
Ֆրանսիայի իշխանությունները 525 մարդ են տարհանվել Լյուգլոն գյուղից այն բանից հետո, երբ անտառային հրդեհ է բռնկվել երկրի հարավ-արևմտյան Լանդեր տարածաշրջանում՝ այս ամառ խոշոր հրդեհներից արդեն տուժած գոտուց ոչ հեռու։
Հինգշաբթի օրը բռնկված հրդեհը, որն արդեն այրել է 1,100 հեկտար տարածք, տարածվել է մինչև Լյուգլոնի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա, ուրբաթ օրը հայտնել է տարածաշրջանային պաշտոնյա Ժիլ Կլավրյոլը։
Լանդերի տարածքը ծածկված է սոճու անտառներով, որոնք չորանալիս դյուրավառ են դառնում։
«Իրավիճակն անբարենպաստ է, հրդեհը շարունակվում է»,— ասել է Կլավրյոլը՝ հավելելով, որ կրակի դեմ պայքարում է 500 հրշեջ, իսկ օգնության է ուղարկվել 6 ինքնաթիռ։
Գյուղից դեպի հյուսիս և հարավ տանող ճանապարհները փակ են։
Կլավրյոլը չի մեկնաբանել հրդեհի հնարավոր պատճառները։
Լյուգլոնը գտնվում է Արկաշոնի ծոցի զբոսաշրջային գոտուց մոտ 100 կմ հարավ-արևելք, որտեղ հուլիսի վերջին երկու խոշոր անտառային հրդեհները ոչնչացրել էին ավելի քան 50,000 հեկտար տարածք՝ պատճառ դառնալով շուրջ 220,000 մարդու տարհանման։
Ֆրանսիական լրատվամիջոցները ուրբաթ օրը հայտնել են, որ նույն տարածաշրջանում՝ Բորդոյի օդանավակայանի մոտ հուլիսին տեղի ունեցած հրդեհի առնչությամբ, որի հետևանքով երկու հրշեջ էր զոհվել, 15-ամյա դեռահաս է ձերբակալվել։
Տեղական «Sud Ouest» թերթը հայտնել է, որ քննության տակ գտնվող անչափահասը, ըստ վարկածի, ծխախոտի մնացորդ է նետել, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Բորդոյի դատախազությունը չի արձագանքել մեկնաբանություն տալու հարցմանը։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 474 մարդ է ձերբակալվել՝ դիտավորյալ կամ անզգուշությամբ հրդեհ բռնկելու կասկածանքով։ Նրանցից 183-ը մինչև 18 տարեկան են։ Նախարարությունն ավելի վաղ նշել էր, որ ձերբակալվածների մոտ 70%-ը կասկածվում է դիտավորյալ հրկիզման մեջ։
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում այս ամառ բարձր ջերմաստիճան է արձանագրվել․ ուրբաթ կեսօրին սպասվում է մինչև 36 աստիճան ըստ Ցելսիուսի։ Այս տարի այրված տարածքն արդեն գերազանցում է 2022 թվականի ռեկորդային ցուցանիշը․Reuters
