
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporación América Airports ընկերության կառավարմամբ գործող օդանավակայանների շարքում 2026-ի երկրորդ եռամսյակում ուղևորահոսքի ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում։
Ընկերության երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների համաձայն՝ Հայաստանում ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13 տոկոսով։ Ընդ որում՝ աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով չվերթների չեղարկումների և տարածաշրջանի օդային տարածքի սահմանափակումների պայմաններում։ Հուլիսին աճն արագացել է՝ հասնելով 17 տոկոսի։
Հայաստանի ցուցանիշը լավագույնն է եղել Corporación América Airports-ի ամբողջ պորտֆելում։ Համեմատության համար՝ Իտալիայում երկրորդ եռամսյակում ուղևորահոսքն աճել է ավելի քան 5 տոկոսով, Բրազիլիայում՝ մոտ 4 տոկոսով, Ուրուգվայում և Էկվադորում՝ մոտ 2 տոկոսով։ Արգենտինայում, հակառակը, այն նվազել է մոտ 6 տոկոսով։
Corporación América Airports-ը տարբեր երկրներում սպասարկել է ընդհանուր առմամբ մոտ 21 մլն ուղևոր։ Միջազգային ուղևորահոսքն աճել է գրեթե 6 տոկոսով, իսկ ներքինը նվազել է 8 տոկոսով՝ հիմնականում Արգենտինայի ցուցանիշների պատճառով։ Ընկերության հասույթը, առանց պետություն–մասնավոր հատված կոնցեսիոն պայմանագրերին վերաբերող IFRIC 12 հաշվապահական ստանդարտի ազդեցության, աճել է 8 տոկոսով, իսկ առևտրային գործունեությունից ստացված հասույթը՝ 13 տոկոսով։
Ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի խոսքով՝ վեց գործառնական շուկաներից չորսում. ներառյալ Հայաստանում, ճշգրտված EBITDA-ն երկնիշ աճ է գրանցել։ Միաժամանակ խմբի ընդհանուր ճշգրտված EBITDA-ն երկրորդ եռամսյակում կազմել է $160 մլն՝ տարեկան կտրվածքով նվազելով 4,5 տոկոսով։
Հայաստանում՝ պատմական ռեկորդ
Corporación América Airports-ի տվյալներով՝ 2026-ի հուլիսին Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը հասել է շուրջ 735,000-ի՝ 17.2 տոկոսով ավելի, քան 2025-ի հուլիսի 627,000-ը։
Սա Հայաստանի օդանավակայանների պատմական ամսական առավելագույն ցուցանիշն է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2025-ի օգոստոսին, երբ երկու օդանավակայանները միասին սպասարկել էին շուրջ 667,800 ուղևորի։
2026-ի հուլիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում սպասարկվել է 5,058 չվերթ։ Հունվար-հուլիսին Հայաստանի երկու օդանավակայանների ընդհանուր ուղևորահոսքը հասել է 3.483 մլն-ի, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։
Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանները կառավարում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որը պատկանում է Էդուարդո Էռնեկյանի Corporación América Airports-ին։
