
Կոլումբիայի՝ երկրաշարժից տուժած քաղաքներում կիրակի օրը լսվում էր էքսկավատորների, վերամբարձ կռունկների և բուլդոզերների աղմուկը․ փրկարարները աշխատում էին փլատակները մաքրելու ուղղությամբ, թեև աղետից մեկ շաբաթ անց ողջ մնացածների գտնելու հավանականությունը չնչին էր:
Անցյալ երկուշաբթի տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ, ավերվել են հազարավոր շինություններ: Առնվազն 140 մարդ դեռևս կորած է համարվում, հայտնել են իշխանությունները:
Աղետից խիստ տուժած արևմտյան Պերեյրա քաղաքում 30-ամյա բուժքույրական գործի ուսանող Անդրես Կանոն ընդունել է, որ ողջ մնացածներին գտնելու հույսն «այժմ շատ ավելի փոքր է»։
«Սարսափելի հոգնածություն ես զգում, հիմնականում՝ մտավոր»,— ասել է նա՝ կանգնած լինելով նարնջագույն բաճկոններով և սաղավարտներով ընկերների խմբի կողքին:
Այս երկրաշարժը առաջին լուրջ փորձությունն է աջակողմյան նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի հայացքներով կառավարության համար, ով պաշտոնը ստանձնել էր աղետից ընդամենը երեք օր առաջ:
Շաբաթ օրը նա դիմել է իր դաշնակցին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ժամանակավորապես կասեցնել մաքսատուրքերը՝ երկրին աջակցելու համար:
Ավերվել է մոտ 27,000 տուն, և շատ փրկվածներ գնալու տեղ չունեն: Շատերը քնում են ներքնակների կամ ընկերների պատրաստած ժամանակավոր մահճակալների վրա՝ բաց երկնքի տակ:
Կացարաններում տեղադրվել են QR կոդեր, որպեսզի տուժածները կարողանան հայտնել կորած ազգականների կամ իրենց տների վնասների մասին:
Ամենաշատ տուժած քաղաքներում մի շարք շենքեր նշանագրվել են կարմիր «X»-ով՝ զգուշացնելու փլուզման ռիսկի մասին և արգելելու հետիոտների մուտքը:
Հարավ-արևմուտքում գտնվող Կալի քաղաքում 41-ամյա իրավաբան Խորխե Լեոնը, քայլելով իր իրերով բարձված դեղին բեռնատարի կողքով, նկարագրել է «ամեն ինչ նորից սկսելու» ցավը. «Զգացողություն է, ասես ֆիլմում կամ երազում լինեմ. չեմ կարողանում լիովին ընկալել կատարվածը»,— AFP-ին ասել է նա:
Կալիի քաղաքապետ Ալեխանդրո Էդերը գնահատել է, որ Կոլումբիայի մեծությամբ երրորդ քաղաքի վերականգնումը կարժենա առնվազն 3,2 միլիարդ դոլար:
Կոլումբիան միլիոնավոր դոլարների օգնություն է ստացել այնպիսի երկրներից, ինչպիսին ԱՄՆ-ն է, և այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին Համաշխարհային բանկն է, սակայն վերակառուցումը ժամանակ կպահանջի:
Երկրաշարժից փլուզված հնգահարկ շենքի պատին փրկարարը նշել է կարմիր «V» տառը՝ հատված հորիզոնական գծով, ինչը նշանակում է հնարավոր ողջ մնացածների որոնման ավարտ:
Սակայն կամավոր փրկարարները հրաժարվում են հանձնվել, թեև 72 ժամ անց ողջ մնալու շանսերը կտրուկ նվազում են:
«Չնայած մեզ ասել են, որ արդեն մի քանի օր է անցել, մենք շարունակում ենք կյանքեր փնտրել, որովհետև ուզում ենք վառ պահել հույսը»,— ասել է 58-ամյա դասախոս Խուան Կարլոս Տաբարեսը, ով ղեկավարում է «Valentia» կոչվող կամավորական փրկարարական թիմը․ AFP
