
Նիգերիայի հարավում գտնվող Այետորո բնակավայրում ծովափն ամեն տարի կրճատվում է․ մնացած հատվածը ողողված է օվկիանոսի կողմից կլանված տների մնացորդներով, որոնցից մի քանիսը ջրասույզ են եղել տարիներ առաջ, մյուսները՝ ընդամենը ամիսներ առաջ։
«Մենք քայլում ենք մարդկանց տների վրայով»,— ասում է 35-ամյա Թոմփսոն Ակինգբոյեն՝ շարժվելով ավազի նեղ շերտով, որտեղ կարելի է հասնել միայն նավակով։
«Երջանիկ վայր» մականվամբ Այետորոն, որն ունի շուրջ 10,000 բնակիչ, հիմնադրվել է 1947 թվականին։
Սակայն համայնքի օրերը հաշվված են․ այն դարձել է Նիգերիայում ափամերձ տարածքների էրոզիայի ամենատեսանելի զոհերից մեկը։ Այն ընտանիքները, որոնց տներն ավերվում են, անընդհատ վերակառուցվում են ափից ավելի հեռու, սակայն ջուրը կրկին հասնում է նրանց։
Այետորոյում ափամերձ գոտու էրոզիան հետևողականորեն ավելացել է 2000-ականների սկզբից։ Նույն իրավիճակն է Իլաջե շրջանի 19 այլ համայնքներում։ Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ Ատլանտյան օվկիանոսը տարածվում է՝ ավերելով իր ճանապարհին գտնվող ամեն ինչ։
Տարածքային պլանավորման մասնագետ Բարնաբաս Օգիրիմա Ջեյմսի ուսումնասիրության համաձայն՝ 1987-2022 թվականներին քաղաքի ափամերձ գիծը տարեկան միջինում նահանջել է 15 մետրով։
2024 թվականին «Scientific Reports» ամսագիրը գնահատել է, որ Արևմտյան Աֆրիկայի Գվինեական ծոցի երկայնքով ծովի մակարդակի բարձրացման ընթացիկ տեմպը կազմում է տարեկան մոտ 3.9 միլիմետր, ինչը շուրջ 10.5 տոկոսով բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։
«Այս լուսանկարը արել եմ 14 տարի առաջ։ Այսօր, եթե կանգնեք ճիշտ այն տեղում, որտեղ ես էի, կտեսնեք, որ ոչ մի շինություն չի մնացել»,— իր պալատի մոտ AFP-ին ասել է Այետորոյի ավանդական առաջնորդ (թագավոր) Օլուվամբե Օջագբոհունմին։
Հին լուսանկարներում հեռահաղորդակցության աշտարակը շրջապատված է տներով։ Այս ամիս AFP-ի այցելության պահին աշտարակը դեռ տեղում էր, սակայն արդեն շրջապատված էր ջրով և ջրասույզ եղած շենքերի մնացորդներով։
«Իմ պալատը մի ժամանակ 100 սենյակ ուներ։ Այժմ պահպանվել է ընդամենը մոտ մեկ տասնյակը»,— ասել է նա։
Նրա ննջարանն այժմ գտնվում է օվկիանոսին ամենամոտ հատվածում։ Գիշերները պատերին բախվող ալիքների աղմուկը խանգարում է նրա քունը։
«Սա մեր հողն է։ Ո՞ւր գնանք։ Բարդ է»,— նշել է նա։
«Փախստական՝ սեփական համայնքում»
Ապրիլին տեղի ունեցած փոթորկի հետևանքով ծովի մակարդակը բարձրացել էր՝ պալատի բնակիչներին մեկ շաբաթ փակված պահելով ներսում։
«Ես փախստական եմ դարձել իմ սեփական համայնքում։ 2019 թվականին հայրական տունս կորցնելուց հետո, որը կլանվեց ու ավերվեց օվկիանոսի կողմից, միակ բանը, որ կարողացա փրկել, համալսարանական դիպլոմս էր»,— ասել է ձկնորս, թագավորի օգնական Թոմփսոն Ակինգբոյեն։
Նա հավելել է, որ որոշ ընտանիքներ տեղափոխվել են ավելի քան երեք անգամ։ Այետորոյի փողոցները ողողված են ալիքների բերած պլաստիկ թափոններով։
Տները կառուցված են փայտից և թիթեղից, հաճախ իրար միացված են բարձրացված փայտե անցուղիներով։
Լագոսի համալսարանի լանդշաֆտային ճարտարապետության հետազոտող Օլուվասեգուն Բաբատունդե Էսանի խոսքով, ով համագործակցում է Հարվարդի համալսարանի հետ, խնդրի մի մասը կապված է ցամաքում տեղի ունեցող գործընթացների հետ։
Արագ քաղաքացվող Նիգերիայում ողողատները, ճահիճները և ափամերձ տարածքները, որոնք կլանում են օվկիանոսի ալիքներն ու ջրհեղեղները, հաճախ մաքրվում են բնակեցման նպատակով, ինչն ավելի է հանգեցնում 850 կիլոմետրանոց ափամերձ գոտու էրոզիային։
«Հողի պահանջարկն աճում է՝ թե՛ բնակարանաշինության, թե՛ արդյունաբերական գործունեության համար»,— նշել է Էսանը՝ հավելելով, որ այն խիստ կարգավորման կարիք ունի։ Նա նաև առաջարկել է զարգացնել բնական պատնեշներ՝ մանգրովի անտառներ և կոկոսյան արմավենիներ տնկելու միջոցով։
Այետորոն ժամանակ առ ժամանակ հումանիտար օգնություն է ստանում պետական մարմիններից և ՀԿ-ներից, սակայն համայնքն այն անբավարար է համարում։
Համայնքի միակ առողջապահական կենտրոնը նույնպես ջրասույզ է եղել։
«Լինում են դեպքեր, երբ ջուրը հասնում է պատուհանագոգերին, սակայն մենք ստիպված ենք շարունակել աշխատանքը։ Այս պայմաններում ենք ընդունում ծնունդները, այլ ընտրություն չունենք»,— ասել է 26-ամյա բուժաշխատող Օմոմիե Օլուվասեունը։
Քանի որ աղի ջրերը պարբերաբար ողողում են համայնքը, «մարդիկ տառապում են բարձր ճնշումից և ջրային ճանապարհով փոխանցվող հիվանդություններից, ինչպիսիք են որովայնային տիֆը և փորլուծությունը»,— նշել է Օլուվասեունը։
«Ծովն արդեն աղտոտել է ջրամատակարարումը, սակայն բնակիչներն այն օգտագործում են սնունդ պատրաստելիս, որովհետև դա իրենց հասանելի միակ ջուրն է»։
Օվկիանոսը խաթարել է նաև ուսումնական տարվա կայունությունը, ասել է 45-ամյա ուսուցիչ Սանդեյ Ակինջոյեն։
«Դպրոցները մի քանի անգամ տեղափոխվել են, ինչպես և բնակիչների տները։ Դա հոգեբանական ազդեցություն է ունենում երեխաների վրա․ ուսման վրա կենտրոնանալու նրանց ունակությունը կտրուկ ընկնում է»,— նշել է նա։
Անկախ ձեռնարկվող քայլերից՝ Ատլանտյան օվկիանոսը շարունակում է ընդլայնել իր տարածքը․AFP
