.jpg )
Հանրապետության 2-րդ և 3-րդ քաղաքներ Գյումրիում և Վանաձորում 4 տարի Եվրամիության դրամաշնորհով իրականացված «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին ձերբակալվել է։ Ավելի քան 4 մլն․ եվրո դրամաշնորհի շոշափելի արդյունքներ 2 քաղաքներում այդպես էլ չտեսան՝ չհաշված պլաստիկե աղբարկղերն ու էլեկտրական ավտոբուսները, որոնք մինչ օրս Գյումրիում չեն շահագործվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Նատալյա Լափաուրին մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Թանկարժեք ծրագիր, որից 2 քաղաքներին մնացին ընդամենըի պլաստիկե աղբարկղեր ու էլեկտրական ավտոբուսներ։ Վերջիններս, ի դեպ, եթե Վանաձորում թեև ուշացումով շահագործվեցին, Գյումրիում մինչ օրս երթուղի դուրս չեն եկել։ Հակակոռուպցիոն կոմիտեն օգոստոսի 19-ին հայտնեց, որ ձերբակալվել են «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին և նույն ծրագրի փորձագետ Դավիթ Մելքոնյանը։ «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց․«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթն շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավարը։ Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նախաքննության շահերից ելնելով, այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել։ Ծրագրի ղեկավարի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց են կիրառվել տնային կալանքը և 20 միլիոն դրամի գրավը։ Նույն ծրագրի փորձագետը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ Նրա նկատմամբ ևս, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանքը»
ԵՄ-ի ավելի քան 4մլն․եվրո արժեքով դրամաշնորհային ծրագրի խնդրահարույց ընթացքին «Ռադիոլուր»-ը նախկինում էլ է անդրադարձել։ Դեռ անցած տարի «Ազատությունն» էր հետաքննել ու պարզել բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես՝ ծրագրի աշխատակազմի ընտրությունը թափանցիկ չի եղել։ Աշխատակիցների մեծ մասը եղել են համայնքապետարանի պաշտոնյաների կանայք, աղջիկներ ու մերձավորներ։ Ուշագրավ է, որ լրատվամիջոցի հետ զրույցում Նատալյա Լափաուրին շահերի բախման հետ կապված որևէ խնդիր չէր տեսել ու նշել, միջազգային կառույցները ևս իրենց գործունեությունը դիտարկել են ու որևէ շեղում Եվրամիության կանոններից չի եղել:
«Ես չգիտեմ որպես ծրագրի ղեկավար, ով ում կինն է, ում ամուսինն է, անկեղծ։ Ինքը ինձ հետաքրքրել է որպես մասնագետ, ու կարծում եմ, որ դա բնական է»։
Ծրագրով 10 Էլեկտրական ավտոբուսներից 5-ը, ի թիվս, այլ թանկարժեք գույքի, Վանաձորը նվեր է ստացել։ 4 տարվա ծրագրով, 2 քաղաքների համար բացի պլաստիկ աղբարկղերը, նաև 10 ավտոբուսներ էին գնվել, 6 լիցքավորման կայաններ, վարորդների ուսուցում ու 1 տարվա երաշխիքային սպասարկում, որն արժեցել էր 1 միլիոն 700 եվրո։ Մշակվել էր նաև հանրային տրանսպորտի ռազմավարություն 2 քաղաքների համար։ Բացի այս, 2 քաղաքներում վաղուց պիտի գործարկված լինեին թափոնների վերամշակման հոսքագծերը, որոնք օրական 1 տոննայից ավելի շինարարական սալիկ պիտի արտադրեին, այնինչ դրանք չկան: Ավլող-լվացող մեքենան ևս վանաձորցիները մի քանի անգամ են տեսել։ Անհայտ է նաև ծրագրի այլ բաղադրիչների ճակատագիրը: Եթե 5 ավտոբուսից գոնե 4-ը Վանաձորում շահագործվում են, Գյումրիում դրանք ընդհանրապես չեն շահագործվել։
ԵՄ ծրագրի ոչ նպատակային ծախսերի ու ձախողումների մասին աղմկահարույց հրապարակումների ֆոնին էր, որ 2025 -ին Վանաձորի ավագանին ստիպված նիստ էր գումարել, որի ժամանակ ավագանու անդամները հարցեր էին հղել Նատալիա Լափաուրիին՝ ԶԼՄ հրապարակումներում հիշատակված չարաշահումների վերաբերյալ։
«Ես ուզում եմ հասկանալ այս ի՞նչ խնդիրներ են ծրագրի հետ կապված։ Ֆինանսական հաշվետվությունները ձեր ո՞ւր են և այդ մեղադրանքների պաշտոնական արդարացումը ո՞ւր է»,- հարցրել էր Վանաձորի ավագանու անդամ Լուսինե Թադևոսյանը։
Սրան հաջորդել էր նաև 2025-ին ԵՄ հայաստանյան պատասխանատուների այցը Վանաձոր։ Նրանք ստուգել էին արդյո՞ք ծրագրով նվիրաբերված գույքը տեղում է, պատշաճ վիճակում ու երբ են գործելու ծրագրի բոլոր բաղադրիչները: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասը՝ մոտ 300 հազար եվրոն հետգանձելու պահանջ է ներկայացրել՝ իր հետ կնքված պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի համար:
Արդյոք համայնքային բյուջեի՞ց, թե՞ պաշտոնյաների անձնական միջոցներից պիտի վերադարձվի չարդարացված ծախսերից գոյացած պարտքը, Վանաձորի համայնքապետարանից այդպես էլ չարձագանքեցին: «Քաղաքացու Ձայն»-ին չհաջողվեց կապ հաստատել նաև Նատալիա Լափաուրիի և Դավիթ Մելքոնյանի փաստաբանների հետ։
