Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/8/2026
share

«Փամբակում մեր գյուղացիներին էլի փորձում էին համոզել, որ իրենց միակ փրկությունը հանքի մեջ է». Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը անդրադարձել է 2026թ․ օգոստոսի 11-ին Փամբակ համայքի երեք բնակավայրում կայացած «ԲԱՐԻԲԱ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնած հանրային քննարկումներին։

«Աբսուրդի քրոնիկոն

Ուղիղ երեք օր առաջ՝ օգոստոսի 11-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ, Դեբետ և Վահագնի գյուղերում տեղի ունեցան այդ գյուղերի տարածքում մետաղական հանքանյութերի երկրաբանական ուսումնասիրության նպատակով նախաձեռնված հանրային լսումները։

Հատկանշական է, որ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքը վերջին հինգ տարիների հանքային թեմաներով հանրային քննարկումների ռեկորդակիր է։ Չհաշվենք, որ համայնքի տարածքում արդեն իսկ գործում են Քարաբերդի և Արջուտի ոսկու հանքավայրերը։

Եթե դիտարկում ենք համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, այնտեղ դուք հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ կետեր չեք գտնի, փոխարենը կգտնենք բազմաթիվ առաջնահերթություններ և կետեր համայնքի էկոլոգիական զարգացման, զբոսաշրջության ու գյուղատնտեսության մասին։

Համայնքն աչքի է ընկնում միջազգային կազմակերպությունների կողմից էկոլոգիական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերով և ներդրումներով։

Ի պատասխան համայնքի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթների՝ համայնքի ՏԻՄ-ը միշտ աչքի է ընկնում հանքամետ քաղաքականությամբ և ավագանու կողմից տրվող դրական որոշումներով՝ միտված մետաղական հանքարդյունաբերությանը։

Ես միտում եմ տեսնում այն հանգամանքի մեջ, որ ՏԻՄ-երը չեն նշում ռազմավարական ծրագրերում մետաղական հանքարդյունաբերության մասին այլ նշում են գյուղատնտեսության և զբոսաշրջության, կանաչ զարգացման վերաբերյալ, սոսկ միջազգային ներդրումներ ներգրավելու մղումով, քանզի ակնհայտ է, որ հանքարդյունաբերական կենտրոններում կանաչ տնտեսական զարգացման և էկոլոգիական ուղղությունների վրա մեծ ծավալի նմերդրումներ չեն իրականացվի։

Դեբետ գյուղը Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման կենտրոններից է։ Հիմա էլ, եթե մտնում եք գյուղ, տպավորություն է թե հայտնվում ես եվրոպական, զբոսաշրջային գյուղում, որտեղ անընդհատ շինարարություն է գնում, զբոսաշրջիկների հոսքը ավելանում է, ու այդ գյուղում ասում են, որ դուք առանց հանքի չեք կարող զարգանալ, իսկ հանքի դեպքում կունենաք ավելի բարձր մակարդակի զբոսաշրջիկներ, ոչ թե պատահական մարդկանց։

Ուշագրավն այն է, որ հյուրատնային բիզնեսների ներկայացուցիչները, ովքեր դեմ են իրենց տարածքներում հանքեր բացելու հանգամանքին, սակայն այդ օրվա լսումներին գրեթե չէին խոսում, ու դա մտահոգիչ է։ Դա կասկածների տեղիք է տալիս տեղական ժողովրդավարության ոչ առողջ մթնոլորտի մասին։

Մի խոսքով, մեր գյուղացիներին էլի փորձում էին համոզել, որ քո միակ փրկությունը հանքի մեջ է։

Այս օրը, բացի երկու հոգուց Եղեգնուտ գյուղում և մեկ հոգուց Վահագնի գյուղում, որևէ մեկը հստակ չի արտահայտվել, որ ինքը կողմ է։

Փամբակ համայնքի ավագանին չունի որևէ հիմք այդ նախաձեռնությանը համաձայնություն տալու համար, իսկ եթե տվեց, ապա դա միայն իրենց սեփական ցանկությունն է, որը աղերս չունի ոչ համայնքի զարգացման ռազմավարության ոչ էլ տվյալ գյուղերի սոցիալ-էկոլոգիական առաջնահերթությունների, ոչ էլ համայնքի բնակիչների ընդհանուր կարծիքի հետ։

Ավագանու կողմից, համաձայնություն տալու դեպքում, համայնքի այդ երեք գյուղերի, կանաչ զարգացման հեռանկարային ընթացքի կասեցման հավերժական բեռը և պատասխանատվությունը, կնկնի այս ավագանու ժամանակավոր անդամների վրա։

Կհետևենք․․․»,-գրել է նա։

facebook sharing button facebook