Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/8/2026
share

Ջուրը՝ ռազմական թիրախ․ 2020-ից ի վեր ջրային հակամարտությունների թիվը քառապատկվել է

2020 թվականից ի վեր աշխարհում ջրային ռեսուրսների հետ կապված հակամարտությունների թիվը գրեթե քառապատկվել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների։ Ստոկհոլմում մեկնարկած «Ջրի համաշխարհային շաբաթ» համաժողովին ընդառաջ Pacific Institute-ի հրապարակած տվյալները փաստում են, որ խնդիրն այլևս միայն կլիմայական փոփոխությունը չէ․ ջրային ենթակառուցվածքները զանգվածաբար վերածվում են ռազմական թիրախների և պատերազմական զենքի։

Վերջին տարիներին ջրային հակամարտությունների կտրուկ աճը գտնվում է ուշադրության կենտրոնում, քանի որ կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում և առցանց ձևաչափով մեկնարկում է «Ջրի համաշխարհային շաբաթ» (World Water Week) համաժողովը։

«Ջուրը մարդկանց և առաջընթացի համար» խորագրով համաժողովն ամեն տարի կազմակերպվում է Ստոկհոլմի ջրի միջազգային ինստիտուտի (SIWI) կողմից և ընդգծում է ջրային անվտանգության աճող գլոբալ մարտահրավերները։

Ամերիկյան վերլուծական կենտրոնի տվյալներով՝ միայն 2024 թվականին գրանցվել է ջրի հետ կապված 420 հակամարտություն (78%-ով ավելի, քան 2022-ին)։ Դեպքերի 55%-ում ջրային ենթակառուցվածքները (ամբարտակներ, ջրատարներ, մաքրման կայաններ) դիտավորյալ վնասվել կամ ոչնչացվել են ռազմական գործողությունների ընթացքում։ 28%-ի դեպքում ջրի սակավությունն է հրահրել բախումներ, իսկ 2%-ում ջուրը կիրառվել է որպես ուղղակի զենք՝ տարածքներ ջրասույզ անելու կամ մատակարարումները ճնշման նպատակով կտրելու միջոցով։

Ամերիկյան Pacific Institute անկախ վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին գրանցվել է ջրի հետ կապված 420 հակամարտություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է և 78 տոկոսով ավելի է 2022 թվականի 235 հակամարտություններից։

Աճը հիմնականում պայմանավորված է ջրային ենթակառուցվածքների վրա հարձակումներով և ջրին հասանելիության շուրջ վեճերով, հատկապես երկարատև պատերազմներից տուժած տարածաշրջաններում։

Որոնք են ջրային հակամարտությունների պատճառները Ավելի քան երեք տասնամյակ Pacific Institute-ը հետևում է գլոբալ ջրային հակամարտություններին իր Water Conflict Chronology տվյալների բազայի միջոցով՝ դասակարգելով յուրաքանչյուր միջադեպ ըստ նրա, թե արդյոք ջուրը ծառայել է որպես զոհ, դրդապատճառ (տրիգեր), թե պատերազմի զենք։

  • Զոհ (Casualty). Ջրային ենթակառուցվածքները վնասվում կամ ոչնչացվում են հակամարտության ընթացքում՝ դիտավորյալ կամ որպես կողմնակի վնաս։ Սա կարող է ներառել ամբարտակներ, ջրատարներ, հորեր, մաքրման կայաններ և էներգահամակարգեր, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարումը պահպանելու համար։ 2024 թվականին ջրային հակամարտությունների 55 տոկոսը պայմանավորված է եղել նման դեպքերով։

  • Դրդապատճառ (Trigger). Ջրի պակասը, անհավասար հասանելիությունը կամ ռեսուրսների շուրջ վեճերը բռնություն են հրահրում, որտեղ հաճախ ներգրավված են համայնքներ, ֆերմերներ, անասնապահներ կամ զինված խմբավորումներ։ Սակավությունը և հասանելիության վեճերը մնում են տարածված՝ 2024 թվականին կազմելով ջրային հակամարտությունների 28 տոկոսը։

  • Զենք (Weapon). Ջուրը դիտավորյալ մանիպուլյացիայի է ենթարկվում՝ հակառակորդին վնասելու կամ ճնշելու համար, այդ թվում՝ մատակարարումները կտրելու, աղբյուրները աղտոտելու, տարածքները ջրասույզ անելու կամ հասանելիությունը վերահսկելու միջոցով։ Ջրի կիրառումը որպես զենք ավելի հազվադեպ է, բայց պահպանվող երևույթ է, ինչը ընդգծում է ջրային սթրեսի, կլիմայական ճնշումների և հակամարտությունների միջև աճող կապը (2024-ին դեպքերի 2 տոկոսը)։

Որտեղ են ջրային հակամարտություններն ամենամեծ սպառնալիքը ներկայացնում 2026 թվականին

Պաղեստին

Գազայում 2.1 միլիոն բնակչից 1.9 միլիոնը մնում է տեղահանված, մինչդեռ ջրամատակարարման և սանիտարական ենթակառուցվածքների մոտ 90 տոկոսը վնասվել կամ ոչնչացվել է իսրայելական հարվածների հետևանքով (ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի):

Մինչև 70 տոկոսը չի կարողանում հավաքել մեկ անձի համար օրական նվազագույն 6 լիտր խմելու և կերակուր պատրաստելու ջուրը, իսկ տնային տնտեսությունների 90 տոկոսը բախվել է ջրային միջինից բարձր անանվտանգության։

Պատերազմի պատճառով Գազայի երեխաները ստիպված են իրենց տարիքին չհամապատասխանող ծանր պարտականություններ ստանձնել, այդ թվում՝ ջուր հավաքել, սննդի հերթերում կանգնել և վառելափայտ հավաքել [Abdelhakim Abu Riash/Al Jazeera]

«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) բժշկական կազմակերպությունը հայտնել է, որ ջրի գները բարձրացել են մինչև 500 տոկոսով։ Պարբերական հարձակումները, մատակարարումների սահմանափակումները և ջրային օբյեկտների վնասումը խաթարել են բաշխումը՝ սրելով փորլուծային ու մաշկային հիվանդությունները և մեծացնելով ռիսկերը երեխաների ու հղի կանանց համար։

Բռնազավթված Անդրհորդանանում բնակիչների հարձակումները և իսրայելական քանդումները վնասել ու ոչնչացրել են պաղեստինյան ջրային ենթակառուցվածքները․ Ռամալլահից արևելք գտնվող Այն Սամիյայի հորերի վրա հաճախակի հարձակումները կտրել են մոտ 100,000 մարդու ջրամատակարարումը։

Սուդան

2023 թվականի ապրիլից Սուդանի զինված ուժերի և «Արագ աջակցության ուժերի» (RSF) միջև մարտերը տեղահանել են մոտ 12 միլիոն մարդու և առաջացրել հումանիտար ճգնաժամ, որն ազդում է ավելի քան 30 միլիոնի վրա։

Ժնևի ակադեմիայի զեկույցում փաստագրվել են հարձակումները ջրային ենթակառուցվածքների, այդ թվում՝ ջրամբարների, մաքրման կայանների և բաշխիչ ցանցերի վրա, հատկապես Դարֆուրում։ Ջրամատակարարման և սանիտարական համակարգերի փլուզումը հանգեցրել է խոլերայի բռնկումների և սրել սննդային անվտանգությունը, ընդ որում՝ սովի ռիսկերը մեծանում են Դարֆուրում, Կորդոֆանում և Կապույտ Նեղոսում։

Սուդանցի տղան ջուր է հավաքում Չադի Ադրե բնակավայրում։ Չադը դարձել է Աֆրիկայում մեկ շնչի հաշվով ամենաշատ փախստականներ ընդունող երկիրը (1.4 միլիոն, որից ավելի քան 900,000-ը փախել են Սուդանի մարտերից) [Dan Kitwood/Getty Images]

Իրան

Փետրվարի 28-ից Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածները էլ ավելի են ծանրաբեռնել ջրային համակարգը, որն արդեն իսկ թուլացած էր տարիների երաշտի, տեղումների ցածր մակարդակի, ստորերկրյա ջրերի սպառման և գյուղատնտեսական պահանջարկի պատճառով։

Ըստ հաղորդումների՝ հարվածները վնասել են Ղեշմ կղզու և Հորմոզգան նահանգի աղազերծման կայաններն ու ջրամբարները՝ խաթարելով տասնյակ հազարավոր մարդկանց ջրամատակարարումը։ Էլեկտրական ցանցերի և ճանապարհների վնասումը խոչընդոտել է վերանորոգման աշխատանքներին։ Հարվածները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի պաշարները կրիտիկական ցածր մակարդակի վրա էին․ որոշ ջրամբարներ սպառված էին մինչև 92 տոկոսով։ Մաշհադում (Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքը, որտեղ ապրում է մոտ 4 միլիոն մարդ) ջրամբարների ջրի մակարդակը իջել էր 3 տոկոսից ցածր։

Ծոցի տարածաշրջան

Իրանի դեմ պատերազմն ի ցույց է դրել ջրային կարևոր ենթակառուցվածքների խոցելիությունը մի տարածաշրջանում, որն աշխարհում ջրային ռեսուրսներով ամենասակավն է։

Պարսից ծոցում ջրային անվտանգությունը մեծապես կախված է ծովի ջուրը վերամշակող խոշոր աղազերծման կայաններից։ Դրանք ապահովում են խմելու ջրի մոտ 90 տոկոսը Քուվեյթում, 86 տոկոսը՝ Օմանում և 70 տոկոսը՝ Սաուդյան Արաբիայում։ Բահրեյնում այդ ցուցանիշը գերազանցում է 90 տոկոսը, իսկ Կատարում հասնում է 99 տոկոսի։

Պատերազմի ընթացքում աղազերծման կայաններ են վնասվել Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Իրանում, թեև ջրամատակարարման վրա հաղորդված ազդեցությունը հիմնականում սահմանափակ է եղել։

Ուկրաինա

Ուկրաինայի ջրային ճգնաժամը վատթարացել է, քանի որ Ռուսաստանի հետ պատերազմը վնասում է ջրային և էներգետիկ կարևոր ենթակառուցվածքները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ անցյալ տարի 4.3 միլիոն մարդ ստացել է անվտանգ ջրի աջակցություն, մինչդեռ 12.7 միլիոնն ունի հումանիտար աջակցության կարիք։

Հարվածները 70 տոկոսով նվազեցրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ խաթարելով ջրամատակարարումը և ջեռուցումը։ Խերսոնում այս ամիս իրականացված հարվածները զրկել են ջրամատակարարումից ամբողջական թաղամասեր։

2023 թվականի հունիսին Կախովկայի ամբարտակի աղետն ազդել է ավելի քան 100,000 մարդու վրա, մինչդեռ մոտ 10 միլիոնն այժմ չունի անվտանգ ջրի կայուն հասանելիություն․ Al Jazeera

facebook sharing button facebook