Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/8/2026
share

Զբոսաշրջիկները շտապում են դեպի Էտնա լեռը՝ իտալական հրաբխի ժայթքման ֆոնին

Տեղի զբոսավարներին մտահոգում է զբոսաշրջիկների ձգտումը՝ տեսնելու Էտնա լեռան լանջերով հոսող լավան։

Էտնայի ժայթքող լանջերով հոսող լավայի տպավորիչ կադրերը զբոսաշրջիկների մեծ հոսք են գրավել դեպի իտալական հրաբուխը, ինչը մտահոգություն է առաջացրել տեղի զբոսավարների շրջանում։

Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Էտնան, արդեն մի քանի օր է, ինչ մոխիր ու լավա է ժայթքում, ինչի պատճառով ժամանակավորապես փակվել է հարևանությամբ գտնվող Կատանիայի օդանավակայանը, որը Սիցիլիա կղզի այցելող զբոսաշրջիկների համար հիմնական դարպասն է։

Գիշերային արշավներ կազմակերպող ընկերությունները, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին մոտիկից հետևել ժայթքմանը, հայտնում են, որ հեղեղված են զանգերով։

«Բոլորն ուզում են գալ և տեսնել լավայի հոսքը, բոլորին ձգում է այս եզակի գեղեցկությունը»,— չորեքշաբթի AFP-ին ասել է 41-ամյա տեղացի զբոսավար Դանիելե Պերիչելին։

Պերիչելիի «Guide Etna» խումբը ամեն երեկո մի քանի տասնյակ այցելուների է տանում հրաբխի մոտ, սակայն ներկայումս օրական ստանում է մոտ 300 հայտ, ինչը երեք անգամ շատ է սովորական ամառային օրերի համեմատ։

Մեկ այլ տեղացի զբոսավար՝ Էրնեստո Մարիա Մագրին, սա անվանել է «զբոսաշրջային ժայթքում», որը գրավում է «բազմաթիվ մարդկանց», քանի որ այն կարելի է դիտարկել հարաբերական անվտանգության պայմաններում։

Չնայած հրաբուխը հաճախ է ժայթքում, նրա խոսքով՝ տեղի բնակիչներից շատերը նույնպես բարձրանում են լավան տեսնելու և «համախմբվում են անկանոն ձևով»։

Զբոսավար վարձել չկարողացող կամ չցանկացող շատ այցելուներ ինքնուրույն են առաջ շարժվում։ Դա պոտենցիալ ռիսկային է, նշել է Պերիչելին՝ պարզաբանելով, որ հրաբուխն անկայուն է, և կարևոր է լինել մեկի հետ, ով կարողանում է «կարդալ» լեռը։

Անվտանգության մտահոգություններ

«Ամեն երեկո մինչև 2000 մարդ է բարձրանում, արահետները ծանրաբեռնված են»,— ասել է նա։ «Երեկ տեսանք մարդկանց, որոնք հողաթափերով էին»,— հավելել է նա՝ իշխանություններին կոչ անելով ավելի ուշադիր լինել։

Որոշ լեռնագնացներ, այդ թվում՝ իտալացի հեռուստահաղորդավարուհի Դիլետա Լեոտան, քննադատության են ենթարկվել սոցիալական ցանցերում՝ շիկացած լավային չափազանց մոտ լուսանկարվելու համար։

Այնուամենայնիվ, զբոսավարներն ասում են, որ հնարավոր է մոտենալ հրաբխային հոսքին մի քանի մետր հեռավորության վրա ավելի ցածր բարձրության վրա գտնվող հատվածներում, որտեղ այն արդեն սառչել է։

Գործող կանոնների համաձայն՝ այցելուները կարող են ինքնուրույն բարձրանալ մինչև մոտ 2,400 մետր բարձրություն, սակայն ավելի վերև բարձրանալու համար նրանց պետք է ուղեկցի զբոսավարը։ Լեռան գագաթը գտնվում է 3,324 մետր բարձրության վրա։

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը Էտնայի համար հայտարարել է «դեղին» նախազգուշացում (չորս աստիճանով սանդղակում երկրորդը՝ կանաչից կարմիր), ինչը ենթադրում է հաճախակի ժայթքումներ և հնարավոր պայթյուններ։

Մոխրի արտանետումների պատճառով Կատանիայի օդանավակայանը վերջին օրերին պարբերաբար դադարեցրել է չվերթները․ իտալական ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ հայտնում են, որ շաբաթ օրվանից ի վեր հարյուրավոր չվերթներ են չեղարկվել։

Օդանավակայանի օպերատորը չորեքշաբթի հայտնել է, որ ժամանումներն ու մեկնումները կասեցված կմնան մինչև հինգշաբթի՝ տեղական ժամանակով 16:00-ն:

2024 թվականին Կատանիայի միջազգային օդանավակայանով, որն սպասարկում է Սիցիլիայի արևելյան հատվածը (Իտալիայի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը), տեղափոխվել է մոտ 12 միլիոն ուղևոր․ AFP

facebook sharing button facebook