Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/8/2026
share

Տրակտորներն ընդդեմ ազոտի․ ինչու են Նիդերլանդների ֆերմերները կրկին դուրս եկել փողոց

Նիդերլանդներում ֆերմերները կրկին դուրս են եկել փողոց՝ կառավարության ազոտային արտանետումների (nitrogen/stikstof) կրճատման քաղաքականության դեմ։ Բողոքի նոր ալիքը սկսվել է հուլիսի վերջին, իսկ օգոստոսին վերածվել ավելի լայնածավալ ակցիաների՝ տրակտորներով։

 

Կառավարության նոր ծրագիրը նախատեսում է մինչև 2035 թվականը գյուղատնտեսական ազոտային արտանետումները 42-46%-ով նվազեցնել։ Միաժամանակ նախատեսվում են անասնապահության խտության սահմանափակումներ և հատուկ գոտիներ՝ ազոտային աղտոտման նկատմամբ զգայուն բնության տարածքների շուրջ։

 

Ֆերմերային կազմակերպությունները պնդում են, որ այս պահանջները կարող են տնտեսապես անհնար դարձնել բազմաթիվ տնտեսությունների գործունեությունը։ Հատկապես սուր է դարձել Natura 2000 պահպանվող տարածքների մոտ գտնվող տնտեսությունների հարցը։

 

Ինչո՞ւ հենց հիմա

 

Օգոստոսի 14-ին հարյուրավոր ֆերմերներ տրակտորներով հավաքվել են Դեն Բոսխում (Den Bosch)՝ Հյուսիսային Բրաբանտ նահանգի կառավարության շենքի մոտ։ Նահանգային իշխանությունները քննարկում էին հինգ թռչնաբուծական տնտեսությունների բնապահպանական/ազոտային թույլտվությունները չեղարկելու հարցը։

 

Ֆերմերները սա դիտարկում են ոչ միայն որպես այդ հինգ տնտեսությունների խնդիր, այլ որպես նախադեպ․ եթե պետությունը կարող է այսօր չեղարկել մեկ խմբի թույլտվությունը, վաղը նման վտանգ կարող է առաջանալ այլ տնտեսությունների համար։

 

Բողոքի մասնակիցները տրակտորներով շարժվել են տարբեր ուղղություններից դեպի Դեն Բոսխ։ Որոշ հատվածներում դա լուրջ խցանումների է հանգեցրել։ Օգոստոսի 14-ին տրակտորների երթևեկությունը Նիդերլանդների մայրուղիներում դարձել է լուրջ խնդիր։ Այդ օրը A59 մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Ոստիկանությունը դեռ հետաքննում է վթարի հանգամանքները, և կարևոր է նշել՝ տրակտորը անմիջականորեն վթարի մեջ ներգրավված չի եղել, սակայն այն տեղի է ունեցել տրակտորների պատճառով առաջացած հերթի պայմաններում։

 

Դրանից հետո վարչապետ Ռոբ Յեթենը հայտարարել է, որ մայրուղիներով տրակտորներով բողոքի ակցիաներն անընդունելի են և կոչ է արել ֆերմերներին դուրս գալ մայրուղիներից։ Սա նաև հետաքրքիր հակասություն է ստեղծել Նիդերլանդներում․ մի կողմից հասարակության զգալի մասը հասկանում է ֆերմերների դժգոհությունը, մյուս կողմից՝ աջակցությունը կտրուկ նվազում է, երբ բողոքը սկսում է խաթարել մարդկանց առօրյան։

 

Հուլիսյան հարցման համաձայն՝ 68%-ը հասկանում է ֆերմերների՝ կառավարության ազոտային քաղաքականության դեմ բողոքելու ցանկությունը, սակայն մայրուղիների արգելափակմանը աջակցում է ընդամենը 25%-ը։

 

Բնապահպանական հարցերի հետ հակասությունը

 

Նիդերլանդների ազոտի խնդիրը իրականում բնապահպանական քաղաքականության, գյուղատնտեսության, տարածքային պլանավորման, դատարանների և ֆերմերների սեփականության իրավունքների բախում է։ Եվ այս հակամարտությունը նոր չէ։ 2019-ից հետո Նիդերլանդներում ազոտային քաղաքականությունը վերածվել է երկրի ամենաբարդ քաղաքական խնդիրներից մեկի։ 2022-ին ֆերմերների զանգվածային բողոքի ակցիաները նույնիսկ վերածվեցին միջազգային խորհրդանիշի․ տրակտորներ, շրջված ազգային դրոշներ, ճանապարհների արգելափակումներ և իշխանությունների դեմ կոշտ գործողություններ։

 

2026-ի ալիքը, սակայն, որոշ առումով տարբերվում է 2022-ից․ առաջին գործողությունները կազմակերպիչները փորձում էին ներկայացնել որպես ավելի «հանրության համար ընդունելի»՝ տրակտորները պահելով ճանապարհների կողքին, ոչ թե ամբողջությամբ փակելով երթևեկությունը։ Բայց վերջին օրերին այդ սահմանը սկսեց քանդվել:

 

Նիդերլանդների ֆերմերների բողոքի հիմքում, ի վերջո, միայն տրակտորները կամ ազոտի սահմանափակումները չեն։ Այստեղ բախվում են երկու իրական անհրաժեշտություններ՝ պահպանել բնությունը և պահպանել մարդկանց ապրուստը: Մի կողմից՝ գյուղատնտեսությունից առաջացող ազոտային արտանետումները կարող են վնասել էկոհամակարգերին, իսկ բնության պահպանության համար սահմանափակումներ կարող են իսկապես անհրաժեշտ լինել։ Բայց մյուս կողմից՝ յուրաքանչյուր նոր սահմանափակում մարդու համար պարզապես բնապահպանական ցուցանիշ չէ․ դա կարող է նշանակել ընտանիքի եկամտի կորուստ, տարիներով ստեղծված տնտեսության փակման վտանգ և անորոշ ապագա։

 

Հենց այստեղ էլ բնապահպանական քաղաքականության ամենաբարդ հարցն է առաջանում․ կարո՞ղ են բնությունը պաշտպանել այնպես, որ այդ պաշտպանության ամբողջ գինը չվճարեն նրանք, ում ապրուստը կախված է հողից ու կենդանիներից: Նիդերլանդների փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական անցումը չի կարող սահմանափակվել միայն արգելքներով ու թվերով։ Եթե պետությունը պահանջում է փոխել գյուղատնտեսության մոդելը, պետք է նաև առաջարկի մարդկանց այդ փոփոխությունն իրականացնելու իրական հնարավորություն՝ ֆինանսական աջակցություն, անցումային ժամանակ, նոր տեխնոլոգիաների հասանելիություն, այլընտրանքային եկամտի հնարավորություններ և արդար փոխհատուցման մեխանիզմներ։

 

Հակառակ դեպքում բնապահպանական քաղաքականությունը կարող է վերածվել ոչ թե ընդհանուր նպատակի շուրջ համախմբող գործընթացի, այլ՝ հասարակության տարբեր խմբերի միջև պայքարի։ Նիդերլանդների փողոցներում կանգնած տրակտորներն այսօր հենց այս չլուծված հարցի ամենատեսանելի խորհրդանիշն են։

facebook sharing button facebook