Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/8/2026
share

«Ստեփանավանում տեղի ունեցողը քաղաքացիական ինքնագիտակցության զարթոնք է»․ Հովսեփ Խաչատրյանը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները

«Ստեփանավան առանց հանք» նախաձեռնության համահիմնադիր Հովսեփ Խաչատրյանը, ամփոփելով տարածաշրջանում անցկացված ստորագրահավաքի արդյունքները, ընդգծել է, որ գործընթացը նպաստել է տեղի բնակիչների քաղաքացիական ակտիվությանն ու համայնքային համախմբմանը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը պահպանել է ապաքաղաքական ձևաչափը՝ կենտրոնանալով բացառապես շրջակա միջավայրի և բնակչության առողջության պաշտպանության վրա։ Մասնավորապես գրել է՝

«Ստեփանավան Առանց Հանք նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքի մասին մի քանի միտք.

- Ստորագրահավաքն առիթ հանդիսացավ միավորելու ակտիվ և Ստեփանավանի ապագայի նկատմամբ մտահոգ քաղաքացիների ջանքերը, ինչը բերեց մի շարք նոր ծանոթությունների, կապերի, համագործացությունների, ինչն արդեն կարելի է համարել նախաձեռնության հաջողությունը։

- Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ոչ միայն ստորագրությունով ամրագրեցին Կանաչ Ստեփանավան ունենալու իրենց իրավունքը, այլ նաև պատասխանատվություն վերցրին կազմակերպելու լոկալ ստորագրահավաք իրենց շենքում, բակում, փողոցում, այդպիսով էլ ավելի շատ մարդու հնարավորություն տալով արտահայտել իրենց կարծիքը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

- Ստեփանավանցիներն իրենց ակտիվ մասնակցությամբ կոտրեցին այն կարծրատիպը, թե տեղացիները խորն անտարբերության մեջ են և չեն հետաքրքրվում իրենց շուրջը տեղի ունեցող պրոցեսներով։

- Նախաձեռնության անդամներն ու աջակիցները մնացին իրենց սկզբունքներին հավատարիմ. այս պայքարը հանուն մեր ու մեր երեխաների առողջ ապագայի է, ոչ թե ընդդեմ որևէ կառույցի կամ ընկերության։ Չնայած հնչող մեղադրանքներին ու զրպարտություններին՝ մենք մնացինք մեր բարձրության վրա ու կոռեկտության սահմաններում, բաց ցանկացած ֆորմատով կառուցողական քննարկման շահագրգիռ կողմերի հետ։ Միևնույն ժամանակ բացառվեց այս պայքարին որևէ քաղաքական երանգ տալու նույնիսկ չնչին հնարավորությունը. մնալու համար գործոն ու չդառնալու համար գործիք։

- Այս ընթացքում կոտրվեցին էլի մի շարք կարծրատիպեր, որոնց երկարաժամկետ դրական ազդեցությունը մենք բոլորս զգալու ենք առաջիկա տարիների ընթացքում։

Ինչպես նկատեց իմ լավ ընկեր Oleg Dulgaryanը, Ստեփանավանում տեղի ունեցող պրոցեսները կարելի է որակել որպես քաղաքացիական ինքնագիտակցության և էկոակտիվիզմի զարթոնք։

Շնորհակալ եմ բոլորին, որ թեկուզ չնչին աջակցություն ցուցաբերեցին ստորագրահավաքն իրականացնելու պրոցեսում։

Իսկ ստորագրահավաքի ընթացքում ձևավորված կապերի ու համագործակցությունների մասին դեռ պատմություններ կպատմվեն։

Լուսանկարում Սոճիների ծառուղու (Алея) հարևանությամբ գտնվող Nectar Stepanavan հանգստյան տունն է»․ Հովսեփ Խաչատրյան 

Հիշեցնենք որ Ստեփանավան, Արմանիս և Ուրասար բնակավայրերում «Սագամար» ՓԲԸ-ն նախաձեռնել էր հանրային լսումներ Արմանիսի հանքային դաշտի նոր տեղամասերում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ։

«Ո՛չ հանքին» վանկարկումներով մի քանի տասնյակ քաղաքացիներ, բնապահպաններ մտան հանրային լսման վայր՝ պահանջելով չեղյալ համարել լսումները։ Առողջարանային քաղաք Ստեփանավանը վաղուց որդեգրել է կանաչ զարգացումը, որպես առաջնային ճյուղ զարգացնելով զբոսաշրջությունը, ասացին ստեփանավանցիները։ Ասացին՝ ուզում են ապրել կանաչ, առողջ միջավայրում, ինչի հետ հանքարդյունաբերությունը անհամատեղելի է։

facebook sharing button facebook