Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/8/2026
share

Ինչպե՞ս է փոխվել Հայաստանի զբոսաշրջային քարտեզը 10 տարում

Վերջին տասնամյակում Հայաստանի զբոսաշրջությունը մի քանի կտրուկ շրջադարձ է ունեցել։ 2016-ից մինչև 2025 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գրեթե կրկնապատկվել է, սակայն այդ աճը գծային չի եղել։ Համաշխարհային համավարակը, Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, տարածաշրջանային զարգացումները և նոր շուկաների ակտիվացումը տարբեր տարիներին փոխել են Հայաստան այցելողների թիվն ու աշխարհագրությունը։

 

2016 թվականին Հայաստան է այցելել շուրջ 1.26 մլն զբոսաշրջիկ։ Այդ ժամանակ Հայաստանի հիմնական շուկաներն էին Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ը և եվրոպական երկրները։ Ռուսաստանից Հայաստան այցելել էր 273,346 զբոսաշրջիկ։

 

2017-ին զբոսաշրջային հոսքը շարունակեց աճել՝ հասնելով 1.49 մլն-ի։ Ռուսաստանը շարունակում էր մնալ առաջատար շուկան՝ ավելի քան 303 հազար այցելուով։ Աճը տեղի էր ունենում համաշխարհային զբոսաշրջության ընդհանուր վերականգնման ֆոնին, իսկ Հայաստանի համար կարևոր էին հատկապես տարածաշրջանային շուկաները։

 

2018․ քաղաքական փոփոխությունների տարի

 

2018 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասավ շուրջ 1.65 մլն-ի։ Այդ տարին Հայաստանի համար առանձնացավ ներքին քաղաքական փոփոխություններով։

 

Դժվար է միայն զբոսաշրջային վիճակագրության հիման վրա պնդել, որ այդ փոփոխություններն ուղղակիորեն ավելացրել է այցելությունների թիվը։ Սակայն Հայաստանը 2018-ին հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իսկ զբոսաշրջային հոսքը շարունակեց աճել։ Տարվա առաջին ինը ամիսներին միայն Ռուսաստանից Հայաստան էր այցելել 525,423, Վրաստանից՝ 233,125, իսկ Իրանից՝ 132,839 զբոսաշրջիկ։

 

2019-ին աճը շարունակվեց։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասավ 1.89 մլն-ի՝ 2016 թվականի համեմատ մոտ 50 տոկոսով ավելի։ Տասնամյակի այս հատվածում զբոսաշրջության զարգացման հիմնական շարժիչներից էին տարածաշրջանային և սփյուռքի շուկաները, ինչպես նաև Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության աստիճանաբար աճող ճանաչելիությունը։ Այդ աճը, սակայն, ընդհատվեց մեկ տարում։

 

2020․ համավարակ, ապա՝ պատերազմ

 

2020 թվականը Հայաստանի զբոսաշրջության համար դարձավ վերջին տասնամյակի ամենածանր տարիներից մեկը։ Տարվա սկզբին ոլորտը դեռ շարունակում էր աճի նախորդ տարիների միտումը, սակայն COVID-19-ի տարածումը կտրուկ փոխեց իրավիճակը։

 

Եթե 2019-ին Հայաստան էր այցելել 1,894,377 զբոսաշրջիկ, ապա 2020-ին այդ թիվը նվազեց մինչև 375,216-ի՝ շուրջ 80 տոկոսով։ Ապրիլից օգոստոս երկիրը փակ էր օտարերկրյա քաղաքացիների համար, իսկ զբոսաշրջային հոսքը տարվա առաջին երեք եռամսյակներում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 77.5 տոկոսով։

 

Տարվա առաջին եռամսյակից հետո միջազգային զբոսաշրջությունը գրեթե կանգ առավ․ 2020-ի առաջին եռամսյակում Հայաստան էր ժամանել 311,264 զբոսաշրջիկ, երկրորդ եռամսյակում՝ զրո, երրորդում՝ ընդամենը 16,471։ Սակայն 2020-ի զբոսաշրջային ճգնաժամը դրանով չավարտվեց։

 

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Պատերազմը սկսվեց այն պահին, երբ զբոսաշրջության ոլորտը դեռ չէր հասցրել վերականգնվել համավարակի հարվածից։ Արդյունքում Հայաստանի համար արդեն իսկ փակված կամ սահմանափակված միջազգային ճանապարհորդությունների խնդրին ավելացավ անվտանգության նոր ռիսկը։

 

Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները պատերազմի ավարտից հետո արձանագրում էին, որ այն լրացուցիչ հարված է հասցրել արդեն իսկ ճգնաժամի մեջ գտնվող ոլորտին։ Մասնավորապես, Հայաստանի մարզերում գործող զբոսաշրջային բիզնեսները նշել են, որ ամռանը որոշակի աշխուժացումից հետո սեպտեմբերին սկսված պատերազմը կրկին կանգնեցրեց այցելությունների հոսքը։

 

Այսպիսով, 2020-ը Հայաստանի զբոսաշրջության համար դարձավ երկակի ճգնաժամի տարի․ նախ՝ համաշխարհային համավարակը փակեց սահմաններն ու կանգնեցրեց միջազգային ճանապարհորդությունները, իսկ տարվա երկրորդ կեսին պատերազմը խորացրեց անվտանգության և Հայաստանի զբոսաշրջային ուղղության ընկալման խնդիրները։

 

Սա նաև կարևոր է հաջորդ տարիների թվերը հասկանալու համար։ 2021-ի վերականգնումը սկսվեց ոչ թե 2019-ի կետից, այլ մի ոլորտում, որը 2020-ին միաժամանակ հարված էր ստացել և՛ համավարակից, և՛ պատերազմից։ 2021-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը վերականգնվեց մինչև 870,308, սակայն դեռևս չէր հասել 2019-ի 1.89 միլիոնանոց մակարդակին։

 

2021 թվականին միջազգային ճանապարհորդությունների աստիճանական վերականգնմանը զուգահեռ վերականգնվեց նաև Հայաստանի զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկների թիվը հասավ շուրջ 870 հազարի։ Ռուսաստանից Հայաստան այցելեց 350,569, Իրանից՝ 91,148, Վրաստանից՝ 70,630 մարդ։

 

Սակայն զբոսաշրջության նախահամավարակային մակարդակին վերադարձը տեղի ունեցավ արդեն մեկ այլ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում։

 

2022․ պատերազմը փոխեց զբոսաշրջային հոսքերի աշխարհագրությունը

 

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա ոչ միայն փոխեց Եվրոպայի անվտանգության միջավայրը, այլև ազդեց տարածաշրջանի տնտեսական և միգրացիոն գործընթացների վրա։

 

Հայաստանը դարձավ Ռուսաստանի հետ կապված մարդկանց և բիզնեսների տեղափոխման ուղղություններից մեկը։ Աճեց նաև Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքը։

 

2022-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը հասավ 1.66 մլն-ի։ Ռուսաստանից ժամանողների թիվը ավելի քան կրկնապատկվեց՝ 2021 թվականի շուրջ 351 հազարից հասնելով 790,397-ի։

 

Արժե, սակայն, տարբերակել զբոսաշրջային այցելությունը Ռուսաստանից Հայաստան տեղափոխված մարդկանց ընդհանուր հոսքից։ 2022 թվականին Հայաստան ժամանած ռուսաստանցիների մի մասը տեղափոխվել էր այստեղ աշխատանքի, բիզնեսի կամ ավելի երկարաժամկետ բնակության նպատակով։ Հետևաբար զբոսաշրջային վիճակագրության աճը չի կարելի ամբողջությամբ բացատրել միայն զբոսաշրջությամբ։

 

Այնուամենայնիվ, միջազգային կառույցների գնահատականները նույնպես արձանագրում են, որ Ռուսաստանի հետ կապված մարդկանց, կապիտալի և բիզնեսների ներհոսքը նպաստել է Հայաստանի տնտեսական ակտիվության և միջազգային ժամանումների աճին։

 

2023․ ռեկորդային տարի և ռուսական շուկայի գագաթնակետ

 

2023 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասավ 2.32 մլն-ի՝ գերազանցելով նախահամավարակային մակարդակը։ Բայց ընդհանուր թվի հետևում մեկ այլ կարևոր ցուցանիշ կար․ Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասավ 1,137,005-ի։ Այսինքն՝ 2023 թվականին Հայաստան այցելած մոտավորապես յուրաքանչյուր երկրորդ զբոսաշրջիկը Ռուսաստանի քաղաքացի էր։

 

Միաժամանակ աճում էին նաև այլ շուկաները։ Վրաստանից Հայաստան էր այցելել 252,670, Իրանից՝ 149,539, ԱՄՆ-ից՝ 57,389, Գերմանիայից՝ 27,820 զբոսաշրջիկ։

 

Այսպիսով, 2023 թվականը միաժամանակ դարձավ թե՛ Հայաստանի զբոսաշրջության ռեկորդային տարի, թե՛ Ռուսաստանի շուկայից կախվածության առավել տեսանելի դրսևորումներից մեկը։

 

2024․ ռուսական հոսքը նվազում է, բայց ընդհանուր զբոսաշրջությունը չի փլուզվում

 

2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը փոքր-ինչ նվազեց՝ հասնելով 2.21 մլն-ի։ Ռուսաստանից այցելությունների թիվը ևս նվազեց՝ 2023 թվականի 1.14 մլն-ից հասնելով 937,823-ի։


 

Միևնույն ժամանակ Հայաստանի մյուս կարևոր շուկաները շարունակեցին աճել։ Վրաստանից Հայաստան այցելեց 266,048, Իրանից՝ 176,453, ԱՄՆ-ից՝ 58,965, իսկ Հնդկաստանից՝ 43,672:

 

Այս փոփոխությունը կարևոր է մեկ այլ պատճառով․ ռուսական հոսքի նվազումը չհանգեցրեց Հայաստանի զբոսաշրջային շուկայի համարժեք փլուզման։ Այլ շուկաների աճը մասամբ փոխհատուցեց անկումը։

 

Զբոսաշրջային հոսքերի վրա ազդող գործոններից մեկը նաև տնտեսական միջավայրն էր։ Մասնավորապես, Հայաստանի դրամի արժևորումը ռուսական ռուբլու նկատմամբ Հայաստանի համար ռուսական շուկան որոշ չափով թանկացրել էր։

 

2025․ նոր շուկաներ՝ հին առաջատարի կողքին

 

2025 թվականին Հայաստան է այցելել 2,263,642 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ 2.5 տոկոսով ավելի։

 

Առաջատար շուկան կրկին Ռուսաստանն էր՝ 921,704 այցելուով։ Երկրորդ տեղում Վրաստանն էր՝ 288,578, երրորդում՝ Իրանը՝ 182,364։ ԱՄՆ-ից Հայաստան այցելել էր 60,891, իսկ Չինաստանից՝ 45,004 զբոսաշրջիկ։

 

Չինաստանի հայտնվելը TOP 5-ում ևս մեկ նշան է, որ Հայաստանի զբոսաշրջային շուկան աստիճանաբար փորձում է ընդլայնվել ավանդական ուղղություններից դուրս։

 

Տասը տարվա ընթացքում ի՞նչ փոխվեց

 

2016-2025 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս ոչ միայն զբոսաշրջիկների թվի աճ, այլև Հայաստանի զբոսաշրջային շուկայի նկատմամբ աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցությունը։

 

2016-ից մինչև 2019 թվականը զբոսաշրջությունը հիմնականում աճում էր աստիճանաբար՝ 1.26 մլն-ից հասնելով 1.89 մլն-ի։ 2020-ին համավարակն ու պատերազմը կտրուկ ընդհատեցին այդ աճը։ 2021-ին սկսվեց վերականգնումը, իսկ 2022-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետևանքով առաջացած միգրացիոն և տնտեսական հոսքերը էապես փոխեցին Հայաստանի զբոսաշրջային վիճակագրությունը։ Ռուսաստանից այցելությունների թիվը մեկ տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվեց։ 2023-ին Հայաստանը գրանցեց զբոսաշրջային այցելությունների պատմական բարձր ցուցանիշ, սակայն դրա զգալի մասը կապված էր ռուսական շուկայի աննախադեպ աճի հետ։ 2024-2025 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը սկսեց նվազել, մինչդեռ Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Չինաստանի շուկաները շարունակում էին զարգանալ։ Այսպիսով, վերջին տասնամյակի պատմությունը կարելի է ամփոփել երեք բառով՝ աճ, ցնցում, դիվերսիֆիկացում։

 

Հայաստանի զբոսաշրջությունը այսօր ավելի մեծ է, քան տասը տարի առաջ, բայց նաև ավելի զգայուն է աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ։ Պատերազմները, սահմանների փակումը, միգրացիան, փոխարժեքները և միջազգային հարաբերությունները կարող են կարճ ժամանակում փոխել այն մարդկանց աշխարհագրությունը, ովքեր ընտրում են Հայաստանը որպես ճանապարհորդության ուղղություն։ Եթե աշխարհաքաղաքական իրավիճակը կրկին փոխվի, որքանո՞վ պատրաստ կլինի Հայաստանի զբոսաշրջային ոլորտը դիմակայելու հերթական ցնցմանը՝ առանց մեկ շուկայից չափազանց կախված լինելու։

facebook sharing button facebook