
Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումից չորս տարի անց Ուկրաինայում ռազմական գործողությունների բնույթն արմատապես փոխվել է․ ռազմաճակատում թիրախների մոտ 90%-ն այժմ ոչնչացվում է անօդաչու թռչող սարքերով, իսկ առաջնագծում ակտիվորեն կիրառվում են ցամաքային ռոբոտներ։ Չնայած դրան՝ ուկրաինական բանակը շարունակում է դեսանտայինների ուսուցումն ավանդական պարաշյուտային ցատկերով ու դաժան հոգեբանական վարժանքներով։
«Պարաշյուտային համակարգերով անձնակազմի դեսանտավորումն աննպատակահարմար է, որովհետև հակառակորդի միջոցները կարող են շատ արագ չեզոքացնել նրանց», -AFP-ին տված հարցազրույցում նշում է 24-ամյա հրահանգիչ Աքսելը։
Ինչու են պահպանվում «աննպատակահարմար» վարժանքները
Հակառակորդի թիկունքում պարաշյուտային ցատկերը ժամանակակից պատերազմում գործնական կիրառություն գրեթե չունեն։ Երիտասարդ սպա Ռոման Կուլիևիչի խոսքով՝ դրանք պահպանվում են որպես ավանդույթ, որն առաջին հերթին ծառայում է որպես հոգեբանական պատրաստվածության միջոց։
Նույն նպատակին է ծառայում նաև «արագընթաց երթը», որը թեկնածուները պետք է անցնեն դեսանտայինի բերետ վաստակելու համար։ Պայթյունների ու կրակոցների տակ ապագա դեսանտայինները կիլոմետրերով քայլում են ավազի ու ճահիճների միջով, ինչից հետո անցնում են ձեռնամարտի փորձառու զինվորների հետ։
«Սա ըստ էության հոգեբանական պատրաստվածություն է․ այսպես հասկանում ենք՝ արդյոք անձնակազմը պատրաստ է սթրեսային իրավիճակների և ինչպես է պայքարում վախի դեմ», -պարզաբանում է Աքսելը։
Դրոնային պատերազմի իրականությունը
Ռազմաճակատում գտնվողների համար հիմնական վախն այլևս ոչ թե դիրքերին գրոհող հետևակայինն է, այլ՝ հեռվից հեռակառավարման վահանակով անօդաչու սարք ղեկավարող անտեսանելի հակառակորդը։
Օրերով առանց ռոտացիայի մնալը, սննդի պակասը և երկնքում գտնվող «աչքերին» դիրքը չմատնելու համար անշարժ մնալը դրոնային պատերազմի ամենօրյա իրականությունն է։
Ավագ հրահանգիչ Յուրին նկատում է՝ գուցե մի օր «միայն տեխնիկները կռվեն», բայց հավելում է․ «Տարածքը պահվում է միայն այն ժամանակ, երբ այնտեղ իրական ստորաբաժանումներ են կանգնած․ այսինքն՝ մարդիկ, այլ ոչ թե ռոբոտներ»:
Հիեցնենեք որ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի սկսած լայնամասշտաբ հարձակումից չորս տարի անց պատերազմն առաջնագծում վերածվել է դիրքային ծանր մարտերի, որտեղ թիրախների մոտ 90%-ն այժմ ոչնչացվում է անօդաչու սարքերով, իսկ ճակատային գիծը գրեթե անփոփոխ է։ Ռուսաստանը շարունակում է հրթիռային հարվածները Ուկրաինայի քաղաքներին ու էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ ուկրաինական դրոնները թիրախավորում են Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակման գործարանները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով տեղահանված է ավելի քան 9.5 միլիոն ուկրաինացի, իսկ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել։
Նյութի աղբյուրը` AFP
