Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/8/2026
share

Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել

Եթե Օմանը խոչընդոտի Հորմուզի նեղուցի հարցով Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին, ԱՄՆ-ը «կռմբակոծի նրանց»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս սպառնալիքը հնչեցրել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ներկայում Մուսկատը բանակցություններ է վարում Թեհրանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության համատեղ վերահսկողության շուրջ, որով տեղափոխվում էր աշխարհի նավթի մեկ հինգերորդը՝ մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմը։

Սակայն այս բանակցություններում մինչ օրս ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվել։ Օգոստոսի 17-ին լրացավ ԱՄՆ-Իրան բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետը, որը նախատեսված էր Դոնալդ Թրամփի կողմից հունիսին G7-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Ենթադրվում էր, որ այս ժամանակահատվածում Վաշինգտոնը և Թեհրանը կկարողանան համաձայնության գալ Իրանի դեմ պատժամիջոցների, Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ։

Օգոստոսի 17-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է «սպիտակ դրոշ բարձրացնի և հանձնվի»՝ հասկացնելով, որ մտադիր չէ բանակցությունների համար նոր վերջնաժամկետ սահմանել։ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի լրանալուց առաջ էլ կողմերի միջև ռազմական գործողությունները վերսկսվել էին։

Հուլիսին Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցում հարձակվեց մի քանի նավերի վրա, իսկ ԱՄՆ-ն ավիահարվածներ հասցրեց իրանական թիրախներին՝ պնդելով, որ իրենց նպատակն է թուլացնել Թեհրանի կարողությունը՝ սպառնալու Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը։ Նախօրեին Al Arabiya-ն, վկայակոչելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը երկարաձգել են բանակցությունների համար նախատեսված հրադադարը, սակայն կողմերը պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը։
 

facebook sharing button facebook