Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/8/2026
share

Ադրբեջանը դատի է տվել CNN-ին՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ իր տարածքից գործելու մասին պնդումների համար

Ադրբեջանը ԱՄՆ դատարանում դատի է տվել CNN-ին՝ հունիսին հրապարակված հոդվածում հնչած այն պնդումների համար, թե Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի թեժ շրջանում իսրայելական ուժեր են ուղարկվել Ադրբեջան։

Ադրբեջանական իշխանամետ Report լրատվական գործակալությունը օգոստոսի 19-ին գրել է, որ Բաքուն երեք անգամ CNN-ից պահանջել է հետ վերցնել հոդվածը, սակայն լրատվամիջոցը հրաժարվել է դա անել։

Խոսքը մի հոդվածի մասին է, որը հղում է անում չորս անանուն աղբյուրի և պնդում, որ Իսրայելը Ադրբեջան է ուղարկել «էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ»՝ որպես «Մերձավոր Արևելքում գաղտնի օբյեկտների ցանցի մաս, որը նախատեսված էր Իրանի դեմ գործողություններն ապահովելու համար»։

CNN-ի հետ զրուցած աղբյուրներից երկուսի համաձայն՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերում, այդ թվում՝ Իրանի Թավրիզ քաղաքից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կետում։ Հակամարտության ընթացքում Իսրայելը հարվածել էր Թավրիզին։

«Այդ վայրում տեղակայվել էին նաև հատուկ նշանակության կոմանդոսական ստորաբաժանումներ, որոնք հետախուզական գործողություններ և դրոնների կիրառմամբ առաքելություններ էին իրականացնում, հայտնել են մյուս երկու աղբյուրները՝ նշելով, որ այդ դիրքը Իսրայելին հնարավորություն էր տալիս պատերազմի ընթացքում հյուսիսային Իրանը դիտարկել առավել նպաստավոր դիրքից»,- գրել է CNN-ը։

Հոդվածը հրապարակվել էր լուրերի ֆոնին, որ 2025-ի կարճատև Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Բաքուն հերքել էր սա։

2026-ի հունվարին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիին կրկին հավաստիացրել էր, որ Ադրբեջանի տարածքը «երբեք» չի օգտագործվի «որևէ պետության» կողմից Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Ի պատասխան CNN-ի 2026-ի հունիսյան հոդվածի՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը հերքել էր, իր ձևակերպմամբ, «երրորդ երկրների դեմ գործողությունների համար Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ անհիմն պնդումները»։

Այդ հայտարարությունը, ինչպես նաև հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալության մեկնաբանությունները, ներառվել էին CNN-ի հոդվածում։

Այնուամենայնիվ, Report-ը գրել է, որ «թեև CNN-ը խոստացել էր ուսումնասիրել Ադրբեջանի պահանջները, այս ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել և հետ չի վերցրել նշված պնդումները», ինչի հետևանքով էլ հայց է ներկայացվել դատարան։

OC Media-ն մեկնաբանության համար դիմել է CNN-ին։

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

facebook sharing button facebook