
Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՊՆ-ն հայտնում է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Զինծառայողի մահվան մասին հերթական հաղորդագրությունը, սակայն, արդեն դժվար է դիտարկել որպես առանձին ողբերգական դեպք։ Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը տարիներ շարունակ կրկնվող խնդիր են, իսկ 2026 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնդիրը չի վերացել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2026 թվականի հուլիսի 23-ին հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ տարվա առաջին յոթ ամիսներին ՀՀ զինված ուժերում արձանագրվել էր 30 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 11-ը պաշտոնապես համարվել էին զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։
Այս թվերը հատկապես ծանր են հնչում մեկ այլ հանգամանքի ֆոնին․ ՀՔԱՎ-ի տվյալներով՝ 2026 թվականին զինծառայողների մահվան բոլոր արձանագրված դեպքերը եղել են ոչ մարտական պայմաններում։ Վերջին մոտ երկուսուկես տարվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զինծառայողի մահ չի արձանագրվել․ վերջին նման դեպքը 2024 թվականի փետրվարին էր, երբ հրադադարի խախտման հետևանքով զոհվել էին չորս անձինք։
Այսինքն՝ այս պահին բանակի մարդկային կորուստների մասին խոսելիս առաջնային հարցը միայն սահմանային վտանգը չէ։ Խնդիրը բանակի ներսում զինծառայողի կյանքի անվտանգության հարցն է։
30 մահ՝ տարվա առաջին յոթ ամիսներին
ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունը ևս մեկ կարևոր հանգամանք է մատնանշում։ 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում գրանցված 30 մահերի մոտ 37 տոկոսը բաժին է ընկել ինքնասպանություններին և սպանություններին։
Կազմակերպության տվյալներով՝ արձանագրվել է 8 ինքնասպանության և 3 սպանության դեպք։ Ընդ որում՝ ինքնասպանության 8 դեպքերից 6-ը, իսկ սպանության 3 դեպքերից 2-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված։
Սա արդեն միայն «անձնական ողբերգությունների» վիճակագրություն չէ։ Երբ զինված ուժերում երիտասարդ մարդիկ մահանում են ինքնասպանության կամ սպանության հետևանքով, և այդ դեպքերի զգալի մասը պաշտոնապես կապվում է զինվորական ծառայության հետ, առաջանում է շատ ավելի լայն հարց՝ ինչպիսի՞ միջավայրում են նրանք ծառայել, ինչպե՞ս են գործել հրամանատարական, վերահսկողական և կանխարգելիչ մեխանիզմները, և որտե՞ղ են եղել այն ազդանշանները, որոնք հնարավոր էր նկատել ավելի վաղ։ Հենց այս հարցն է, որ պետք է դուրս գա յուրաքանչյուր առանձին քրեական վարույթի շրջանակից։
Խնդիրը նոր չէ
ՀՔԱՎ-ի թարմացված՝ 2025 թվականի մահացության վերաբերյալ զեկույցը ցույց է տալիս, որ սա 2026-ին առաջացած խնդիր չէ։ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում և ԱԱԾ սահմանապահ զորքերում արձանագրվել էր 35 զինծառայողի մահ։ Նրանցից 12-ի մահը կապված էր առողջական խնդիրների հետ, 8-ը՝ ավտովթարների, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ դժբախտ պատահարների, 2-ը՝ սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ բռնության, ևս 1-ը՝ թմրանյութի օգտագործման հետ։
Համեմատության համար՝ 2024 թվականին արձանագրվել էր 40 մահ։ Այդ թվում՝ 9 ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք, 3 սպանություն, 13 ավտովթար, 5 առողջական խնդիրների հետևանքով մահ և 4 մահ՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Թեպետ, մեկ տարվա կտրվածքով մահերի ընդհանուր թիվը նվազել է՝ 40-ից հասնելով 35-ի, բայց միայն ընդհանուր թվի նվազումը չի նշանակում, որ խնդիրը լուծված է։ ՀՔԱՎ-ի՝ ավելի լայն ժամանակագրական ուսումնասիրությունը հենց այստեղ է առավել մտահոգիչ պատկերը ցույց տալիս։
2018-2025 թվականներին՝ 511 մահ
ՀՔԱՎ-ը համեմատել է 2010-2017 և 2018-2025 թվականների տվյալները՝ առանձնացնելով մարտական և ոչ մարտական պայմաններում գրանցված մահերը։
2010-2017 թվականներին ՀՀ և ԱՀ զինված ուժերում արձանագրվել էր 462 զինծառայողի մահ, որից 299-ը՝ ոչ մարտական պայմաններում։
2018-2025 թվականներին արձանագրվել է արդեն 511 մահ, որից 427-ը՝ ոչ մարտական պայմաններում։
Այսինքն՝ 2018-2025 թվականների ութ տարիների ընթացքում զինծառայողների մահերի ընդհանուր թիվը նախորդ ութ տարիների համեմատ աճել է շուրջ 11 տոկոսով, իսկ ոչ մարտական պայմաններում մահերի թիվը՝ 45 տոկոսով։
Այս տվյալները վկայում են, որ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում պահպանվում են համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։
Այս վիճակագրության մեջ ամենակարևոր բառը գուցե հենց «համակարգային»-ն է։ Որովհետև համակարգային խնդիրը մեկ մարդու սխալը չէ։ Այն այն իրավիճակն է, երբ նույն տեսակի վտանգները կրկնվում են՝ տարբեր զորամասերում, տարբեր տարիներին, տարբեր զինծառայողների հետ։
Երբ «ծառայության հետ կապված չէ»-ն դառնում է վիճակագրական փակուղի
Տարիներ շարունակ բարձրաձայնվում է նաև զինծառայողների մահերի՝ «զինվորական ծառայության հետ կապված» կամ «չկապված» դասակարգման խնդիրը։ ՀՔԱՎ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ դեռևս 2019 թվականին այն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ են ընկած այդ դասակարգումների հիմքում։ Պաշտոնական մարմինների պարզաբանմամբ՝ յուրաքանչյուր դեպքի դասակարգումը կատարվում է քննության արդյունքում հաստատված փաստերի հիման վրա՝ հաշվի առնելով դեպքի հանգամանքները և մահվան պատճառի կապը ծառայողական պարտականությունների կատարման հետ։
ՀՔԱՎ-ը պնդում է, որ զինված ուժերում մահերը պետք է դիտարկել երկու խոշոր խմբով՝ մարտական և ոչ մարտական, որովհետև անկախ նրանից՝ զինծառայողը մահացել է ծառայության վայրում, թե ոչ, յուրաքանչյուր մահ պետք է դիտարկվի պետության՝ մարդու կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորության տեսանկյունից։ Սա կարևոր տարբերակում է։
Եթե զինծառայողը մահացել է ավտովթարից, առողջական խնդրից, ինքնասպանությունից, սպանությունից կամ այլ ոչ մարտական հանգամանքներում, հարցը չպետք է ավարտվի «ծառայության հետ կապված չէր» արձանագրությամբ։ Պետք է հաջորդի մյուս հարցը՝ ի՞նչ էր արվել այդ մահը կանխելու համար։
Իսկ ի՞նչ է փոխվում յուրաքանչյուր մահից հետո
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ խաղաղ պայմաններում զինծառայողների մահերի կապակցությամբ կլինեն կադրային փոփոխություններ այն մարմիններում, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում խնդրի համար։ Նրա խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվում նաև Ռազմական ոստիկանությունում և բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ իր գնահատականը այն չէ, թե Գլխավոր շտաբի պետը կամ պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում խնդիրը լուծելու համար։
Կադրային փոփոխությունը, սակայն, ինքնին դեռ պատասխան չէ։ Որովհետև յուրաքանչյուր նոր մահից հետո պետության արձագանքը չպետք է սահմանափակվի միայն նրանով, թե ով պետք է հեռանա պաշտոնից։
Պետք է պարզ լինի՝
-
ինչն է ձախողվել,
-
որ կանխարգելիչ մեխանիզմը չի աշխատել,
-
ինչ ազդանշաններ են եղել մինչև դեպքը,
-
արդյոք դրանք արձանագրվել են,
-
ով է պարտավոր եղել արձագանքել,
-
ինչ է փոխվել նախորդ նման դեպքերից հետո,
-
և ամենակարևորը՝ ինչ է արվելու, որպեսզի հաջորդ ընտանիքը չստանա նույն զանգը։
Հակառակ դեպքում կադրային փոփոխությունը կարող է վերածվել միայն պատասխանատվության իմիտացիայի՝ առանց համակարգային փոփոխության։
Բանակը միայն զենքն ու սահմանը չէ
Զինված ուժերի անվտանգությունը սովորաբար չափվում է մարտական պատրաստվածությամբ, սպառազինությամբ, տեխնիկայով և սահմանային դիրքերի պաշտպանվածությամբ։ Բայց բանակի իրական անվտանգությունը նաև այն է, թե որքան անվտանգ է զինծառայողի կյանքը բանակի ներսում։
Եթե խաղաղ պայմաններում մահանում են տասնյակ զինծառայողներ, եթե դրանց մի զգալի մասը ինքնասպանության և սպանության դեպքեր են, եթե տարիների կտրվածքով ոչ մարտական մահերի թիվը աճում է, ապա խնդիրը միայն վիճակագրական չէ։ Այն վերաբերում է պետության ամենահիմնական պարտավորություններից մեկին՝ իր վերահսկողության տակ գտնվող մարդու կյանքի պաշտպանությանը։ ՀՔԱՎ-ի տվյալները ցույց են տալիս, որ 2018-2025 թվականներին զինված ուժերում արձանագրված 511 մահերից 427-ը՝ 84 տոկոսը, եղել են ոչ մարտական պայմաններում։ Սա այն թիվն է, որի կողքով այլևս հնարավոր չէ անցնել միայն հերթական պաշտոնական հաղորդագրությամբ։
Օգոստոսի 13-ին Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան հանգամանքները դեռ պետք է պարզվեն քննությամբ։ Հրազենային վնասվածքը ինքնին չի տալիս որևէ հիմք վերջնական եզրակացության համար՝ տեղի ունեցածի պատճառների կամ պատասխանատուների վերաբերյալ։ Բայց նրա մահը ևս մեկ անգամ ստիպում է նույն հարցը բարձրացնել.
Քանի՞ զինծառայողի մահից հետո բանակում կյանքի իրավունքի պաշտպանությունը կդառնա ոչ թե արձագանքող, այլ կանխարգելող համակարգ։
Գրիգոր Զաքարյանի մահվան պատճառները պետք է պարզի քննությունը։ Իսկ այն, թե ինչու են նման դեպքերը շարունակաբար կրկնվում, արդեն միայն մեկ քրեական վարույթի հարց չէ։ Դա պետական կառավարման, վերահսկողության և պատասխանատվության հարց է։ Եվ այս հարցի պատասխանը չի կարող սպասել հաջորդ մահվան:
