իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ պաշտոնական դիմումին կհաջորդի համապատասխան արձագանք, և պարզ կլինեն անհրաժեշտ բարեփոխումների ժամկետները։ Նա նաև հավելել է, որ այս հարցում ԵԱՏՄ գործընկերների հայտարարությունը հայկական կողմն ընկալում է որպես բարեկամական ժեստ։

«Ուշադրության է արժանի ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ. «Կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական Միության անդամագրվելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, և վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ դիվերսիֆիկացիան ու այլընտրանքների ձևավորումը պետական անվտանգության և ինքնիշխանության պահպանման հարց են, քանի որ այլընտրանքների բացակայությունը հնարավորություն է տալիս այլ պետություններին՝ Հայաստանին պարտադրել ցանկացած որոշում։

«Անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է, և նավթամթերքի շուկան այս բանաձևի կիրառման փայլուն օրինակ է։ 2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն նավթամթերք է ներմուծվել 20 տարբեր երկրներից: Սա իրական դիվերսիֆիկացիա է, հավասարակշռված քաղաքականություն, և այդ քաղաքականությունը պետք է տարածել տնտեսական բոլոր ոլորտների վրա»,- ասել է Փաշինյանը։

Որպես այլընտրանքների բացակայության հետևանք՝ կառավարության ղեկավարը մատնանշել է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների, մասնավորապես՝ վարդերի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Փաշինյանը դա որակել է ոչ թե Հայաստանի, այլ անմիջապես ԵԱՏՄ-ի ճգնաժամ՝ հավելելով, որ հայկական կողմի համար դա նոր գնորդներ ու շուկաներ գտնելու հնարավորություն է։

«Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, առիթ ունեցել եմ ասելու, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա, ըստ էության, ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում»,- նշել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, որպես հաջողված դիվերսիֆիկացիայի օրինակ, նա նշել է նավթամթերքի շուկան․ չնայած գլոբալ մատակարարման ճգնաժամերին՝ Հայաստանը խուսափել է վառելիքային դեֆիցիտից, հատկապես որ 2025-ից սկսվել են ներմուծումներ նաև Ադրբեջանից։

«Հորմուզի նեղուցում և Ռուսաստանի Դաշնությունում նավթամթերքի մատակարարումների հետ կապված ճգնաժամի հետևանքով Հայաստանը բենզինային ճգնաժամի առաջ չկանգնեց, որովհետև 2018-ի հեղափոխությունից առաջ և մինչ այդ հստակ վերահսկվող նավթամթերքի շուկան ազատականացվեց, իսկ 2025-ին սրան գումարվեց նաև Ադրբեջանից նավթամթերք ներմուծելու հանգամանքը»,- եզրափակել է Փաշինյանը։

facebook sharing button facebook