
Վանաձորի բնակիչ էկոակտիվիստ Վարդուհի Անանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փամբակ համայնքում վերսկսված հանրային լսումներին ՝ հիշեցնելով, որ դեռ 2021 թվականին տեղի բնակիչները տապալել էին հանրային լսումները և հստակ դեմ արտահայտվել հանքարդյունաբերությանը ասել է նա մանրամասնելով
«Երեկվա օրն էլի հանքային էր։
Դեռ 2021 թվականին, երբ Դեբետը, Եղեգնուտն ու Վահագնին դեռ Փամբակին խոշորացված չէին, իսկ հանքարդյունաբերության թիրախում էին նաև Մարգահովիտն ու Վահագնաձորը, բնակիչներն իրենց հստակ դեմ դիրքորոշումն էին հայտնել՝ հանքային-հանրային լսումներն իրենց բնակավայրերում տապալելով։
Տարիներ անց նորից մեկ այլ հանքարդյունաբերողի հետաքրքրել է այս հատվածը, որտեղ այս ամբողջ ընթացքում ներդրումներ են արվել կրթության, կանաչ գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։
Տարօրինակն այն էր, որ բնակավայրերում կանայք գրեթե ներգրավված չէին հանրային լսումներին։ Ներկա էին մի քանի տղամարդիկ միայն, որոնց, ամենայն հավանականությամբ, աշխատանք էին խոստացել։ Հյուրատներում էլ՝ հյուրեր՝ հանքի աշխատակիցների տեսքով։ Ու զբոսաշրջության նոր տեսակ, որտեղ զբոսաշրջիկները ոչ թե իրենք են ընտրում այդտեղ հանգստանալ, այլ նրանք են ընտրում՝ թե ով գա հանգստանալու։
Ճնշողն այն էր, որ ամբողջական ինֆորմացիան բացահայտելու համար մի քանի բնապահպաններով ու զբոսաշրջության ոլորտի մասնագետներով էինք հարցադրումներ անում, բայց ամեն տեղ համայնքապետը փորձում էր հնարավորինս արագ ամփոփել ու հաջորդ տեղ հասնել։ Չնայած հաջորդ տեղում մենք դեռ մեկ ժամ բակում սպասում էինք։
Իսկ հաջորդ տեղեր եկած քաղաքացիներին հարցնում էին՝ ինչո՞ւ են միայն այդտեղ եկել ու նախորդ վայրերում չեն եղել։
Տպավորություն էր, որ համայնքի ղեկավարը կողմ է երկրաբանական ուսումնասիրություններին։ Որպեսզի ինձ համար ավելի պարզ ու հստակ լինի՝ նույն հարցը մի քանի վայրում, իրարից փոքր-ինչ տարբեր ձևակերպումներով տվեցի՝ արդյոք ճիշտ է ձևավորված այն կարծիքը, թե համայնքապետը կողմ է ուսումնասիրություններին։
Եղեգնուտում վերջինս հստակ նշեց, որ իր դիրքորոշումը լինելու է բնակիչների դիրքորոշումը։
Ֆիքսենք սա, որ առաջիկա ավագանու նիստին իմանանք՝ ի վերջո որն է լինելու համայնքապետի դիրքորոշումը։
Իսկ թե մի բուռ խոշորացված Փամբակում քանի հանք կա ու վերջին տարիներին քանի հանքային լսում է տեղի ունեցել, արդեն գուգլելու թեմա է։
Զուգահեռ Փամբակ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում հանքարդյունաբերության զարգացումը որպես համայնքի զարգացման ուղղություն նշված չէ։ Փոխարենը ծրագրում խոսվում է գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման մասին, իսկ որպես սպառնալիք նշվում է նաև անտառային տարածքների ոչնչացումը
https://pambak.am/.../Projects/Tu2211151703258191_.pdf
Հ.Գ. Ինձ էլ մանիպուլացնելով փորձում էին համոզել, որ այն հեռախոսը, որից բոլորս օգտվում ենք, նույնպես վնասակար է։ Այո՛, հեռախոսների ու էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցության մասին քննարկումներ կան, բայց ծանր մետաղների արդյունաբերության հետ համեմատելը նույնը չէ․ հանքարդյունաբերության դեպքում խոսքը կարող է լինել հողի, ջրի ու օդի մեջ ծանր մետաղների և այլ աղտոտիչների երկարաժամկետ կուտակման, տարածման ու մարդկանց ու էկոհամակարգերի վրա ազդեցության մասին։
Այսինքն՝ «ամեն ինչ էլ վնասակար է» փաստարկը չի վերացնում վնասի չափի, տեսակի ու անդառնալիության հարցը»․ Վարդուհի Անանյան
Հիշեցնենք, որ 2026 թվականի օգոստոսի 11-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ, Դեբեդ և Վահագնի բնակավայրերում անցկացվել են հանրային լսումներ՝ Հանքաձորի հանքային դաշտի տարածքում երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար համայնքի նախնական համաձայնությունը ստանալու նպատակով։
Նախագիծը ներկայացրել է 2026 թ․ մարտի 30-ին գրանցված «ԲԱՐԻԲԱ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մուրադյանը՝ նշելով, որ աշխատելու են նոր տեխնոլոգիաներով, իսկ հետախուզման փուլում շրջակա միջավայրին վնաս չի պատճառվելու։
Եղեգնուտում, Դեբեդում և Վահագնիում կայացած քննարկումների ընթացքում բնապահպանները, իրավապաշտպաններն ու տեղի բնակիչները մի շարք խնդրահարույց հարցեր են բարձրացրել։ Մասնավորապես, նշվել է, որ մարզի հանքարդյունաբերական մյուս բնակավայրերում (Ախթալա, Շամլուղ, Քարաբերդ) արտագաղթը մեծ թիվ է կազմում, իսկ զբոսաշրջությունը չի զարգանում։
