
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացը դեռ չի ավարտվել։ Այդ օրը ընտրություններ են նախատեսված Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
Ըստ ԿԸՀ-ի՝ Ֆերիկ համայնքի ընտրողների թիվը կազմում է 250, Լերմոնտովոյինը՝ 725, Թումանյան համայնքինը՝ 4953, իսկ Արզնիինը՝ 2344։
Սեպտեմբերի 27-ին կայանալիք մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների թեկնածուները (Լերմոնտովո, Ֆերիկ և Արզնի) գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ՝ մինչև ժամը 18։00-ը։
Այսինքն՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը օգոստոսի 23-ից օգոստոսի 28-ն է՝ մինչև ժամը 18։00-ը։
Լոռու մարզի Թումանյան համայնքում, որտեղ ավագանու ընտրությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով, կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն օգոստոսի 13-ից օգոստոսի 23-ն է՝ մինչև ժամը 18։00-ը։
Նշենք՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 104.1-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով։
Օրենսգիրքը սահմանում է նաև ավագանու անդամների թիվը։ Թումանյան համայնքի ավագանին բաղկացած կլինի 15 անդամից(4001-ից 10.000 ընտրող ունեցող համայնք), Արզնիինը՝ 9 անդամից(2001-ից 4000 ընտրող ունեցող համայնք), իսկ Լերմոնտովոյինն ու Ֆերիկինը՝ 5-ական անդամից(մինչև 1000 ընտրող ունեցող համայնք)։
